accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Արթիկի քաղաքապետ. «Եթե միջոցառում է տեղի ունենում քաղաքում, իմ պարտքն եմ համարում հրավիրել հաշմանդամություն ունեցող երեխաների»

0

Ինչպիսի՞ն են Հայաստանի քաղաքները հաշմանդամություն ունեցող անձանց համար, որքանո՞վ են դրանք մատչելի և թե ի՞նչ պայմաններ են ստեղծված և ստեղծվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանը ներառելու համար` սա կախված է նաև նրանից, թե քաղաքի ղեկավարներն ի՞նչ անհատական վերաբերմունք և մոտեցում ունեն այս հարցում: Disabilityinfo.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյան հետ։

- Ունե՞ք հաշմանդամություն ունեցող ընկերներ կամ ծանոթներ, մանկության տարիներին ունեցե՞լ եք դասընկերներ:

- Դպրոցական տարիներին հաշմանդամություն ունեցող դասընկեր ունեի: Երբ նա եկավ մեր դասարան, այն ժամանակ ընդունված վերաբերմունքը գերակշռող էր նրա հանդեպ` որպես հաշմանդամություն ունեցող երեխայի, գումարած նաև այն, որ եկել էր ուրիշ դպրոցից: Հետագայում շփումների արդյունքում պարզվեց, որ հոյակապ հատկանիշներ ունի, մեր բազմաթիվ համադասարանցիներից ավելի խելացի է, շատ հարցերում ավելի գիտակ, պատրաստակամ և այլն: Բայց, ցավոք, անբուժելի հիվանդություն ուներ, և մի քանի տարի անց մենք կորցրինք մեր ընկերոջը: Բայց անզգույշ արած ու չարած մեղքերի համար ցավում եմ, ու էդ դրոշմը ամբողջ տարիների ընթացքում ինձ հետ գալիս է:

- Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել քաղաքը մատչելի դարձնելու համար:

- Ընդհանուր, մարզում կան 2 հատուկ դպրոցներ, որոնցից մեկը գործում է Արթիկում: 1-ին հատուկ դպրոցը հովանավորների պակաս չունի: Մենք պլանավորել էինք երկհարկանի մասնաշենքում վերելակ կառուցել, բայց քննարկումների արդյունքում հօգուտ թեքահարթակների որոշում կայացվեց: Քաղաքային զբոսայգում և մշակույթի տան մուտքի մոտ կառուցվեցին թեքահարթակներ: Բայց մենք անպայման էդ վերելակն էլ կունենանք:

- Արթիկի քաղաքապետարանի մուտքը ևս հարմարեցված չէ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց: Պատճառը ո՞րն է:

- Մենք մոտ մեկ ամիս առաջ այդ հարցին նորից անդրադարձանք: Շենքը 40 տարի առաջ կառուցված քաղկոմի խորհրդի շենքն է, ոչ մի առումով հարմարեցված չէ: Առայժմ գոնե շենքի առաջին հարկի ընդհանուր բաժինը, որտեղ քաղաքացիների ընդունելության սրահն է, փորձում ենք հարմարեցնել: Քաղաքապետարանի շենքին հարակից սեփականատեր կար, նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ նրա տարածքը մասնակի օգտագործելով` ունենանք թեքահարթակ քաղաքապետարանին մոտենալու համար: Եթե այս տարի չկարողանանք, մյուս տարի կունենանք քաղաքապետարան մտնող թեքահարթակը:

- Քաղաքապետարանում կամ Ձեր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում արդյոք աշխատո՞ւմ են հաշմանդամություն ունեցող անձինք:

- Քաղաքապետարանում աշխատողներ չունենք, բայց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մեր հրշեջ-փրկարարական ջոկատում հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ ունենք: Մեր զբաղվածության կենտրոնին ես խնդրել էի, որ եթե իրենց մոտ կան աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունեցողներ, մեզ տեղյակ պահեն, քանի որ մտածում ենք քաղաքային զբոսայգու թեքահարթակի հարևանությամբ պաղպաղակի կամ երեխաներին հետաքրքրող մանրածախ առևտուր իրականացնել: Մի երիտասարդ կար, որն ուզում էր աշխատել, բայց հետո հրաժարվեց: Համենայնդեպս, այդ աշխատատեղը կա, և եթե որևէ հաշմանդամություն ունեցող անձ ցանկանա աշխատել, մենք կտրամադրենք:

- Մարզական, մշակութային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանն ուղղված ի՞նչ ծրագրեր եք իրականացրել:

- Ես նախկինում սոցիալական ոլորտում եմ աշխատել, և թե՛ նախկին աշխատանքի բերումով, թե՛ հիմա, որպես քաղաքապետ, անընդհատ շփման մեջ եմ հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Կարծում եմ` խնդիրների լուծման առումով շատ կարևոր է, որ նրանք ներգրավված լինեն քաղաքի մարզական, մշակութային կյանքում: Եթե որևէ միջոցառում է տեղի ունենում քաղաքում՝ թատերական ներկայացում կամ համերգ, իմ պարտքն եմ համարում հրավիրել հաշմանդամություն ունեցող երեխաների, եթե, իհարկե, նրանք ցանկանում են ներկա լինել:

- Կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաները սովորեն հաշմանդամություն ունեցող երեխայի հետ նույն դպրոցում։

- Դա ոչ թե ցանկալի է, այլ ես կարծում եմ` անհրաժեշտություն է: Ինչի համար ես իմ օրինակը բերեցի, որ էդ դրոշմը իմ ամբողջ կյանքում տանում եմ ինձ հետ, և դա ինձ օգնում է լինելու ավելի ճիշտ ու ավելի նրբանկատ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.