accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

«Հայաստանում առաջին անգամ էր կինոցուցադրության ժամանակ աուդիոնկարագրություն արվում»

0

Աուդիոնկարագրությունը, որը նաև անվանում են վիդեոնկարագրություն, պատկերային նկարագրություն, տիֆլոթարգմանություն, լրացուցիչ նկարագրություն է՝ նախատեսված հատկապես տեսողության խնդիրներ ունեցող կամ կույր անձանց համար։ Աուդիոնկարագրության ընթացքում «թարգմանիչը» բանավոր նկարագրում է, թե ինչ է կատարվում էկրանին կամ բեմում ընդհատումների ժամանակ (երբեմն նաև երկխոսության ընթացքում)։

«Պատմությունները մեկը մյուսից անհրաժեշտ էին հասարակությանը ներկայացնելու համար, որպեսզի մենք հաշմանդամությունը չդիտենք որպես հիվանդություն, և մեր հասարակությունը իր գլխից հանի այն միտքը, որ հաշմանդամություն ունեցողին չպետք է տեսնի։ Նրանք պետք է մեր կողքին լինեն, միասին պիտի մասնակցենք ամեն տեղ։ Վերաբերմունքը փոխելու համար շատ կարևոր քայլ էր սա»,- «Մոսկվա» կինոթատրոնում կայացած կինոցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։

Կինոսերները հնարավորություն ունեին դիտելու «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մասին պատմող ֆիլմերը:

Ֆիլմաշարի հեղինակ Ալբերտ Սարգսյանի նկարահանած տասներկու ֆիլմերից ցուցադրվեցին միայն հինգը։ Բոլոր ֆիլմերը շուտով հասանելի կլինեն օնլայն տիրույթում։

Ցուցադրությունը հասանելի էր բոլորին։ Ներկա էին նաև լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց համար ապահովված էին հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն և աուդիոնկարագրություն: Աուդիոնկարագրությունն իրականացնում էր Տաթև Գուլքանյանը, ով ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրանտ է, հատուկ մանկավարժ է աշխատում Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներից մեկում։

«Հայաստանում առաջին անգամ էր կինոցուցադրության ժամանակ աուդիոնկարագրություն արվում։ Դժվար էր այնքանով, որ չկար մի մասնագետ, որից կարող էի նախապես խորհուրդ հարցնել»,- անկեղծանում է Տաթև Գուլքանյանը։

Պրեմիերային ներկա էին նաև հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը մեզ հետ զրույցում կարևորեց այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացվում են որպես ֆիլմի հերոսներ.

«Մեծ հաճույք ստացա։ Ֆիլմերը մարդու մասին էին, մարդու և բնության ներդաշնակության, երաժշտության, գեղեցկության, էսթետիկայի»։

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ ֆիլմերը լավն էին, պոզիտիվ էին ներկայացնում թեման։

«Ճիշտ ասվեց, որ ֆիլմերը հաշմանդամություն ունեցող անձանց մասին չէին, հաշմանդամության մասին չէին, այլ տարբեր ձեռքբերումների։ Շատ լավ նախաձեռնություն է։ Պետք է միշտ այդպես՝ ոչ ստանդարտ ձևով, ոչ ավանդական տխուր երաժշտությամբ ներկայացնել հաշմանդամության թեման։ Այդ ամենը պետք է անենք չվախենալով, համարձակ մեր ճիշտն առաջ տանենք, որ Հայաստանում մարդիկ սկսեն ընկալել հաշմանդամություն ունեցող անձանց որպես իրենց համաքաղաքացիների, կարողանանք վերացնել «մենք» ու «նրանք» բաժանումը»,- նշեց Ալավերդյանը։

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մասին պատմող ֆիլմերը ստեղծվել են «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Մեդիան հանուն ներառման» ծրագրի շրջանակում: Միջոցառումն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության և «Մոսկվա» կինոթատրոնի աջակցությամբ։ Տպագրական գործընկեր՝ «ԶարտՊրինտ» տպագրատուն։ 

Լուսանկարների հեղինակը Վերոնիկա Ավետիսյանն է։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.