accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Ես է՞լ եմ հետաքրքրում ինչ-որ մեկին…

0

- Շատ դժվարությամբ հարմարվեցի, քանի որ աջլիկ եմ եղել: Շատ վատ էի ինձ զգում: Գդալը ձախով վերցնում էի, որ բերանս տանեմ, չէր ստացվում: Ես փակվել էի, տնից դուրս չէի գալիս, իմ ծնողները, իմ հարազատները, իմ շրջապատը ինձ տնից հանեցին, մտցրեցին շրջապատ: Կամաց-կամաց, շատ դանդաղորեն համակերպվեցի,- պատմում է Թովմա Մխիթարյանը, ում պատահաբար գտած անծանոթ երկաթի կտորը ճակատագրական է լինում իր համար: – Երկաթի կտորը ձեռքիս մեջ պայթեց, ես հրաշքով փրկվեցի, բայց զրկվեցի աջ ձեռքիս դաստակից»:

Ավելի քան տասը տարի առաջ պատահած դեպքը դժվարությամբ է հաղթահարում Սևանում բնակվող Մխիթարյանների ընտանիքը: Ֆիզիկականի հետ մեկտեղ, Թովմայի մոտ առաջանում են նաև հոգեբանական խնդիրներ: Երբեմնի աշխույժ ու շարժուն երիտասարդը դառնում է ինքնամփոփ, տխուր, չի շփվում գրեթե ոչ մեկի հետ:

ԹովմանՀետո, մի քանի ամիս անց, Թովմայի կյանքը կրկին վերաիմաստավորվեց: Հայկական սովորույթի համաձայն` Թովման փախցրեց Կարինեին: Ամուսնացան: Ասում է` թե՛ Կարինեն, թե՛ նրա ծնողները երբեք չեն նեղսրտել իր հաշմանդամություն ունենալու հանգամանքից. «Կարող ա իրանց մեջ ասել են` հաշմանդամություն ունի, բան, ես չեմ իմանում: Ես գնացի, Կարինեի ձեռից բռնեցի ու եկա տուն: 3 ամիս մեծ էր ինձանից, էնա տվեցին, ասին` տարեք-տարեք (կատակում է)»:

Այսպես Թովմայի կյանքում սկսվեց մի նոր փուլ: Աշխատանք, տուն, ընտանիք: Ծնվեց նաև առաջնեկը՝ Սոֆյան, հետո` երկու որդիները: Երեխաների ծնունդով կարծես թե ամեն ինչ իր տեղն ընկավ. «Էրեխեքս որ ծնվեցին, իրանցով շատ ուրախացա, իմ կյանքը փոխվեց, մի այլ ուղղությամբ գնաց: Շրջապատ մտա, հետո զգացի, որ կյանքն իմաստ ունի»:

Շուտով նորից հիասթափություններ: Այն հիմնարկը, որտեղ աշխատում էր Թովման, լուծարվեց: Երեք երեխաների հայրը կանգնեց աշխատանք չունենալու խնդրի առջև: Հաշմանդամություն ունենալը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկին խանգարում էր աշխատանք գտնել:

- Տնօրենի դռները թակելուց ու աշխատանք խնդրելուց «չէ» չեն ասում, բայց «հա» էլ չի լինում: Ասում են` հա, դու գնա, կզանգենք, գալիս եմ, տարիներ են անցնում, չեն զանգում,- նեղսրտում է Թովման:

