accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Բարձրաձայնում են Լոռու մարզում գործող կազմակերպությունները

0

2015 թվականին իրականացված աշխատանքների, ոլորտի բացթողումների և խնդիրների մասին այսօր ասուլիս էր հրավիրվել Վանաձորում: «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» և «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպությունների ղեկավարները և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նախագահ Վալերի Ջաղինյանն լրագրողներին ներկայացրեցին Լոռու մարզում իրականացրած միջոցառումները և ծրագրերը:

- 2015 թվականը մենք սկսեցինք ակտիվ գործունեությամբ, նախ` մեծ շուքով նշեցինք կանանց միամսյակը, ապա «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացրինք «Հաշմանդամության խումբ ստանալու իմ իրավունքը» ծրագիրը: Մենք համագործակցեցինք նաև մի խումբ ակտիվ երիտասարդների և Կոլումբիայից ժամանած կամավորների հետ,- նշեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը:

Կարևորելով տարբեր ծառայությունների մատուցումն ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը` ՀԿ նախագահը նշեց նաև դժվարությունները, որոնք առաջանում են տարածքի և համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով.

- Տիկնիկների և բացիկների պատրաստման խմբակներ ունենք, սակայն տարածք և սարքավորումներ չունենք: Հիմա աղբյուրներ ենք փնտրում, որ ձեռք բերենք կարի մեքենաներ: Այսօր մենք մեկ ամսում կարողանում ենք պատրաստել 10 տիկնիկ, մեքենաների դեպքում կկարողանանք պատրաստել շուրջ 60 տիկնիկ:

«Սպիտակ բազե» ՀԿ նախագահ Մարինե Ասատրյանի դիտարկմամբ` այսօր հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հատկապես իրազեկ լինելու կարիք:

- Նույնիսկ ծնողները չգիտեն` ինչպես օգնել իրենց երեխաներին: Այս հարցը ես շատ եմ կարևորում, քանի որ աջակցությունը, ներառումը պետք է լինեն ընտանիքից,- նշեց Մարինե Ասատրյանը: Նրա կարծիքով` բացթողումներ կան նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում.

- Դպրոցներում պետք է գործի ներառական կրթություն իրականացնող մասնագետների մեծ խումբ, որը չկա: Երեխան ուզում է սովորել ներառական կրթություն իրականացնող դպրոցում, բայց քանի որ ունի խոսքի և լսողության խնդիր, իսկ այդ դպրոցում չկա ժեստերի լեզվի մասնագետ, արդեն խնդիր է: Մենք այսօր Սպիտակում ունենք նման դեպք, որի պատճառով վերջերս նորից երեխաները ստիպված են հաճախել Երևանում գործող հատուկ դպրոց:

Ասուլիսին հրավիրված հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նախագահ Վալերի Ջաղինյանը խոսեց հաշմանդամության ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի և օրեր առաջ տեղի ունեցած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում բարձրացված հարցերից մի քանիսի մասին:

- Ես նախարարին ներկայացրեցի Լոռու մարզին վերաբերող խնդիր: Ասում եմ` մենք տարիներ շարունակ խոսում ենք թեքահարթակների մասին, ասում, որ խորհրդային շրջանում կառուցված շենքերը պետք է վերակառուցվեն և հարմարեցվեն, իսկ նոր կառուցվող շենքերը պետք է անպայման թեքահարթակներ ունենան: Բայց եթե կառուցելուց հետո դա պիտանի չէ, ո՞վ պետք է պատասխան տա: Այսօր պետական շատ մարմինների կառույցների առաջ թեքահարթակ կա, որ չեն էլ օգտագործում: Ձևական կառուցելու իմաստը ո՞րն է: Ով ստորոգրում է, ով պատասխանատու է, նա էլ պետք է պատասխան տա, ստորագրել է, չէ՞: Ինչքա՞ն կարելի է այդ հարցը բարձրացնել:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.