accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Ինչի մասին է մտածել նոր բացվող «ԿինոՊարկը»

0

Մայրաքաղաքի կինոթատրոնների թիվը դեկտեմբերի 3-ին կավելանա ևս մեկով: «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում կինոսերների առաջ դռները կբացի «ԿինոՊարկը»:

«Ամեն ինչ ի սկզբանե այնպես է արվել է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես կարողանան մեզ մոտ կինոդիտման գալ: Հնարավորինս փորձել ենք հարմար պայմաններ ստեղծել, սակայն, ժամանակի ընթացքում, եթե ավելին անելու կարիք լինի՝ պատրաստ ենք ներդրումներ կատարելու»,- ասում է «ԿինոՊարկի» տնօրեն Վազգեն Սաղաթելյանը:

Սակայն գերժամանակակից կինոթատրոնում տեսողության և լսողության խնդիր ունեցող անձանց համար համապատասխանաբար աուդիո և տեքստային նկարագրություն դեռ չկա, բայց ի տարբերություն Երևանում գործող մյուս կինոթատրոնների՝ այստեղ սայլակ օգտագործող մարդիկ մյուսներին հավասար շարքում նստած կհետևեն ցուցադրություններին:

«ԿինոՊարկի» երկու մուտքն էլ մատչելի է, և վերելակի օգնությամբ կարելի է առաջին հարկից կինոթատրոնի սրահում հայտնվել: Առանձնացված է նաև մատչելի սանհանգույց, իսկ տոմսարկղերի բարձրությունը, կինոդահլիճների մուտքերը հարմար են սայլակ օգտագործող մարդկանց համար:

«Ընդհանուր 6 դահլիճ ունենք: 5 կինոդահլիճների առաջին շարքում 2-ական աթոռ առանձնացված է սայլակ օգտագործող անձանց համար: Աթոռները շատ հեշտությամբ հանվում են ու փոխարենը սայլակն է տեղավորվում: Մարքեթինգային բաժնի տարածած հաղորդագրություններում կնշվի, որ սայլակ օգտագործող մարդիկ կարող են առանց դժվարությունների այցելել կինոթատրոն, և որ նրանց այստեղ սպասում են»,- հավելում է «ԿինոՊարկի» տնօրենը:

Նախատեսվում է «ԿինոՊարկի» յուրաքանչյուր դահլիճում ամեն օր 6-7 սեանս ցուցադրել: Տեսականորեն «ԿինոՊարկը» կարող է ամեն օր տեղաշարժման դժվարություն ունեցող 70 այցելու ընդունել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.