accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Ներառական կրթություն․ սկսենք մանկապարտեզից

0

Նախադպրոցական ներառական կրթություն է իրականացվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 6 մանկապարտեզում:

«Ընտրվել են այն մանկապարտեզները, որոնց պայմանները բավարարել են ներառական կրթություն իրականացնելու համար: Երեխաների հետ աշխատում են լոգոպեդ և հոգեբան: Հնարավորության սահմաններում ապահովել ենք նաև ֆիզիկական մատչելիությունը»,- Disabilityinfo.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի մասնագետ Ռուզան Սամվելյանը:

Ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով քաղաքապետարանն իրագործում է համագործակցային ծրագրեր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Վորլդ վիժըն», «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունների, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի, ինչպես նաև այլ կազմակերությունների հետ:

«Քաղաքապետարանն իրականացնում է փորձնական ծրագիր ներառական նախադպրոցական կրթության ոլորտում: Մենք այդ փորձն ուսումնասիրում ենք և ուզում ենք, որ Հայաստանի բոլոր մանկապարտեզները լինեն ներառական, հասանելի բոլոր երեխաների համար, որ երեխան չհասնի վեց տարեկան և գնա դպրոց, հետո մտածենք՝ ինչպես ինտեգրել նրան հասարակությանը»,- նշում է «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանը:

Ներկա պահին «Սեյվ դը չիլդրեն»-ը Հայաստանի կրթության և գիտության նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ ներառական նախադպրոցական կրթության փորձնական ծրագիր է իրականացնում Լոռու մարզի Ջրաշեն, Լեռնավան, Շամլուխ և Գեղարքունիքի մարզի Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ գյուղական համայնքներում:

«Այն գյուղական համայնքներն են, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո նախադպրոցական հաստատություններ չեն գործել: Երեք տարի առաջ նախադպրոցական կրթական հաստատություններ ենք հիմնել նաև Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վարդենիկ համայնքներում: Հիմա աշխատանքներ են կատարվում դրանք նույնպես ներառական դարձնելու համար»,- մեզ հետ զրույցում ասում է «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության կրթության հարցերով պատասխանատու Իռեն Սարգսյանը:

Լոռու և Գեղարքունիքի մարզերի համայնքների մանկապարտեզները հունվարի 1-ից պետության կողմից ֆինանսավորվելու են ըստ երեխաների թվաքանակի, ինչպես դպրոցների պարագայում:

«Այցելել ենք նաև Երևանի այն մանկապարտեզները, որոնք ներառական են կոչվում: Բացի լոգոպեդից, ոչ մի մասնագետ չունեն, եղած աշխատակիցներն իրենց վստահ չեն զգում երեխաների հետ աշխատելիս: Ներառական նախադպրոցական հաստատությունը պետք է ունենա հատուկ մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ և սոցիալական աշխատող, որպեսզի կարողանա համապատասխան ծառայություններ մատուցել երեխաներին»,- պարզաբանում է Իռեն Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ նախադպրոցական հաստատությունները ներառական դարձնելու ճանապարհին պետք է իրականացվեն բազմաթիվ աշխատանքներ՝ բազմամասնագիտական թիմի առկայություն, աշխատակիցների վերապատրաստում, հաստատությունների ֆիզիկական մատչելիության ապահովում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական ակտի առկայություն:

«Պետք է ստեղծվի օրենսդրական ակտ, որպեսզի ըստ դրա իրականացվեն բյուջետային հատկացումներ: Մենք գիտենք՝ ինչպես է ֆինանսավորվում ներառական դպրոցը, բայց նախադպրոցական հաստատությունների պարագայում գոյություն չունի նման բան, քանի որ չկա համապատասխան օրենսդրական կարգավորում»,- եզրափակում է Սարգսյանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.