accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Զուգարանի օրը` մատչելի զուգարանի մասին

0

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) օրացույցում նոյեմբերի 19-ին նշվում է զուգարանի համաշխարհային օրը: Դրան ընդառաջ Disabilityinfo.am-ը անդրադառնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմար զուգարաններին: Կարող է թվալ, թե սանհանգույցը սովորական տարածք է ու հասանելի է բոլորին, բայց բնական կարիքները հոգալու համար շատ հաճախ մարդիկ զուգարանից օգտվելու հնարավորություն ուղղակի չեն ունենում կամ ստիպված են լինում որևէ մեկի օգնությանը դիմել:

Հայաստանի քաղաքաշինության նախարարի դեռ 2006 թ. նոյեմբերի 10-ին ընդունած N 253-Ն որոշման համաձայն` կառուցվող և վերակառուցվող շենքերն ու շինությունները պետք է հարմար լինեն սակավաշարժուն անձանց, այդ թվում նաև` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Որոշման կետերից մեկն էլ ընդգծում է, որ սանիտարահիգենիկ սենքերը (սանհանգույց) ևս պետք է համապատասխանեն բնակչության այդ խմբի կարիքներին: Ընդհանուր օգտագործման զուգարանի ունիվերսալ խցիկը հատակագծում պետք է ունենա 1,65 մ-ից ոչ պակաս լայնություն և 1,8 մ-ից ոչ պակաս խորություն: Խցիկում զուգարանակոնքի մոտ հարկավոր է նախատեսել տարածություն թիկնաթոռ-սայլակի համար, ինչպես նաև կախիչներ՝ հագուստի, հենակների և այլ պարագաների համար:

Զուգարանի օրինակ

Ունիվերսալ խցիկում կամ այլ սանիտարահիգիենիկ սենքերում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել անհրաժեշտության դեպքում բռնաձողերի, մետաղաձողերի, շրջվող կամ հետ ծալովի նստատեղի տեղադրման հնարավորություն: Ջրից օգտվելու համար անհրաժեշտ է կիրառել լծակային կամ ճնշումային գործողությամբ փականներ, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային համակարգերով կառավարվող: Զուգարանակոնքի ջուրը բաց թողնելու կարգավորիչը տեղադրվում է խցիկի կողապատի վրա:

Նշենք, որ քաղաքաշինության նախարարի որոշումը տարածվում է նաև հասարակական զուգարանների վրա:

Որոշումը` որոշում, բայց մեր իրականության մեջ պատկերը միանգամայն այլ է: Ոչ միշտ ու ոչ բոլոր շենք-շինություններում են պահպանվում արդեն 7 տարի առաջ օրենքով ամրագրված նորմերը:


Ինչ ենք հասկանում մատչելի զուգարան ասելով

Մատչելի զուգարանը պետք է հարմար լինի հենց մուտքից, այն չպետք է շեմ ունենա: Զուգարանի տարածքը պետք է հարմար լինի սայլակի շրջապտույտի համար:

Զուգարանի դռան պաստառի լայնությունը պետք է լինի 900 մմ-ից ոչ պակաս: Դուռը պետք է բացվի դեպի դուրս: Շենքերում անհրաժեշտ է կիրառել դռների այնպիսի բռնակներ, կողպեքներ, սողնակներ ու դռները բացելու և փակելու այլ սարքեր, որոնց ձևը թույլ կտա հաշմանդամություն ունեցող անձին դրանցից մեկ ձեռքով օգտվել և չի պահանջի ուժերի լարում կամ ձեռքի առավելագույն ոլորում դաստակում: Նպատակահարմար է նախատեսել դյուրակառավարվող սարքեր և մեխանիզմներ, ինչպես նաև Ո-աձև բռնակներ:

Շարժական դռների փեղկերի բռնակները պետք է տեղադրվեն այնպես, որ դռները լրիվ բացված լինելու դեպքում բռնակները դյուրամատչելի լինեն երկու կողմից: Միջանցքի կամ սենքի անկյունում տեղակայված դռների բռնակները պետք է տեղադրվեն կողապատից 0,6 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Հատակը չպետք է սահի: Հագուստը կամ այլ պարագաներ կախելու համար նախատեսված կախիչը պետք լինի գետնից 1,3 մ բարձրությունից ոչ ավելիի վրա:Զուգարանակոնքը պետք է լինի գետնից ոչ պակաս, քան 450 մմ բարձրության և ոչ ավելի, քան 600 մմ վրա: Սենքերում անջատիչները և վարդակները պետք է նախատեսել հատակի մակարդակից 0,8 մ բարձրության վրա:

Սայլակից զուգարանակոնքին նստելու համար պետք է դրա երկու կողմում ամրացված լինեն 3-5 սմ շառավղով բռնաձողեր (առավել հարմար են 4 սմ շառավղով բռնաձողերը): Բռնաձողերի և պատի միջև հեռավորությունը պետք է լինի 4 սմ-ից ոչ պակաս (առավել հարմար է 6 սմ-ը): Առաստաղից կարելի է նաև պարաններով ամրացված փոքրիկ աստիճանաձող կախել: Դա կօգնի զուգարանակոնքից բարձրանալու:

Ցանկալի է նաև նախատեսել զուգարանակոնքին նստած վիճակում լվացարանից օգտվելու հնարավորություն: Սովորաբար լվացարանը տեղադրվում է զուգարանակոնքի կողքի պատին: Եթե դա ոչ թե սովորական, այլ հատուկ անկյունային լվացարան է, ապա այն կարելի է տեղադրել մի քիչ ավելի հեռու՝ անկյունում: Այս տարբերակում շատ հարմար կլինի, եթե զուգարանակոնքը և լվացարանը միացվեն իրար պատի բռնաձողի միջոցով:

Լվացարանի ցանկալի բարձրությունը պետք է լինի 0,8-0,85 մ՝ 0,65-0,7 մ ներքին խորշով, որպեսզի նրա տակ հնարավոր լինի անվասայլակը տեղավորվել: Հայելու ներքին ծայրը և ձեռքերը չորացնելու համար նախատեսված էլեկտրական սարքը, սրբիչը և զուգարանաթուղթը լինում են նույն բարձրության վրա: Զուգարանաթուղթը, անհրաժեշտ մյուս պարագաները չպետք է դրված լինեն զուգարանի հետևի մասում: Շենքի ներսում սենքերի տեղեկատվության նշանակումները պետք է կրկնօրինակվեն ռելիեֆային նշաններով և տեղադրվեն դռան մոտ, բռնակի կողմից և ամրացված լինեն 1,4-1,75 մ բարձրության վրա: Հանդերձարաններում և զգեստապահարաններում համարակալումը պետք է լինի ռելիեֆային և կոնտրաստ ֆոնի վրա:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.