accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Արփինե Մինասյան

Մարզային թղթակից

Եվս մեկ միավորում` սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար

0

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների նորաստեղծ ասոցիացիան կհամախմբի ու կաջակցի սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող հայաստանյան հասարական կազմակերպություններին և փոքր ու միջին ձեռնարկատերերին: Այս տարվա օգոստոսին արդարադատության նախարարությունում գրանցված իրավաբանական անձանց միության կարգավիճակ ունեցող այս ասոցիացիան իրականություն է դարձել «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Բրիտանական խորհուրդը` «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ», «Գրանթ Թորնթոն» և «Թոմսոն հիմնադրամ» գործընկերների հետ մեկտեղ:

Ինչպես նշում է «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ջոն Ռայթը` մեկ տարվա ընթացքում դասընթացներ են անցկացրել մարզային շուրջ 50 ՀԿ-ների համար: Ծրագրի ավարտին միայն 5 մարզի 7 հասարակական կազմակերպություն է սոցիալական ձեռնարկատիրությունների ասոցիացիայի ստեղծման գաղափար հայտնել: Դրանք են` Գեղարքունիքի մարզի «Սևան երիտասարդական ակումբ», Սևանի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Պրոգրես» և «Երիտասարդ Տավուշ», Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Երիտասարդ սերունդ», ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավտոմոտոսիրողների բարի երթ» ՀԿ-ները:

«Նպատակն է տարածել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը, նպաստել դրա զարգացմանը, որ ավելի շատ մարդիկ զբաղվեն այս ոլորտով: Երբ այն կայանա իր տեսակի մեջ, կկարողանա կառավարության հետ երկխոսություն ծավալել Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների զարգացման համար օրենսդրական բարենպաստ դաշտ ստեղծելու նպատակով»,- ասում է Ջոն Ռայթը` ներկայացնելով նաև Մեծ Բրիտանիայի փորձը այս ոլորտում: Այնտեղ սոցիալական բազմաթիվ ձեռնարկություններ են գործում` ապահովելով տնտեսական աճ:

Սաթիկ Բադեյանը

Լուսանկարում՝ Սաթիկ Բադեյանը

Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը, ով նաև Սևանի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավարն է, նշում է. «Կայուն զարգացման և ռեսուրսների կառավարման տեսանկյունից հասարակական կազմակերպությունները բազմաթիվ խնդիրներ ունեն: Մենք որդեգրեցինք նորարարական գաղափար` ստեղծել սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա, որը կնպաստի հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունությանը: Հայաստանում գնալով կրճատվում են դոնորական ռեսուրսները: Սա նաև համայնքներում գործող հասարակական կազմակերպություններին հնարավորություն է տալիս չհարմարեցնել իրենց ծրագրերը դոնոր կազմակերպությունների ծրագրերին: Ասոցիացիան նպաստելու է քաղաքացիական հասարակության զարգացմանը, տարածելու է սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը Հայաստանում, աջակցելու է սոցիալական ձեռնարկությունների ստեղծմանը»:

Ասոցիացիայի օժանդակությամբ ՀԿ-ների կողմից կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ, որոնցից ստացված ֆինանսական ռեսուրսները կներդրվեն ՀԿ-ների զարգացմանը, ծրագրերի իրականացմանը: Այս կառույցը մարզային ՀԿ-ների համար դասընթացներ կանցկացնի, խորհրդատվություն կտրամադրի և համայնքային ՀԿ-ների ու դրամաշնորհային կազմակերպությունների միջև կապող օղակ կհանդիսանա:

Ասոցիացիայի հիմնադիրներից միայն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպությունն է զբաղվում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով: Կազմակերպության ղեկավար Անուշ Ասլանյանի խոսքով` սոցիալական ձեռնարկություն ստեղծելու գաղափար են մշակել, ստեղծելու են համակարգչային ծառայությունների մատուցման կենտրոն, որտեղ կաշխատեն հաշմանդամություն ունեցող անձինք: Այն իրականություն կդառնա 2016 թ.:

«Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան կնպաստի հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ, որում կներգրավվի խոցելի խավը, օրինակ` կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց գործատուները խուսափում են աշխատանքի ընդունելուց: Այդպես գոնե չնչին տոկոսով կնվազի գործազրկությունը: Ինչքան շատ ՀԿ-ներ միանան մեզ, այնքան ավելի հեշտ կիրագործենք մեր ծրագրերը և կհասնենք մեր նպատակներին»,- ասում է Անուշ Ասլանյանը:

Ասոցիացիայից 2 ամիս առաջ էլ ստեղծվել էր սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցը` ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող և «Սեյվ դը չիլդրենի» (Save the Children) կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ցանցը կոչված է խթանելու Հայաստանի ողջ տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երիտասարդների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև նպաստելու նրանց կարողությունների զարգացմանը և շահերի պաշտպանությանը: Ցանցի անդամներն են հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, առաջատար սոցիալական ձեռնարկություններ, կայացած բիզնես կառույցներ:

Ջոն Ռայթը

Լուսանկարում՝ Ջոն Ռայթը

Disabilityinfo-ն Ջոն Ռայթից հետաքրքրվեց, թե ինչո՛ւ չեն միավորվել մեկ ցանցում:

«Սեյվ դը չիլդրենին» ավելի շատ հետաքրքրում է փոքր բիզնես ստեղծելը, որը մարդկանց դուրս կբերի աղքատությունից: Ես կարծում եմ, որ այն ոչ պաշտոնական ցանց է: Ինչ վերաբերում է այս ասոցիացիային, այն լիովին հայկական է, ստեղծված չէ ո՛չ Եվրամիության, ո՛չ Ջոն Ռայթի, ո՛չ էլ Բրիտանական խորհրդի կողմից: Սրա ստեղծման ակունքներում կանգնած են հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Երկու դեպքում էլ հավանաբար նույն բանն է, փորձ է արվում, որ մարդիկ լավ բան ստեղծեն»,-ասում է Ջ. Ռայթը:

Նրա խոսքով` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը երկար ժամանակ քննարկման փուլում է, հիմա էլ` նախագահականում, ևս կնպաստի ՀԿ-ին` սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում:

Մեկ ընդհանուր ցանցի շուրջ միավորվելու մասին հարցով դիմեցինք նաև «Սեյվ դը չիլդրենի» կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովային: Նրա ներկայացմամբ` այս պահին ցանցը միավորում է 18 սոցիալական ձեռնարկություններ, որոնք ստեղծվել են ինչպես ՀԿ-բիզնեսի, բիզնեսի, ՏԻՄ-երի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և 5 գործատուների համագործակցության արդյունքում: Համագործակցության, այնպես էլ միայն ՀԿ-ների կողմից և 5 գործատու: Ջինա Սարգիզովան նշում է, որ ցանցի անդամների թիվը վերջնական չէ, քանի որ ամեն օր նոր դիմումներ են ստանում նոր կազմակերպությունների ներառման վերաբերյալ:

Մեր այն հարցին, թե ինչո՛ւ սոցիալական ձեռնարկությունների ցանցը և նորաստեղծ ասոցացիան չեն միավորվել, Ջինա Սարգիզովան ասում է.

Ջինա Սարգիզովա

Լուսանկարում՝ Ջինա Սարգիզովան

«Սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցը ստեղծվել է 2015 թվականի հունիսին «Life» ծրագրի գործընկերների՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմախնդիրներով մտահոգված ՀԿ-ների և բիզնես կառույցների նախծաձեռնությամբ: Ցանցը նպատակ ունի նպաստել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երիտասարդների կենսամակարդակի բարելավմանը, նրանց զբաղվածության խթանմանը և Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության մոդելի տարածմանը: «Սեյվ դը չիլդրեն»-ը չի կարող դառնալ տեղական հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված ասոցիացիայի անդամ։ Իսկ ցանցի անդամ կազմակերպություններից յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի` ասոցիացիայի անդամ դառնա՞լ, թե՞ ոչ: «Սեյվ դը չիլդրենը» ընդամենը հարթակ է տրամադրում այն կազմակերպություններին, որոնք որոշել են դառնալ ցանցի անդամ, և «Սեյվ դը չիլդրենը» ցանցի անդամ է մյուսների հետ հավասար, որեւէ ղեկավար դեր չի ստանձնում»:

Մեր այն հարցին, թե արդյոք ընդհանուր ցանցում, որում ընդգրկված են տարբեր կազմակերպություններ, չե՞ն անտեսվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և նրանց աշխատանքային կարիքները, Սարգիզովան պատասխանում է.

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները չեն կարող անտեսվել այդ մեծ ցանցում, քանի որ այն ի սկզբանե ստեղծվել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում հիմնված 18 սոցիալական ձեռնարկությունների կողմից, որոնց հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրը լուծելն է: Հետագայում ցանցին միացել է նաև «Օքսիջեն» կազմակերպությունը, որի հիմնական նպատակը կանանց և երիտասարդների զբաղվածության խնդրի  լուծումն է: Տեղեկացնեմ նաև, որ արդեն 22 կոոպերատիվ «Օքսիջեն» կազմակերպության հետ միացել են Ցանցին, և հիմա խոսքը 40 կազմակերպության մասին է»:

Առաջին երկու լուսանկարները՝ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.