Ի վերջո, Թովման աշխատանքի է անցնում «Տրանսգազ» ընկերությունում: Աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև մեղվապահությամբ: Մի քանի տարի աշխատելուց հետո սակայն Թովմային հեռացնում են աշխատանքից. «Մեղուների փեթակներ շլանգ էի տարել, գազը միացնում էի, վառում, դեզինֆեկցիա էի անում: Գալիս են, հոտ են քաշում, թե` էս շլանգից հոտ ա գալիս: Տարան Երևան հասցրին, թե` քո աշխատողը գազ ա գողանում: Առանց հարցնելու, հետաքրքրվելու, թե ես գողանում եմ-չեմ գողանում, ինձ ասեցին` դիմում գրի, ազատվի: Չգրեցի, ասի` դիմում չեմ գրում, չեմ ազատվում, ազատում եք` դուք գրեք, որ գազ գողանալու համար հեռացնում եք: Ես էլ կտամ դատարան, կապացուցեմ, որ գազ չեմ գողանում ու կվերականգնվեմ, իմ մի տարվա աշխատավարձն էլ կտաք: Եկավ պայմանագրի ժամանակը, որ իմ հետ պետք ա պայմանագիր կապեին, չկապեցին, խզեցին: Իմ տնօրենին ասում եմ` ընկեր տնօրեն, հիմա որ իմ հետ պայմանագիր չես կապում, ես բողոքեմ, ի՞նչ պետք ա ասես: Ասում ա` կասեմ, որ հաշմանդամ ես ու չես համապատասխանում գործին: Ես իրանց լավագույն աշխատողներից եմ եղել: Մի հատ նկատողություն չեմ ունեցել»:

Ընտանիքն ապրում է Թովմայի ու իր մոր՝ տիկին Սոֆիկի թոշակով, ընտանեկան նպաստով: Բոլորն իրար գումարած՝ 60 հազար դրամ:

- Թող էդ ղեկավարությունից մեկը գա էդ 60 հազար դրամով ապրի, կասեմ` ուրեմն մենք էս ինչ անշնորհք ենք, որ չենք կարում էդ փողով ապրել: Էս ղեկավարությունը չի մտածում նման մարդկանց մասին, որ մի բանով աջակցի: Ես ողորմություն չեմ ուզում, իմ էրեխին թող մենակ աշխատանքով ապահովեն: Որ իմ էրեխին աշխատանք ըլնի, ես հանգիստ կմեռնեմ, աշխատանք չկա, դրա համար չեմ մեռնում: Բայց որ աշխատանք չլինի, հա կմնամ, որ օգնեմ իմ էրեխին,- ասում է տիկին Սոֆիկը:

Ընտանիքի հոգսը ինչ-որ չափով թեթևացնելու համար կրթությանը զուգահեռ աշխատանք է փնտրում նաև Թովմայի 18-ամյա որդին. «Էրեխես շատ լավ սովորող ա, ազգային ագրարային համալսարանում ա սովորում: Ստացիոնար չտվեց, ասավ` գոնե հեռակա տամ, կաշխատեմ, մի ձևով գոնե վճարի հարցերը կլուծեմ: Բայց էն էլ էրեխի համար էլ չեմ կարում մի բան ճարեմ: Էսա բանակ ա գնալու, հիմիկվանից էլ առողջական խնդիրներ ունի: Չենք կարում տունը տաքացնենք, գալիս ա տուն, ցուրտ ա, մրսում ա…»

Դուստրն էլ վարսահարդարի մասնագիտություն է սովորել ու կրկին առանց աշխատանքի մնացել. «Շատ եմ նեղվում: Ինչով կարողանում եմ, օգնում եմ: Աշխատանքի համար էլ փորձ են ուզում, բայց պետք է աշխատեմ, որ փորձ ունենամ: Ես էլ մենակ տնեցիների մազերն եմ կտրում»,- այսպես է ներկայացնում իրավիճակը նա:

Այժմ 6 անձից բաղկացած ընտանիքի ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է. «Կարմիր խաչն ա օգնություն տվել, 3 ցուլիկ ա առել, տվել, պահում եմ: Բայց էսա նոր տարվա նախօրյակին կմորթեմ, ինչ որ կարիք կհոգամ: Ինձ ֆինանսականն էնքան չի հետաքրքրում, ինչքան հոգեբանականը: Էս Կարմիր խաչը որ իմ դուռը բացեց, էնքան ուրախացա, որ ինձանով հետաքրքրվող կա: Ես ապրում եմ էս երկրագնդի վրա, ես էլ հետաքրքրում եմ ինչ-որ մեկին: Այսինքն` ես ինձ մարդ եմ զգում»,- ասում է 47-ամյա Թովման:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.