accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի խոցելի H1N1-ի և այլ վարակների հանդեպ

0

Ի՞նչ է H1N1-ը

2009-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց H1N1 վարակի 6-րդ աստիճանի համաճարակի տարածման մասին: Վիրուսը, որ հայտնի է նաև «խոզի գրիպ» անվամբ, ի սկզբանե խոզերի շնչուղիների հիվանդություն էր, որը հարուցվում էր գրիպի Ա տեսակի հարուցիչով: Առաջին անգամ այն խոզերից անջատվել է 1930 թվականին: Մինչ օրս անջատվել է գրիպի 4 տեսակ՝ H1N1, H1N2, H3N2, H3N1: Ախտանշանները գրեթե նույնն են, ինչ սովորական գրիպի ժամանակ՝ ջերմություն, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, հազ, քթահոսություն, կոկորդի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն:

Ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի խոցելի H1N1-ի և այլ վարակների հանդեպ

Հաշմանդամության ունեցող մարդիկ ավելի խոցելի են գրիպի վարակների բարդացումների, օրինակ՝ թոքաբորբի, հանդեպ: Բժշկական տեսանկյունից անձի առողջական վիճակը կարող է ազդել հարուցիչի դեմ օրգանիզմի պայքարի, դիմադրողականության վրա: Այդպիսիք եք, օրինակ` քրոնիկական և սուր շնչուղիների վիրուսները: Իսկ սոցիալական տեսանկյունից անձը կարող է հաշմանդամության պատճառով դուրս մնալ վարակի դեմ պայքարի ծրագրերից, ինչպես այժմ Հայաստանում։

Հաճախ հիվանդության հանդեպ հաշմանդամություն ունեցող անձանց խոցելիությունը կախված է ոչ այնքան նրանց առողջական վիճակից, որքան՝ առողջապահական ծառայությունների ներառական չլինելուց և անմատչելիությունից:

Մատչելի տեղեկատվության բացակայության պատճառով հիվանդությունների, տվյալ դեպքում` վարակի մասին իրազեկվածությունը շատ ավելի ցածր է, քան հաշմանդամություն չունեցող անձանց շրջանում։ Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում չեն կարողանում փնտրել, ստանալ և տարածել տեղեկություններ մյուսների հետ հավասար հիմունքներով և հաղորդակցության իրենց նախընտրած բոլոր միջոցներով, հետևաբար, չեն կարողանում միջոցներ ձեռնարկել վարակի դեմ:

  • Տեղաշարժման դժվարություն ունեցող մարդիկ դուրս են մնում վարակի դեմ պայքարի ծրագրից, քանի որ տնից դուրս գալու, տրանսպորտից օգտվելու, առողջապահական հաստատություն դիմելու դժվարություններ ունեն։ Գրեթե նույն դժվարություններն ունեն նաև տեսողության խնդիր ունեցող անձինք (նաև տեղեկատվության հասանելիության խնդիր)։ Երկու դեպքում էլ անձինք անկախ չեն կարող լինել անմատչելի միջավայրի պայմաններում, ինչը կարող է կաշկանդել հաշմանդամություն ունեցող անձին։
  • Մտավոր խնդիրներ ունեցող անձինք չեն ստանում տեղեկություններ, որոնք օրինակ՝ պարզեցված են, պատկերային կամ այլ մատչելի ձևաչափ ունեն։
  • Լսողության խնդիր ունեցող մարդիկ ևս ունեն տեղեկություններ ստանալու խնդիրներ։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող լրատվական թողարկումները չեն ուղեկցվում լուսագրերով, հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ, իսկ տեքստային տեղեկատվությունը երբեմն կարող է դժվարընկալելի լինել։ Մարդը, ով հաղորդակցվում է միայն ժեստերի լեզվով, կարող է բազմաթիվ խոչընդոտների բախվել նաև բուժհաստատությունում՝ մերժում ստանալուց մինչև այլ կոնֆլիկտներ։
  • Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց դեպքում, բացի վերը նշված խնդիրներից, նրանք կարող են ունենալ ախտանշանները նկարագրելու, հաղորդակցվելու և այլ խնդիրներ։ Բուժհաստատությունները ոչ միշտ են պատրաստակամ ծառայություններ մատուցելու նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ կապված կարծրատիպերի, հմտությունների բացակայության հետ:

Ռիսկային խմբում են նաև բրոնխային հեղձուկ (ասթմա), նյարդաբանական խնդիրներ, սիրտ-անոթային հիվանդություններ, արյան, ներզատական, երիկամների, լյարդի, նյութափոխանակության խանգարումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող, 19 տարեկանից ցածր անձինք, ովքեր ընդունում են երկարաժամկետ թերապիա ասպիրինով: Հաշմանդամություն ունեցող կանայք, գյուղաբնակ, ԼԳԲՏԻ, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք ևս կարող են մերժվել ծառայությունների մատուցումից՝ բազմակի խտրականության հետևանքով։ Այս բոլոր դժվարությունները կարող են պատճառ լինել հիվանդության չբացահայտման, ժամանակին և արդյունավետ աջակցություն չտրամադրելու և մի շարք բարդությունների։

Թեև այս մասին քիչ է խոսվում, սակայն պետք է հիշել նաև այն փաստը, որ հասարակության մեջ առկա են խտրականության լայն դրսևորումներ, անգամ հաշմանդամություն ունեցող անձի կյանքի արժեքը կարող է նվազ կարևոր համարվել արտակարգ իրավիճակներում, ինչու ոչ, նաև առողջապահական ծառայություններ մատուցողների կողմից։

Կանխարգելում, ցուցումներ

Հաշվի առնելով H1N1 վիրուսի տարածման սպառնալիքը` վարակման ռիսկից խուսափելու համար մարդիկ հարկ է որոշ նախազգուշական գործողություններ կատարեն: Քրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր շնչառության խնդիրներ և թույլ իմունիտետ ունեն, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն առողջապահության ոլորտի մասնագետների խորհուրդներին, ջանան անել ամեն հնարավորը՝ վարակից խուսափելու համար:

Նրանք, ովքեր ունեն շնչառության համակարգի խնդիրներ կամ նախկինում գրանցված շնչառական վարակ, պետք է պաշտպանվեն գրիպանման ցանկացած վիրուսից, որովհետև այս վարակներն անմիջապես լուրջ բարդություններ են առաջացնում: Եթե շնչառության համակարգն արդեն փոխներգործում է այլ հիվանդության, հաշմանդամության կամ քրոնիկական կարգավիճակի հետ, H1N1-ի ախտանշանները կարող են ավելի ծանր լինել: Ոչ գրիպային հիվանդության բուժման համար նշանակված լրացուցիչ դեղորայքը կարող է ազդել շնչառության համակարգի ֆունկցիաների վրա և բարձրացնել H1N1-ով վարակվելու հավանականությունը:

Մարդիկ, ովքեր դեղորայք են ստանում քաղցկեղի բուժման, օրգանի փոխպատվաստման վերականգնման կամ այլ պատճառների հետևանքով, գրիպային վիրուսների, այդ թվում` նաև H1N1-ի հավանական բարդացումների, բարձր ռիսկային խմբում են: Տենդը և շնչառության համակարգի հյուծվածությունը, երբեմն փոխկապակցվելով բուժման և վերականգնողական շրջանի հետ, կարող են բարդանալ H1N1 վիրուսով և կրել հաճախակի բնույթ:

Հաշմանդամություն, քրոնիկական կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր իմունճնշումային կամ հնարավոր այդպիսի ազդեցություն ունեցող դեղորայք են ընդունում, պետք է իրազեկ լինեն, որ ցանկացած շփում H1N1-ի կամ դրա ազդեցության հետ, հարուցիչը ձեռք բերելու ռիսկային խմբի մեջ է գցում նրանց: Սովորաբար այսպիսի դեղորայք նախատեսվում է ռևմատիզմի կամ այլ համակարգային հիվանդությունների ժամանակ:

Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը նախորդ տարվա դեկտեմբերի վերջից արագ արձագանքման խմբեր է ստեղծել համաճարակային վիճակը վերահսկելու, կառավարելու համար, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվության տրամադրումը չի ներառվել նպատակներում։ Առողջապահության նախարարությունը իբրև խնդիր նշել է միայն տարեսկզբի եղանակային պայմանները, որոնք հաղթահարվել են, իսկ խոցելի խմբերն (այդ թվում՝ ստացիոնար բուժում ստացող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ) ապահովվել են միայն անվճար դեղորայքով և պատվաստումներով: ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում նաև հուշաթերթիկներ է հրապարակել հղի կանանց, երեխաների ծնողների համար…

H1N1-ից գրանցված մահվան 11 դեպքերը հիմնականում զուգորդվել են այլ հիվանդությամբ և/կամ հաշմանդամությամբ: Մամուլում արձանագրված մահվան 6 դեպքերի ժամանակ նշվում էր նաև այլ առողջական խնդիրներ ունենալու փաստը (օրինակ՝ շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն)։ Այս դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է յուրաքանչյուր դեպքի համար հստակ վիճակագրություն հավաքեր և հրապարակեր։ Եթե անգամ անձի հաշմանդամությունը ուղղակի բժշկական ազդեցություն չունի վարակման դեպքի հետ, միևնույն է` վիճակագրության մեջ պետք է նշվի հաշմանդամության հանգամանքը, դառնա հրապարակային՝ հետագայում քաղաքականության մաս դառնալու, շտապ գործողություններ ձեռնարկելու դեպքում։

Հաշմանդամություն կամ քրոնիկական կարգավիճակ ունեցող և չունեցող անձինք պետք է հետևեն հանրային առողջապահության ներկայացուցիչների բոլոր ցուցումներին՝ H1N1-ից խուսափելու համար:

Ի՞նչ անել

  • Խուսափել գրիպային վարակ ունեցող մարդկանց հետ շփումից:
  • Հաճախ լվանալ ձեռքերը:
  • Հազալիս, փռշտալիս ձեռքով փակել բերանը, կրել բժշկական դիմակ:
  • Հնարավորինս շատ մնալ տանը:
  • Հավաքել ուշ փչացող սննդամթերքի անհրաժեշտ պաշար՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, որոնք հնարավոր է երկար ժամանակ պահել սառնարանում:
  • Անհրաժեշտության պարագայում համալրել դեղատոմսը, բավարար քանակությամբ ապահովել անհրաժեշտ անձնական պիտույքները՝ մեկ շաբաթից ավելի տանը մնալու համար (եթե առողջապահության իշխանության ներկայացուցիչները համայնքում համաճարակի բարձր ցուցանիշներ արձանագրեն):
  • Տնային կամ ամենօրյա խնամք, բուժում պահանջող անձինք, ապահովել H1N1-ի և դրա բարդացումների մասին տեղեկատվությամբ:
  • Ունենալ ռետինե կամ սովորական ձեռնոցներ, դիմակ՝ դրսից եկող անձանց համար:
  • Վարակիչ հիվանդությունները հաճախ տարածում են հենց բուժաշխատողները, ովքեր պաշտպանական գործառույթները չկատարելով` վերցնում են հարուցիչներն ու տարածում: Կանխարգելիչ միջոցառումները պետք է իրականացվեն թե՛ բժիշկների, թե՛ այն մարդկանց կողմից, ում նրանք աջակցում են:
  • Ընտանիքի անդամները, ովքեր ներսուդուրս են անում, ևս պետք է հետևեն նախազգուշական միջոցներին:
  • Շնչառության խնդիր ունեցող անձինք մինչ դիմակ կրելը պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ, որովհետև դիմակը կարող է ավելի վնասել շնչառության համակարգին ու խոչընդոտներ առաջացնել:

Վերոհիշյալ ախտանշանների առկայության դեպքում, հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք պետք է դիմեն իրենց բժիշկներին՝ լրացուցիչ միջոցառումների իրականացման համար:

Նյութի ստեղծման համար աղբյուր են հանդիսացել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), Centers for Disease Control and Prevention (CDC), Post-Polio Health International հրապարակումները։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.