accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

«Կան ընտանիքներ, որ երբ ասում ես` սոցիալական աշխատող, միանգամից մտածում են` օգնություն են տալու»

0

Նարեկ-Սարգսյան«Մենք բազմաբնույթ աշխատանքներ ենք կատարում, բայց, ցավոք, իրարից առանձին ենք աշխատում: Օրինակ` վերցնենք Վանաձորում դպոցներն ու ՀԿ-ները: Այս կառույցները չեն համագործակցում իրար հետ կամ գրեթե չեն համագործակցում: Կան կառույցներ, որոնք համագործակցել են, բայց միայն այն ժամանակ, երբ ծայրահեղ ծանր դեպք է եղել, երբ, ասենք, խնդիրը հասել է ընտանիքում ամուսնալուծության, երեխան դպրոց չի հաճախել, ոստիկանությունում պետք է հաշվառվի և այլն: Ճիշտ է, առայժմ, ցավոք, օրենսդրորեն որևէ մեկին չի պարտադրվում այդ համագործակցությունը, ես չեմ մեղադրում մարդկանց: Այստեղ խոսքը զուտ անձնական ցանկությունների մասին է: Միայն իմացեք, որ այս օղակներին հիմնականում կապողը սոցիալական աշխատողն է»,- այս մասին Լոռու մարզպետարանում հրավիրված հանդիպմանն ասաց մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

Հանդիպումը նվիրված էր սոցիալական աշխատողի օրվան: Ներկա էին սոցիալական աշխատանքի ոլորտում զգալի ներդրում ունեցող մասնագետներ՝ մարզում գործող խնամքի հաստատություններից, ներառական և հատուկ դպրոցներից, ՀԿ-ներից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ինտեգրված սոցիալական ծառայությանը: Այսօր ՀՀ-ում գործում են 19 ինտեգրված սոցիալական ծառայություններ, և առաջիկայում նախատեսվում է դրանց թիվը հասցնել 55-ի: Ծառայություններից 12-ը կգործեն Երևանում, 43-ը՝ մարզերում: Թեև Լոռու մարզը չունի ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոն, սակայն մասնագետների առումով մարզն առաջին տեղում է: Այս մասին ներկաներին ուրախությամբ հայտնեց Նարեկ Սարգսյանը, միաժամանակ հավելելով, որ «որոշ մարզերում արդեն կան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, բայց, ցավոք, երբեմն շենքը գեղեցիկ կառուցում են, և մարդկանց թվում է, թե արդեն ամեն ինչ իր տեղն է: Ես նկատել եմ նաև, որ մեր դպրոցների սոցիալական մանկավարժներն ԱՈՒՊ-ներին էլ այնքան լավ չեն տիրապետում»:

Հանդիպմանը ներկա «Օրրան» ԲՀԿ սոցիալական աշխատող Լուսինե Աքմաքչյանն այն կարծիքին է, որ դպրոցում աշխատող սոցիալական մանկավարժները պետք է պատասխանատու լինեն ոչ թե կրթության և գիտության, այլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը. «Հատկապես մեր դպրոցներում կաղապարները մեծ են` տնօրենի վերահսկողություն, տնօրենի ազդեցություն աշխատողի վրա: Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ եթե չեն ենթարկվում աշխատանքի նախարարությանը, գոնե համայնքների ու մարզերի սոցաշխատողները ենթարկվեն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնին կամ գոնե սոցիալական վարչությանը: Մի քիչ կոպիտ ասեմ` հնարավոր է մի իրավիճակ, երբ սոցաշխատողը դպրոցում պետք է պաշտպանի երեխայի շահերը նրա ուսուցչուհուց կամ դպրոցի տնօրինությունից, բայց քանի որ նա իր վերադասն է, սոցմանկավարժը չի կարող պաշտպանել»:

«Երիտասարդական ալիք» ՀԿ փոխնախագահ Անի Գաբրիելյանի կարծիքով էլ` սոցիալական աշխատողի արդյունավետ աշխատանքի համար նախևառաջ հարկավոր է հանրությանը մատչելի ձևով տեղեկացնել այդ ինստիտուտի մասին. «Օրինակ` լրատվամիջոցներով գովազդի, սոցիալական հոլովակների միջոցով տեղեկացնենք մարդկանց սոցմանկավարժի գործունեության մասին: Կան ընտանիքներ, որ երբ ասում ես` սոցիալական աշխատող, միանգամից մտածում են` օգնություն են տալու: Ակնկալիք ունեն ոչ թե հոգեբանական, այլ նյութական օգնության, դա մեծ խնդիր է այսօր»:

Նրա հետ համակարծիք էր Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետը, որը իրազեկման գործում կարևորելով հանդերձ լրատվամիջոցների դերը, ընդգծեց հենց սոցիալական աշխատողների, մանկավարժների, պետական կառույցների, համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր դերակատարումը այդ գործում: «Բոլորը պետք է աշխատեն այս ուղղությամբ»,- եզրափակեց Նարեկ Սարգսյանը:

 Քննարկվեցին ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.