accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Քիթ Գարներ. «Եթե ուզես մի բան անել`կկարողանաս»

0

Միացյալ Թագավորությունից` Հայաստան, Թաուեր կամրջից` մինչև Տաթև ու Հալիձորի կառուցվելիք զբոսաշրջային կենտրոն. բրիտանական «Մատչելի միջավայրի կենտրոն» (Center for accessible environments) ոչ առևտրային կազմակերպության ճարտարապետը, փորձագետը եկել է առաջին համընդհանուր դիզայնով ապահովված կենտրոնը ստեղծելու և միջավայրը մատչելի դարձնելու բրիտանական փորձը հայկական միջավայրում կիրառելու համար: Բրիտանական փորձառության ու հայկական իրականության մասին զրուցեցինք Քիթ Գարների հետ:

- Գրեթե մեկ շաբաթ է` Հայաստանում եք, արդեն եղել եք Տաթևում, Երևանում, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի մատչելիությունը:

- Հետաքրքիր է… Փողոցներում հաշմանդամություն ունեցող մարդկանց չեմ հանդիպել, միայն մի պարոնի, այն էլ` այստեղ, ծրագրի շրջանակներում: Չգիտեմ` զգացողություն ունեմ, որ Հայաստանում նույն վիճակն է, ինչ Անգլիայում 20 տարի առաջ, երբ մարդիկ տնից դուրս չէին գալիս, որովհետև գնալու տեղ, հնարավորություն չունեին, քանի որ բարդ էր, և շատ խնդիրներ կային: Ցավոք, այստեղ շատ տեղերում չեմ եղել, աշխատանքի մեջ եմ: Հիմնական խնդիրներից մեկը, որ նկատել եմ, անցումների անմատչելիությունն է, ինչը ժամանակին շատ բնորոշ էր Անգլիային: Առհասարակ անմատչելի են փողոցները, մայթեզրերի գոգավորությունը բարձր է, երրորդն էլ` աստիճանավանդակներն են, որոնք գրեթե ամենուր են: Կարծում եմ` սրանք խնդիրներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Մեկ տարի առաջ Վիեննայում էի, այնտեղ սկսել են «Մատչելի Վիեննա» ծրագիրը: Նրանք դեռ չեն փորձում միանգամից հարմարեցնել ամբողջ երկիրը, որովհետև այն շատ հին և պատմական է, մի շարք դժվարություններ կան: Հիմա փորձում են հարմարեցնել մայրաքաղաքը և շրջակա տարածքները, օրինակ` կամուրջների արտաքին մակերեսը: Ես կարծում եմ, որ Հայաստանի մատչելիությունը ևս պետք է սկսվի «Մատչելի Երևան» ծրագրով. հարմարեցումները պետք է սկսվեն Երևանից և տարածվեն մյուս քաղաքներում, ըստ իս` այդպես ավելի հեշտ կլինի:

- Որտեղի՞ց է սկսվում մատչելի միջավայրը, ովքե՞ր են պատասխանատու դրա համար:

- Երկար ժամանակ քարոզչություն կար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, շահերի մասին, հիմնականում` Միացյալ Նահանգներում, ինչը մեծապես կապված էր Վիետնամում պատերազմի հետ: Փոփոխություններն սկսվեցին ակտիվիստական շարժումներով: 1967-ին Լոնդոնում կառուցվեց ազգային թատրոնը, որը հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար, և մարդիկ պայքարեցին հանուն իրենց իրավունքների: Բրիտանիայում այնքան «ագրեսիվ» չէին, որքան Ամերիկայում, գուցե քաղաքավարությունից մղված` չգիտեմ: Ես կարծում եմ, որ պետք է պահանջես իրավունքներիդ իրականացումը, պետք է պայքարես:

