accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

«Ցանկացած խոցելի խումբ, որը սպասում է, արդյունքի չի հասնում»

0

Ֆիզիկական, մտավոր ու հոգեկան դժվարությունների, ամենապարզ հարբուխից մինչև ավելի բարդ հիվանդությունների ժամանակ հաճախ վերջինը, ում մարդիկ դիմում են Հայաստանում, բժիշկն է: ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Աննա Ոսկանյանը կարծում է, որ սոցիալական աշխատողների պարագայում տեղի է ունենում ճիշտ նույնը` աշխատանքային ոլորտի ու բնույթի տարբերությամբ: Պատճառները շատ են` անտեղյակությունից մինչև սոցիալական աշխատողի դերի թյուրըմբռնում ու հիմնախնդրի կոնսերվացում:

Սոցիալական աշխատողը գիտնական և պրակտիկ մասնագետ է միաժամանակ, ում ուսումնասիրության առարկան սոցիալական հիմնախնդիրներն են, ոլորտը` հասարակական հարաբերությունները, նպատակը` լուծումը, իրազեկումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Մասնագիտության հիմնաքարային կետը մարդու իրավունքի իրականացումն է, երբեմն էլ` իրազեկումը:

«Ոչ բոլոր մարդիկ են գիտակցում, որ իրենք ունեն կյանքի հմտությունների պակաս, որը կարելի է լրացնել: Հաճախ չեն հասկանում, որ իրենք ենթարկված են կամ ենթարկում են բռնության: Շատ դեպքերում, մշակութային տեսանկյունից, խնդիրները մարդկանց համար ընդունելի են, նրանք հարմարվում են այդ իրավիճակին»:

Նպաստ բաժանողից մինչև լուրջ մասնագետ` սոցիալական աշխատողի կերպարն ու ընկալումը, ըստ Աննա Ոսկանյանի, կախված է միայն վերջինիս որակյալ աշխատանքից:

Սոցիալական աշխատանքի ամրագրված արժեքներից մեկն անձի յուրահատկությունն է, անհատական մոտեցումը: Հիմնախնդիրների, արժեքների ու իրավիճակի վերագրումն ազգին կամ ողջ հասարակությանը ճիշտ չէ նախ մարդկային, ապա` մշակութային տեսանկյունից:

«Եթե նույնիսկ կան ընդհանուր մշակութային հատկություններ կամ խոցելի խմբի տիպիկ հիմնախնդիրներ, սոցիալական աշխատանքի մեջ դիտվում է տիպիկ հիմնախնդրի անհատական արտահայտում, արձագանքի իրականացում` անհատական սկզբունքով: Մենք միատարր ենք ազգային տեսանկյունից, սակայն տնտեսական, մշակութային տեսանկյունից բավական տարբեր խմբեր կան: Կան այնպիսիք, ովքեր գիտակցում են հիմնախնդրի առկայությունն ու լուծման անհրաժեշտությունը, կան, իհարկե, ավելի պահպանողական խմբեր, որտեղ խիստ խուսափում են ցանկացած տեսակի միջամտությունից, ցանկացած օգնող մասնագետից` հոգեբանից, իրավապահ մարմիններից…»

Խնդրի ինքնալուծման ձախողումից առաջացած բացասական փորձառությունը հանգեցնում է անօգնականության ու անելանելիության: Տեսաբան Սելիգմենն այսպիսի իրավիճակը սահմանել է որպես ձեռքբերովի անօգնականության երևույթ: Սեփական կյանքը կառավարելու ռեսուրսների և ունակությունների բացակայության համոզմունքն առկա է նաև հայ հասարակության մեջ:

«Հաճախ մարդիկ ոչ թե չեն կարող լուծել իրենց հիմնախնդիրը, այլ նույնիսկ չեն էլ փորձում, քանի որ կա ներքին համոզմունք, որ հիմնախնդրի լուծումն անհնար է: Երբեմն սոցիալական աշխատողները սկզբից ստիպված են քաջալերել, շահագրգռել լուծել սեփական հիմնախնդիրը, մոտիվացնել մարդուն, որից հետո միայն աջակցել հիմնախնդրի լուծմանը»:

