accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Արփինե Մինասյան

Մարզային թղթակից

«Եթե զգանք անհրաժեշտություն կա, մանկապարտեզների մոտ թեքահարթակներ կկառուցենք»

0

Ինչպիսի՞ն են Հայաստանի քաղաքները հաշմանդամություն ունեցող անձանց համար, որքանո՞վ են դրանք մատչելի, և թե ի՞նչ պայմաններ են ստեղծված և ստեղծվում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանը ներառելու համար` սա կախված է նաև նրանից, թե քաղաքի ղեկավարներն ի՞նչ անհատական վերաբերմունք և մոտեցում ունեն այս հարցում: Disabilityinfo.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի հետ:

- Ունե՞ք հաշմանդամություն ունեցող ընկերներ կամ ծանոթներ, մանկության տարիներին ունեցե՞լ եք դասընկերներ:

- Այո՛, ունեմ, շատ չեն: Մեկը ձեռքի խնդիր ուներ, եթե մարդը ձեռքի խնդիր ունի, բնականաբար, ամեն տեսակ խնդիրների էլ կառնչվի: Նա իմ դասընկերն է եղել, աշխատանքի առումով խնդիր չի ունեցել: Հիմա քաղաքապետարանում է աշխատում` որպես հաշվապահ:

- Ձեր կարծիքով` ինչի՞ կարիք ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ Ճամբարակում:

- Նրանց նկատմամբ լավագույն մոտեցում է պետք:

- Որպես քաղաքապետ` ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել քաղաքը մատչելի դարձնելու համար:

- Քաղաքապետարանի մոտ թեքահարթակ է կառուցված շատ գեղեցիկ: Դա շուտ էինք կառուցել, բայց մի 15 օր առաջ ձևափոխել ենք լավ տարբերակով: Սայլակով մարդիկ շատ հանգիստ կարող են քաղաքապետարան մուտք գործել:

Լուսանկարը՝ Արփինե Մինասյանի արխիվից

Ճամբարակի քաղաքապետարանի շենքը մինչև թեքահարթակի կառուցումը

- Եթե տեղաշարժման դժվարություն ունեցող մարդիկ մտնեն քաղաքապետարան, կարո՞ղ են բարձրանալ երկրորդ-երրորդ հարկ:

- Եթե անհրաժեշտություն լինի, հեռախոսի համարներով կզանգեն, համապատասխան աշխատողը կիջնի ու տեղում կճշտի, թե ի՛նչ խնդրով է նա եկել: Պարտադիր չէ, որ նման կարգի անձինք բարձրանան, ասենք, երրորդ հարկ: Եթե պետք լինի, ես ինքս կիջնեմ ու նրանց խնդիրները կլսեմ:

- Ճամբարակում մշակույթի վերանորոգված տուն չկա, և միջոցառումները քաղաքապետարանի դահլիճում են անցկացվում: Որքանո՞վ եք նպաստում միջոցառումներին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովմանը:

- Քաղաքապետարանի դահլիճը գտնվում է առաջին հարկում, և հնարավոր է, որ հենց սայլակով մարդիկ մտնեն դահլիճ:

- Դուք այդ միջոցառումներին հանդիպո՞ւմ եք հաշմանդամություն ունեցող մարդկանց:

- Ճիշտն ասած` չի եղել դեպք, որ միջոցառումներին նման կարգի մարդկանց հանդիպեմ: Բայց նաև խնդիր չեմ ներկայացրել, որ նման կարգի հաշմանդամները չեն կարողանում մասնակցել:

- Ճամբարակ քաղաքում հաշմանդամություն ունեցող շատերի՞ն եք ճանաչում:

- Որ ասեմ` շատերին, էդքան էլ չէ: Դե, գոնե, ասենք, 70 տոկոսին ճանաչում եմ:

- Որպես քաղաքապետ` առաջիկայում ի՞նչ խնդիր եք լուծելու նրանց համար:

- Հիմա նման կարգի մարդկանց մենք տարվա մեջ մի քանի անգամ դրամական օգնություն ենք տալիս։ Քանի որ չեն կարողանում աշխատել, միայն իրենց ստացած նպաստները չեն հերիքի, բնական է: Դրա համար էլ օգնություն ենք տալիս:

- Ի՞նչ քայլեր եք իրականացնում նրանց համար քաղաքում աշխատատեղ ստեղծելու ուղղությամբ:

- Դրա համար մենք ունենք հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով: Մենք չգործող մանկապարտեզի մի մասը տրամադրել ենք այդ կազմակերպությանը, որ իրենց գործունեությունը լիարժեք կարողանան իրականացնել: Այն ստեղծել են ճամբարակցիները:

- Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները որքանո՞վ են մատչելի, թեքահարթակներ կառուցվա՞ծ են:

- Ոչ բոլորը: Ասենք` գործող մանկապարտեզներում նման կարգի երեխաներ չունենք, որ սայլակով պետք է մանկապարտեզ հաճախեն։ Այդ խնդիրը չկար: Չունենք սայլակ օգտագործող երեխաներ, որոնց համար մանկապարտեզ կամ դպրոց հաճախելը, բնականաբար, մենք պիտի ապահովեինք: Մանկապարտեզների մոտ թեքահարթակներ կառուցված չեն: Եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, կկառուցենք:

- Այդ հաստատություններում հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատո՞ւմ են:

- Ո՛չ:

- Կցանկանայի՞ք, որ ձեր երեխաները կամ թոռները սովորեին հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:

- Ինչո՞ւ ոչ: Ես նաև համարում եմ, որ պետք է իրար հետ սովորեն, որովհետև պետք չի հաշմանդամություն ունեցող մարդկանց առանձնացնել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.