accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Հաշմանդամություն ունեցող 150 կնոջից 3-ը տնից ընդհանրապես դուրս չեն գալիս

0

Ամփոփվել է «Մեր ձայները, մեր իրավունքները» հետազոտական ծրագիրը, որի շրջանակում հարցում է իրականացվել հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում: Ծրագիրն իրականացրել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի աջակցությամբ:

Հետազոտության շրջանակներում անցկացված հարցմանը մասնակցել են Հայաստանի 10 մարզերում բնակվող 1-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքաբնակ և գյուղաբնակ 150 կանայք: Հարցման մասնակիցների մեծ մասը՝ 59,3%-ը, ունի ֆիզիկական հաշմանդամություն, 11,3%-ը՝ լսողության, իսկ 8,7%-ը՝ տեսողության խնդիր: Կանանց 10,7%-ը նշել է շնչառական խնդիրները, 6,7%-ը՝ մտավոր:

6-ամսյա ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունն անցկացվել է ոլորտի 19 ՀԿ-ների հետ համագործակցությամբ, այդ թվում նաև` «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական կազմակերպության:

Հարցման արդյունքները վկայում են, որ ընտանիքներում ապրող կանանց միայն 28%-ն է նշում, որ իրենց ընտանիքներում հիմնական որոշում կայացնողը կինն է: Հարցվածներից որևէ մեկը չի նշել, որ կանայք հնարավորություն չունեն մասնակցելու որոշումների կայացման գործընթացին: Կանանց 36,6%-ը նշել է, որ իրենց ընտանիքներում այս առումով վերջին խոսքը տղամարդուն է պատկանում:

Պետք  է նշել, որ հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքները նաև ներգրավված են հարցվածների անձնական կոնտակտների, կապերի պահպանման հարցում: Ընդհանուր պատկերը ցույց տալու համար ընդգծենք, որ հարցվածների 24,2%-ը ընտանիքի մասնակցությունը դրական առումով է բնութագրում, իսկ 48,5%-ն ազատ է կառուցելու անձնական շփումները: Այս հարցում կարևոր է չանտեսել հայ ավանդական հասարակության մոտեցումն աղջիկների և կանանց նկատմամբ, որոնց արտաքին աշխարհի հետ շփումները որոշակի վերահսկողության տակ են դրվում:

Հարցաթերթիկը նաև թույլ է տալիս հասկանալ, թե հաշմանդամություն ունեցող կանայք ինչ հաճախականությամբ են տնից դուրս գալիս, որքանով է ապահովված հասարակական կյանքին նրանց մասնակցությունը:

Այն հարցին, թե ինչը կարող է տնից դուրս գալու անհրաժեշտության դեպքում խոչընդոտ հանդիսանալ, հարցմանը մասնակցած հաշմանդամություն ունեցող կանանց 72,7%-ը նշել է իրենց ֆիզիկական վիճակը, 39,4%-ի համար դա ուղեկցողի բացակայությունն է: Հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանրապես տեղաշարժը, տնից դուրս գալը լրացուցիչ ջանքերի, ռեսուրսների և հատուկ միջոցների անհրաժեշտություն ունի: Այսպես, հարցվածների 33,3%-ը որպես կարևոր խոչընդոտ նշում է դրամի բացակայությունը, 24,2%-ի համար կարևոր է մատչելի փոխադրամիջոցի առկայությունը, 12,1%-ի համար անհրաժեշտ են հատուկ միջոցներ անվտանգ տեղաշարժի համար՝ սարքավորումներ, պարագաներ, սայլակներ, լսողական սարքեր: Հաշմանդամություն ունեցող կանանց 3%-ը նշել է սեզոնային հագուստի կարիքը որպես առաջնային: Կարևոր է նշել, որ նույնքան կանայք նշել են, որ կարիք ունեն թույլտվության, առանց որի չեն կարող դուրս գալ:

Այս հարցում մեծ խնդիր է հանդիսանում հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում մոտիվացիայի, ցանկության բացակայության հարցը: Բավականին անհանգստացնող կարող է համարվել այն փաստը, որ հարցմանը մասնակցած յուրաքանչյուր 3 կանանցից մեկը՝ 33,3%-ը, տնից դուրս չի գալիս, որովհետև ցանկություն չունի: Եթե այս թվին ավելացնենք նաև 9,1% կանանց, ովքեր կարծում են, որ առիթ և կարիք չունեն տնից դուրս գալու, ապա ստացվում է, որ հաշմանդամություն ունեցող կանանց բավականին մեծ զանգված դուրս է մնում հանրային, հասարակական իրադարձություններից՝ գերադասելով պարփակվել իրենց բնակարանների նեղ շրջանակում:

Խոսելով հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ սեռական բռնության մասին` այսօր արդեն, «Ագաթ» ՀԿ-ի հետազոտության շնորհիվ կարելի է հետևյալ աղյուսակն առանձնացնել.

Հարցման մասնակիցներին առաջարկվել էր գնահատել, թե հաշմանդամության որ տեսակն է պոտենցիալ բռնության տեսանկյունից առավել ռիսկային: Ըստ հարցված կանանց 38%-ի` առավել ռիսկային են մտավոր խնդիրներ ունեցող կանայք: 15,3%-ի կարծիքով տեսողության խնդիրներով կանայք են պոտենցիալ վտանգի մեջ: Հարցման մասնակիցների 13,3%-ի կարծիքով` ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանայք են ավելի ռիսկային, իսկ 5%-ի համար` լսողության խնդիրներ ունեցողները: Հարցման մասնակից կանանց 4%-ի կարծիքով հաշմանդամության տեսակը կապ չունի: Ի դեպ, նրանք նշել են նաև, թե ում պետք է դիմել որևէ տեսակի բռնության ենթարկվելու դեպքում:

«Ագաթ» ՀԿ-ի իրականացած ծրագիրը ցույց է տալիս, որ բռնությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ է աշխատանք կատարել հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքների հետ: Հարցումը պարզ դարձրեց այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող կանայք, ինչպես նաև մյուս կանայք ճիշտ չեն ընկալում «բռնություն» տերմինը: Շատ հաճախ կինը, ոչ միայն հաշմանդամություն ունեցողը, մի շարք գործողություններ չի որակում որպես ստիպողականություն, բռնություն՝ ընդունելով այն որպես օրենք, մեր իրականության բնորոշ «ադաթ»՝ արդարացնելով և հավատալով, որ դիմացինն այդպես վարվելու իրավունք ունի: Որպես կանոն` բռնության զոհերը վախեցած, ճնշված վիճակում գտնվող անձինք են, ովքեր մի կողմից վախենում են բացահայտել բռնության փաստը, իսկ մյուս կողմից՝ անհարմար են զգում, քանի որ դեռ մանկությունից հասարակական գիտակցության մեջ, հատկապես աղջիկների, տարիներ շարունակ գերիշխում է այն մտածելակերպը, որ եթե մարդուն ճնշում են կամ բռնության ենթարկում, ապա այդտեղ կա նաև նրա մեղքը, ինչպես ասում են` ուրեմն «թույլ է տվել»: Այս դատողությունը հատկապես վերաբերում է կանանց: Այս արհեստական գաղափարով փակում են աղջիկների և կանանց առջև որևէ դժգոհության արտահայտման հնարավորություն:

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող կանանց մեծ մասը անտեղյակ է բռնության զոհերի համար նախատեսված թեժ գծի առկայության մասին:

Հետգրություն

Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող 96 092  կին։ Հարցմանը մասնակցել է 150 կին (0.16 %):

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.