Խոցելի խմբերը բնորոշ են բոլոր հասարակություններին, որոնք միմյանցից տարբերվում են որոշ առանձնահատկություններով` հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, երեխաներ, տարեցներ, անապահով ընտանիքներ, այսօր` ներգաղթյալներ, փախստականներ Սիրիայից և այլն:

Հաշմանդամություն ունեցող անձինք դասական խոցելի խմբերից են: Անձի կամ խմբի խոցելիությունը կախված է ոչ միայն անհատից, այլ նաև` հասարակության վերաբերմունքից ու միջավայրից:

«Հայաստանյան իրականության մեջ լուրջ և արտահայտված խտրականություն կա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Շրջակա միջավայրը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, կա խտրականություն ընտանիքի կողմից. հաճախ չեն ուզում տեսնել, քողարկում են: Դիմացինի հանդեպ հասարակ հարգանքն ամենաբարդ խնդիրներից է Հայաստանում: Մենք կարծրատիպային ենք. մարդն անպայման պետք է ինչ-որ ֆունկցիա ունենա, եթե ունի` լավն է, եթե չունի` ոչ: Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ավելի շատ պայքարեն, պահանջեն, քան սպասեն: Ցանկացած խոցելի խումբ, որը սպասում է, արդյունքի չի հասնում»:

Աննա Ոսկանյանի կարծիքով` Հայաստանն ինքը խոցելի վիճակում է, որի մտահոգություններից մեկը սոցիալական հիմնախնդիրների տնտեսականացումն ու հարգանքի բացակայությունն է:

«Ես կողմնակից եմ այն բանին, որ մենք տարբերակենք տնտեսական և ոչ տնտեսական հիմնախնդիրները, որովհետև այսօր շատ տարածված է ամեն ինչը վերագրել տնտեսականին, բայց փորձը ցույց է տվել, որ շատ մեծ նշանակություն ունեն մարդկային հարաբերությունները, հարգանքը միմյանց իրավունքների հանդեպ: Այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են խտրականությունը, բռնությունը, անտեսումը, չունեն տնտեսական հիմքեր, անկախ հիմնախնդիրներ են: Տարբեր կառույցներում, ՀԿ-ներում ունենք սոցիալական աշխատող, սակայն չունենք միջին վիճակում գտնվող մարդու համար մասնագետ: Սոցիալական աշխատողները հիմնականում աշխատում են ամենաանապահով մարդկանց հետ, որը, իհարկե, արդարացված է կարիքավորությամբ, բայց կան մի շարք ոչ տնտեսական բնույթի հիմնախնդիրներ, որոնց սոցաշխատողը կարող է արձագանքել, բայց մարդը չգիտի, թե ո՛ւր պետք է գնա, որովհետև որտեղ գնում է, լսում է. «Գիտե՞ք, դուք տնտեսական առումով շատ ավելի ապահովված եք, անապահովները մեզ համար առավել կարևոր են»:

Սոցիալական աշխատանքի մեջ անհատի կամ խմբի պաշտպանությունից պակաս կարևոր չէ հենց սոցիալական աշխատողի պաշտպանվածությունը: Ամենասթրեսային աշխատանքներից մեկի նշանակալի պայմաններից մեկը մասնագետի ներդաշնակությունն ու հավասարակշռվածությունն է, որն իրականացվում է օգնող մասնագետի միջոցով: Ինչպես հոգեբանները, այնպես էլ սոցիալական աշխատողները պաշտպանում ու հոգ են տանում թե՛ հասարակության ու անհատների, թե՛ միմյանց համար` այսպիսով ապահովելով սոցիալական աշխատանքի արդյունավետությունն ու դրական արդյունքը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.