accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Արփինե Մինասյան

Մարզային թղթակից

Զբաղվածության պատկերը Սևանում

0

«Այն տեղերում, որտեղ աշխատել եմ, սիրով են ընդունել, հարցազրույց անցկացրել հետս, գնահատել իմ կարողությունները: «Տրանսգազում» ես լավագույն աշխատող եմ համարվել, հետո խնդիր եղավ, ազատեցին: Հիմա որտեղ դիմում եմ, հաշմանդամության պատճառով չեն ընդունում (ձեռքիս դաստակից մինչև մատները բացակայում է): Ճիշտ է, միանգամից չեն ասում` չենք ընդունում, ասում են` գնա, կզանգենք, ու չեն զանգում: Շատ դժվար է աշխատանք գտնելը, մեզ մի այլ սորտի մարդու տեղ են դնում: Պիտի ծանոթ-մոտիկ մարդ ունենաս, որ աշխատանքի ընդունեն»,- անկեղծանում է Թովման, ում միակ ցանկությունը մասնագիտությամբ աշխատելն է:

Թովմա Մխիթարյանը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, կրթությունը ստացել է Ռուսաստանում: Աշխատել է մի քանի տեղերում, վերջին անգամ` «Տրանսգազ» ընկերությունում որպես օպերատոր: 2014 թ.-ից այլևս աշխատանք է փնտրում: Խոստովանում է, որ ծանոթ մարդկանց միջոցով է աշխատանքի տեղավորվել:

Արտեմ Խաչատրյանին հաճախ եմ հանդիպում փողոցում շրջելիս` մենակ կամ ուղեկցողի հետ: Նա սայլակով է տեղաշարժվում: Սևանում ապրող այն քչերից է, ով չի մեկուսանում տանը: Մենեջմենթի մասնագիտություն է ստանում, դասերին մասնակցում է օնլայն: Ասում է, որ աշխատանք չի փնտրել, քանի որ չի գտնի:

«Կուզեի աշխատել ինչ-որ գրասենյակում` համակարգչի մոտ: Հասկանում եմ, որ հաշմանդամություն ունեցող մարդուն ոչ բոլորը կարող են աշխատանք տալ, բայց եթե նման կարգի աշխատանք լինի, կկարողանամ անել»,- անկեղծորեն նշում է նա:

Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և երաշխիքները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսգրքով, «Զբաղվածության մասին», «Հայաստանի  Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով և օրենսդրական այլ ակտերով:

2005 թ. Հայաստանի Կառավարությունը հաստատել է նաև «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարությունը», որի նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրել հասարակություն և ապահովել նրանց մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանը նաև 2010 թ. սեպտեմբերի 22-ին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որի 27-րդ հոդվածը վերաբերում է զբաղվածությանը:

Սևանի քաղաքապետարանի մատչելիության ապահովման 2015-2020 թվականների ռազմավարության համաձայն` 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ Սևան համայնքում հաշվառված են 1116 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից 354-ը` կին, 101-ը` մինչև 18 տարեկան, մինչև 2 տարեկան երեխաների թիվը 551 է:

Ինֆոգրաֆիկա

Զբաղվածության պետական գործակալության Սևանի տարածքային կենտրոնում 2015 թ. հոկտեմբեր 1-ի դրությամբ ընդհանուր թվով հաշվառված է 1878 գործազուրկ, որից 50-ը` հաշմանդամություն ունեցող անձ, որից միայն 15-ն են կին:

Կենտրոնի գլխավոր մասնագետ Սամվել Ենոքյանի խոսքով` զբաղվածության ծառայությունը աշխատատեղ չի ստեղծում, այն կապող օղակ է գործատուի և գործազուրկի միջև: Նա համոզված է, որ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի ընդունելիս գործատուն ամեն դեպքում պետք է որևէ շահ հետապնդի կամ էլ շատ «մարդասեր» լինի:

«Յուրաքանչյուր գործատու, որ աշխատատեղ է բացում, պետք է խրախուսվի բոլոր առումներով` սկսած հարկային դաշտից, վերջացրած աջակցող կազմակերպություններով: Այսօր հնարավորությունները գործատուների համար ավելի շատ են և գայթակղիչ, քան նախկինում: Բայց կարևորն այն է, որ այդ մարդիկ կարողանան աշխատատեղ բացել: Սևանի պայմաններում մեկ-երկուսը բացվում են, 15-ը` փակվում: Գործատուներին աջակցությունն այն կլինի, որ հարկային բեռը թեթևացնեն և տարբեր ծրագրերով խրախուսեն»,- պնդում է Ս. Ենոքյանը, ավելացնելով, որ կենտրոնը կայուն համագործակցում է 200-250 գործատուի հետ` տրամադրելով խորհրդատվություն, իրազեկելով հարկային դաշտում օրենսդրական փոփոխությունների մասին:

Նրա դիտարկմամբ` կենտրոնի աշխատակիցները ամեն ամիս այցելում են մոտ 48 գործատուի: Տեղեկանալով թափուր աշխատատեղերի մասին` Սևանի զբաղվածության կենտրոնը տարբեր ծրագրերի օժանդակությամբ փորձում է գործազուրկներին ապահովել աշխատանքով, եթե նույնիսկ չի հաջողվում ծրագրի միջոցով աշխատանքի տեղավորման գործընթացը, գործատուն ամեն դեպքում տեղեկանում է իրականացվող ծրագրերի մասին: Կենտրոնի գլխավոր մասնագետը ցավով է արձանագրում, որ նախկին տարիների համեմատությամբ գործատուներն այժմ սեփական նախաձեռնությամբ են լուծում աշխատուժի ընտրությունը, զբաղվածության կենտրոնին քիչ են դիմում:

Վիճակագրություն

«Աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակներում 2014 թ. իրականացված «Գործատուների ընտրանքային ուսումնասիրություն» հետազոտության համաձայն` ուսումնասիրված կազմակերպություններից միայն 10%-ն է դիմում զբաղվածության պետական ծառայություն: Նշված ուսումնասիրության համաձայն` Զբաղվածության պետական գործակալության առավելապես դիմել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի մարզերում:

2014 թ. «Զբաղվածության մասին» օրենքի  ընդունումից հետո գործազուրկներն այլևս ամսական 18.000 դրամ գործազրկության նպաստ չեն ստանում, փոխարենը` զբաղվածության ակտիվ ծրագրեր են իրականացվում:

Սևանի զբաղվածության կենտրոնում նշում են, որ այսoր հաշմանդամություն ունեցող 11 անձ է աշխատում հրուշակեղենի, լիմոնադի արտադրամասերում, ալրաղացում, զբոսաշրջային գործակալությունում, ռեստորանային համալիրում:

Զբաղվածության պետական գործակալության Սևանի տարածքային կենտրոնի շահառու, հաշմանդամություն ունեցող Ռուբիկ Հարությունյանը «Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրով շուրջ 1 տարի աշխատում է Գավառի հացի գործարանում: Նա ամեն օր Լճաշենից մեկնում է մարզկենտրոն Գավառ:

«Աշխատանքիս հստակ ժամեր չկան, շրջում եմ տարբեր վայրերում, խանութների տերերի հետ եմ խոսում, վաճառքի կետեր եմ ավելացնում: Հայտարարությունը կարդացել էի, դիմեցի Սևանի զբաղվածության կենտրոն, նրսնց միջոցով աշխատանքի տեղավորվեցի»,- ասում է 60-ամյա Ռուբիկ Հարությունյանը: Նա աշխատել է նաև Սևանի պանրի գործարանում, պաղպաղակի արտադրամասում:

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրով գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև 2 տարի ժամանակով կնքվում է եռակողմ պայմանագիր թափուր աշխատատեղը համալրելու մասին: Գործազուրկին նաև տրանսպորտային, բնակարանային և կոմունալ ծախսերը հոգալու համար ֆինանսական աջակցություն է տրամադրվում:

«Սայլակից օգտվող մեկ մարդ էլ աշխատանքի է տեղավորվել Սևան քաղաքում գործող «Արմգլոբալ» զբոսաշրջային գործակալությունում, նրա համար աշխատատեղը հարմարեցված է, սեղան, աթոռ, համակարգիչ և գրասենյակային այլ պարագաներ են ձեռք բերվել 500 հազար դրամի սահմաններում»,- նշում է զբաղվածության կենտրոնի մյուս մասնագետ Մելիք Ներսիսյանը:

Մեզ չհաջողվեց զրուցել «Արմգլոբալ» տուրիստական գործակալության տնօրենի կամ աշխատակցի հետ, մեր բազմաթիվ հեռախոսազանգերին նրանք չէին պատասխանում:

Լճաշենի կաթի գործարանի տնօրեն Արեգ Սարգսյանի տեղեկացմամբ` գործարանում այսօր աշխատող 11 աշխատողներից մի քանիսը հաշմանդամություն ունեն:

«Ինչքան գիտեմ, նրանցից մեկը ոտքի անոթային խնդիր ունի, կին է, ով աշխատանքի է անցել «Աշխատատեղի հարմարեցում» ծրագրով: Նրա համար գույք է ձեռք բերվել: Ձմռանը աշխատողների կեսը արձակուրդ է գնում է, քանի որ գործը քչանում է, կաթի արտադրությունը նվազում է: Չեմ կարող հստակ ասել, թե հաշմանդամություն ունեցող աշխատողներից քանի՞սն է հիմա աշխատանքի մեջ, ամռանը հաստատ գիտեմ, որ 4-5 հաշմանդամություն ունեցող մարդ աշխատել է: Կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, որ 5 տարի` մեզ մոտ աշխատում են»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց կաթի գործարանի տնօրեն Արեգ Սարգսյանը:

Հետաքրքրվեցինք, որ եթե սայլակից օգտվող անձինք դիմեն թափուր աշխատատեղի համար, արդյոք գործարանի տնօրինությունը հաշմանդամությունը խոչընդոտ չի՞ համարի: Ի պատասխան տնօրենն ասաց.

«Եթե լաբորատորիայում կամ հաշվապահությունում աշխատի, ասենք, հենաշարժական խնդիր ունեցողը, խնդիր չեմ տեսնում, նստած իր գործը կանի: Թեքահարթակ կառուցելը խնդիր չի լինի, եթե նման աշխատող ունենանք, մուտքը կհարմարեցնենք»,- պատասխանեց նա: Թափուր աշխատատեղը լրացնելու մասին հարցին տնօրեն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Գրեթե բոլորին էլ ճանաչում եմ` ով աշխատանք ունի, ով` չէ, հայտարարություն ենք տալիս: Եթե աշխատող է լինում, զբաղվածության կենտրոնի տնօրենն ինձ տեղեկացնում է, որ նման աշխատող կա, վերցնե՞մ աշխատանքի, ես էլ չեմ առարկում: Այս պահին աշխատողի կարիք չունենք»,- խոսքը եզրափակեց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարից ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (այսուհետ` քվոտա)` հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար: 100 և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն 3 տոկոսի չափով, իսկ 100 և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն 1 տոկոսի չափով:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.