20 տարի առաջ Մեծ Բրիտանիայում խտրական վերաբերմունք կար հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ: Հետո օրինագծեր մշակվեցին, սկսեցին հարմարեցնել ծառայությունները, հասարակական վայրերը` բանկերը, թատրոնները, երկար ժամանակ պահանջվեց` ճշգրտումներ կատարելու, օրենքները փորձարկելու, խոչընդոտները վերացնելու համար… գրեթե 7 տարի` մինչև 2000 թվականը: Գուցե հարկավոր է, որ շահագրգիռ կողմերը փորձեն ինչ-որ բանի հասնել օրենքների միջոցով, սկսեն որոշ տեսակի շենքերից և հետո քայլ առ քայլ առաջ գնան: Հասարակական տրանսպորտի մատչելիության խնդիրը բարդ է նաև Մեծ Բրիտանիայում, թեև գնալով բարելավվում է: 2012-ին Լոնդոնում օլիմպիական խաղերի ժամանակ տրանսպորտի մատչելիությունը հիանալի չէր, նրանք անգամ մի քանի կանգառներ հարմարեցրին, բայց դա շատ ցածր տոկոս էր կազմում, որովհետև ամբողջական հարմարեցումը, բնականաբար, շատ ավելի թանկ կարժենար:

- Հայաստանում առաջին անգամ համընդհանուր դիզայնի չափանիշներին համապատասխան շինություն է կառուցվելու, ինչ եք կարծում` սա ինչպե՞ս կանդրադառնա մատչելիությանն ուղղված հետագա քայլերի վրա, ի՞նչ կփոխվի:

- Տաթևը, Հալիձորի զբոսաշրջային կենտրոնը կարող են լավ օրինակ լինել ձեր երկրի համար: Եթե սա լինելու է առաջին համընդհանուր դիզայնով կառույցը, լավագույնը, այսպիսով մարդիկ կարող են տեսնել, որ այն հրաշալի է և աշխատում է բոլոր ոլորտներում և բոլորի համար` սոցիալական պայմանների տեսանկյունից, բիզնեսի տեսանկյունից, քանի որ այն շահավետ է և այլն: Կարծում եմ` Տաթևը օրինակ կդառնա: Ինչո՞ւ ոչ, այդպիսի օրինակ կարող է դառնալ նաև Երևանը` մյուս քաղաքների և առհասարակ մարդկանց համար:

- Նախկինում կառուցված, կառուցվող և կառուցվելիք շենքերը համընդհանուր դիզայնի չափանիշներին համապատասխանեցնելն ի՞նչ դժվարություններ է առաջացնում:

- Կարծում եմ, որ ինչ-որ բան իրականացնելու համար ժամանակ և ցանկություն են հարկավոր. եթե ուզես մի բան անել`կկարողանաս: Ես մի կնոջ եմ ճանաչում, ով երկար ժամանակ պայքարեց` Լոնդոնի կարևորագույն կառույցներից մեկի մատչելիությունը նախագծելու, ապահովելու համար և ի վերջ կարողացավ: Եթե մի բան ցանկանում ես, ոչինչ էլ դժվար չէ, և կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն դա իրականացնելու: Մարդիկ Բրիտանիայում հետդարձի զգացողություն չունեն, չեն մտածում, թե երբևէ կվերադառնան նախկին իրավիճակին, որովհետև լավ օրինակներ են տեսնում և մտածում, որ իրենք էլ կարող են նույնն անել:

- «Ոչինչ մեզ համար առանց մեզ» սկզբունքը որքանո՞վ է կիրառվում բրիտանական փորձում:

- Հիմա հաշմանդամություն ունեցող աշխատողներ չունենք, բայց նախկինում ունեցել ենք: Եթե ինչ-որ մեկն ուզում է աշխատանք ունենալ, հաշմանդամությունը խոչընդոտ չէ: Հաշմանդամություն ունեցող ճարտարապետի օրինակ է Դեվիդ Բոնեթը, ով համընդհանուր դիզայնին համապատասխան մի շարք շինություններ է նախագծել: Բոլոր մարդիկ չէ, որ ներգրավվում են աշխատանքի, հասարակական կյանքի մեջ` անձնական, ընտանեկան, արտաքին պատճառներով: Կուզեի տեսնել, թե այս գործընթացն ինչպես է կատարվում Հայաստանում:

Լուսանկարը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.