accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Հաշմանդամություն ունեցող կին առաջնորդների առաջին հավաքը

0

Գյումրում մեկնարկել է «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտ» (WILD` Women’s institute on Leadership and Disability) ծրագիրը՝ առաջնորդության դպրոց հաշմանդամություն ունեցող կանանց համար: Նման ծրագիր Հայաստանում իրականացվում է առաջին անգամ:

Տարիներ շարունակ այդպիսի առաջնորդության դպրոց կազմակերպել է «Մոբիլիթի ինթերնեշնլ» ընկերությունը՝ ԱՄՆ-ում համախմբելով հաշմանդամություն ունեցող 30 առաջնորդների աշխարհի տարբեր երկրներից: Ամերիկյան ծրագիրն ունեցել է շուրջ 200 շրջանավարտ, որոնցից էլ ընտրվել են այն 20 առաջնորդները, որոնք պիտի նույն ծրագիրն ավելի փոքր ձևաչափով իրականացնեն իրենց երկրներում: Նախկին ԽՍՀՄ երկրներից ընդգրկված է միայն Հայաստանը:

Ծրագիրը կազմակերպել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Մինչև նոյեմբերի 5-ը քննարկվելու են կանանց առողջության, անվտանգության և բարեկեցության, ծնողավարության և ծննդաբերության, սեռական կյանքի և ներառական զարգացման հետ կապված հարցեր:

Կարինե Գրիգորյան

Կարինե Գրիգորյանը

«Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ է, որ հաշմանդամություն ունեցող կանայք լինեն առաջնորդներ, մասնակցեն որոշումների կայացմանը, կարողանան վեր հանել խնդիրներն ու որպես ոլորտի փորձագետներ առաջարկեն   լուծումներ»,- մեզ հետ զրույցում ասում է «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը:

«Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտ» ծրագրին մասնակցում են հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանայք Հայաստանի տարբեր մարզերից:

Ժենյա Մարտիրոսյանն Աշոցքից է: Ավարտել է Գյումրու մանկավարժական քոլեջը: Այժմ վարսավիրություն է սովորում:

«Հաշմանդամություն ունենալ-չունենալը կապ չունի: Եթե ունես առողջ դատողություն, ամեն ինչի էլ կարող ես հասնել»,- նշում է Ժենյան:

Ժենյայի կարծիքով՝ հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները բազմաթիվ են՝ սկսած անտեղյակությունից մինչև միջավայրի անմատչելիությունն ու աշխատատեղերի բացակայությունը:

«Հաշմանդամություն ունեցող շատ կանայք կոմպլեքսավորված են: Այդ վիճակից նրանց հանելը դժվար է: Պետք է բացատրել, բացատրել ու նորից բացատրել»,- ասում է 45-ամյա Մանուշակ Ներսիսյանը:

Մանուշակ Ներսիսյանը Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղից է: Ծրագրի ավարտից հետո պատրաստվում է նման սեմինար անցկացնել իրենց համայնքի հաշմանդամություն ունեցող կանանց իրազեկելու համար: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներին՝ Ներսիսյանը նշեց, որ կարևորում է հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը:

«Տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է ընդգրկվեն հաշմանդամություն ունեցող կանայք, որ կարողանանք ունենալ ձայնի իրավունք, բարձրաձայնել մեր խնդիրները: Իրավունքներ ունենք, բայց երբ տեղական ինքնակառավարման մարմինների անդամ ես, ուրիշ ձևով կարող ես բարձրացնել հարցեր»,- ասում է նա:

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ ղեկավար Անուշ Ասլանյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի են, մանավանդ հայ հասարակությունում, որտեղ «ցանկալի» զավակ է համարվում տղան:

«Եթե աղջիկ է լինում, մի հատ էլ հաշմանդամություն է ունենում, կրկնակի խոցելի է դառնում»,- ասում է նա:

Չնայած ՀԿ ոլորտում ունեցած փորձին՝ Անուշ Ասլանյանը կարևոր է համարում իր մասնակցությունն այս ծրագրին․ «Ամեն խոսքից հետո մտածում եմ՝ Վանաձորում ինչ ենք անելու, ա´յ սա լավ միտք էր և այլն: Շատ դուր եկավ այն միտքը, որ որպես առաջնորդ չպետք է զարգացնես միայն քո հմտությունները, այլ նաև թիմի մյուս անդամներինը»:

Ծրագրի ավարտից հետո պատրաստվում է ՀԿ անդամների հետ սոցիալական հոլովակ նկարահանելու Վանաձորում ապրող, հաջողությունների հասած հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասին:

Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների իրացմանը նպաստող որևէ գործողության իրականացումը լինելու է ծրագրի բոլոր մասնակիցների հանձնառությունը: Նրանք միասին մշակելու են գործողությունների պլան և ծրագրի ավարտից հետո 30 օրվա ընթացքում իրենց ռեսուրսների սահմանում իրականացնելու են այն:

«Մտադիր ենք ստեղծել նաև հաշմանդամություն ունեցող կանանց ցանց, որպեսզի մշտապես կապի մեջ լինենք, ինֆորմացիա փոխանակենք»,- տեղեկացրեց «Ագաթ» ՀԿ նախագահ Կարինե Գրիգորյանը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.