accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Աբովյանի քաղաքապետ. «Կարևոր է, որ երեխաներս նորմալ մթնոլորտում սովորեն»

0

Ինչպիսի՞ն են Հայաստանի քաղաքները հաշմանդամություն ունեցող անձանց համար, որքանո՞վ են դրանք մատչելի, և թե ի՞նչ պայմաններ են ստեղծված և ստեղծվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանը ներառելու համար` սա կախված է նաև նրանից, թե քաղաքի ղեկավարներն ի՞նչ անհատական վերաբերմունք և մոտեցում ունեն այս հարցում:

Disabilityinfo.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ:

- Ունե՞ք հաշմանդամություն ունեցող ընկերներ կամ ծանոթներ, մանկության տարիներին ունեցե՞լ եք դասընկերներ:

- Իմ շրջապատում հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ են` թե´ հարևաններ, թե´ բարեկամներ, թե´ ընկերներ: Իհարկե, նրանց հետ շփում ունեմ:

- Ի՞նչ դժվարությունների են նրանք հանդիպել կամ հանդիպում առօրյա կյանքում:

- Նրանց ունեցած խնդիրները բազմազան են` սոցիալական, աշխատանքի տեղավորման, տեղաշարժման: Նրանք վարչական, մշակութային նշանակության շենքեր մուտք գործելու խնդիր ունեն:

 – Ձեր կարծիքով` հիմնականում ինչի՞ կարիք ունեն հաշմանդամություն ունեցող անձինք Աբովյանում:

- Հաշվի առնելով, որ հաշմանդամության բազմաթիվ տեսակներ կան, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, իմ կարծիքով, պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի: Պետք է մեր քաղաքը հարմար լինի նրանց տեղաշարժման համար, պետք է հնարավորություն ունենանք աշխատատեղեր ստեղծելու: Կուզենայի նշել, որ «Սեյվ դը չիլդրեն»-ի հետ համագործակցության շրջանակներում նախատեսում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատատեղերի հարցին լուծումներ տալ: Մեզ մոտ՝ քաղաքապետարանում, առաջիկայում աշխատանքի հնարավորություն կստանան 15 հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ: Քաղաքապետարանի շենքի մուտքը դեռ մատչելի չէ, բայց ծրագրում ենք հաջորդ տարի թեքահարթակ կառուցել: Նշեմ, որ քաղաքապետարանում մտադիր ենք «մեկ պատուհանի» սկզբունքը ներդնել, ինչն արդյունավետ քայլ կլինի նաև այն քաղաքացիների համար, ովքեր տեղաշարժման դժվարություն ունեն: Նրանք երկրորդ հարկ բարձրանալու խնդիր այդ դեպքում չեն ունենա:

Առաջիկայում ո՞րն է ամենակարևոր հարցը, որ պատրաստվում եք լուծելու:

- Քաղաքային պոլիկլինիկայի շենքը վերակառուցվում է, ու հիմա շինարարական եռուն աշխատանքներ են իրականացվում: Այնտեղ նախատեսված է թեքահարթակների կառուցումը: Արդեն նշեցի, որ ինչ-որ չափով կփորձենք լուծել նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորման հարցը:

- Ինչ եք կարծում, Աբովյանը մատչելի՞ է տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց համար:

- Մեր քաղաքի ճարտարապետի հետ բազմիցս շրջել ենք փողոցներում, և արդեն տեղերը նշել ենք, թե որտեղ պետք է թեքահարթակներ ունենանք: Բացի մեր շրջայցից, սայլակ օգտագործող մի քանի բնակչի հետ եմ խոսել, որպեսզի նրանց օգնությամբ հասկանանք, թե որտե´ղ են նրանք խոչընդոտների հանդիպում, ու որտեղ պետք է թեքահարթակներ լինեն: Նրանց հետ մոտ օրերս կշրջենք քաղաքում, որովհետև նրանցից ավելի լավ մեզ որևէ մեկը չի կարող ասել, թե իրենք որտեղ թեքահարթակի կարիք ունեն:

- Մոտ մեկ ամիս է, որ քաղաքի կենտրոնական խաչմերուկի լուսակիրները փոխվել են, ու նաև վայրկենաչափ կա, ինչը նախկինում չկար: Նախատեսո՞ւմ եք դրանց ձայնային ազդանշան ավելացնել:

- Նոր լուսակիրների թիվը կավելանա քաղաքում, հները կփոխարինվեն նորերով: Երկու խաչմերուկում նախատեսել ենք ձայնային ազդանշան ունեցող լուսակիրներ տեղադրել: Հիմա հաշվարկներ ենք կատարում, որ գիշերային ժամերին, երբ այդ խաչմերուկներում ծանրաբեռնվածությունը նվազում է, հետիոտնը հատուկ կոճակի օգնությամբ կարողանա կարգավորել լուսակիրը և, կարմիր լույսը փոխելով կանաչի, կարողանա անցնել: Հիմա աշխատանքներն ընթանում են, ու նախատեսում ենք մինչև 2016 թվականն ավարտին հասցնել ծրագիրը:

- Ի՞նչ ակնկալիքներ ունենան աբովյանցիները տրանսպորտի մատչելիության մասով:

- Միջքաղաքային տրանպորտի մասին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ մեր ենթակայության տակ չեն: Ներքաղաքային տրանսպորտի հարցն իրոք արդիական է Աբովյանում: Նոյեմբեր ամսին մրցույթ ենք անցկացնելու ներքաղաքային տրանսպորտի հարցը կարգավորելու համար: Գիտեք, դժվար կլինի տնտեսավարողին հարմարեցված ներքաղաքային տրանսպորտային միջոցի շահագործման պահանջ ներկայացնել:

- Կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաները հաշմանդամություն ունեցող երեխայի հետ հաճախեն  նույն մանկապարտեզը կամ սովորեն նույն դպրոցում:

- Բարդ հարց է, գիտեք: Դժվար է ասել: Իմ առաջ խնդիր չեմ դրել, թե երեխաներս ում հետ սովորեն դպրոցում: Ինձ համար կարևոր է, որ նրանք նորմալ մթնոլորտում սովորեն, բանիմաց ու գրագետ ուսուցիչներ ունենան, դասարանում էլ նորմալ մթնոլորտ լինի: Ինձ համար կարևոր է, որ երեխաս նորմալ գիտելիքներ ստանա: Ինձ համար գուցե խնդիր լինի, երբ երեխաս հաշմանդամություն ունեցող դասընկեր ունենա, որովհետև եթե տեսնի, որ դասարանում մեկն իրեն վատ է զգում, օրինակ` էպիլեպսիայի դեպքում, գուցե ազդի երեխայիս վրա: Դժվար է ասել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.