accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Կապանի 2-րդ ավագ դպրոցի խախտումների հետքերով. ինչ է փոխվել մեկ տարի անց

0

Կապանի 2-րդ ավագ դպրոցը շահագործման հանձնելուց դեռևս մեկ ամիս առաջ` 2014-ի վերջին, Disabilityinfo.am-ն այցելել և դիտարկում էր անցկացրել: Աշակերտների դասապատրաստման և ժամանցի համար գրեթե ամեն ինչ կազմակերպվել էր, սակայն հիմքից նոր կառուցված դպրոցում շինարարական նորմերի բազմաթիվ խախտումներ ի հայտ եկան, երբ դպրոցը դիտարկեցինք նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների կարիքների տեսանկյունից:

Չնայած դպրոցի մուտքի մոտ կառուցված թեքահարթակին, շինության ներսում բացակայում են վերելակները, համարեցված սանհանգույցները և այլն: Հիշեցնենք, որ կրթօջախի կառուցման համար պետբյուջեից հատկացվել էր 820 մլն դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով այս խնդրին, 2014 թ. վերջին համապատասխան գրագրություն է վարել Կապանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ թեև Կապանի քաղաքապետարանի տված ճարտարապետահատակագծային առաջադրանքը պարունակել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանությանն ուղղված պահանջներ, այդուհանդերձ, կառուցողը, ըստ էության անտեսելով գործող շինարարական նորմերի մի շարք պահանջներ, պահպանել է միայն արտաքին թեքահարթակի պահանջը: Իսկ Հայաստանի քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ դպրոցի կառուցման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, իսկ ուսումնական մասնաշենք մուտք գործելու համար նախատեսված է կառուցել թեքահարթակներ, հավելելով, որ ուսումնական մասնաշենքի առաջին հարկում կառուցված սանհանգույցներում սակավաշարժ խմբերի համար նախատեսված են մեկական խցիկներ` համապատասխան սարքավորումներով, իսկ դպրոցի առաջին հարկի դռների (այդ թվում`սանհանգույցների) բացվածքները 0,9 մետր են և ավելի:

Մենք դպրոց այցելեցինք մեկ տարի անց, տեղեկանալու, թե ինչ է փոխվել մեր հրապարակումից հետո:

Կապանի 2-րդ ավագ դպրոցի նոր տանիքի ներքո մեկ տարուց ավելի է, ինչ վերսկսվել են դասերը, և միջավայրային հարմարեցման որոշ աշխատանքներ են կատարվել. հարմարեցվել են առաջին հարկի սանհանգույցներից երկուսը, մարզադահլիճի դիմաց ևս իրար հաջորդող երկու թեքահարթակ է կառուցվել, բայց սրանք էլ նախորդի պես առանց բազրիքի են:

Շինարարների խոսքով` նախագծում դրանք ի սկզբանե չեն էլ եղել. «Մյուս կողմից էլ` աշակերտներն իրենք կարող են օգնել հասակակիցներին հաղթահարելու այդ դժվարությունները, այսպիսով հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի արագ կինտեգրվեն հասարակությանը»:

Դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանի հավաստմամբ` չնայած առկա թերություններին, կարող են իրենց շարքերում ընդգրկել հաշմանդամություն ունեցող աշակերտների, բայց մինչ օրս ոչ մի դիմում չեն ստացել: «Կապանում գործում է հատուկ դպրոց, որտեղ և սովորում են նման խնդիրներ ունեցող երեխաները: Կարծում եմ` հենց այդ պատճառով է, որ ոչ մի ծնող մեզ չի դիմել իր երեխային այստեղ ընդունելու համար: Մյուս կողմից էլ` դեռ մանկավարժական համակազմը պետք է համապատասխան վերապատրաստումներ անցնի. շատ կարևոր է իմանալ ներառական կրթության մեթոդական, գնահատման, անհատական ուսուցման կազմակերպման նրբությունները»,- նշում է տնօրենը:

Զուգարան

Հեղինակ՝ Մելինե Մարտիրոսյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.