accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

«Կարևոր է, որ քո նախագծած շենքը չլինի միայն մի տեսակ մարդու համար»

0

Ինչպես կետադրական նշանը, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը կապօղակ է երկու կողմերի` հնի և նորի միջև, որը չի ենթադրում խզում:
2008 թվականին հիմնած «Ստորակետը» փորձում է Հայաստանում փոխել մոտեցումը ճարտարապետության հանդեպ, նոր ու ժամանակակից լուծումներ բերել, ձևավորել ճաշակ ու ստեղծել ընտրության հնարավորություն: Արվեստանոցը նախագծել է ոչ միայն սեփական, այլև ժամանցային, կրթական ու մշակութային կառույցներ, ինչպիսիք են` «Այբ» ավագ դպրոցը, «Գրին Բին» սրճարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանը, Տաթևի վանական համալիրի Ձիթհանը, Շուշիի արվեստի ցուցասրահը և այլն:
Ճարտարապետական տեքստ-կոնտեքստի, քաղաքի կետադրական նշանների ու անմատչելիության մասին զրուցեցինք «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Շանթ Իսանյանսի հետ:

- Ձեր դիտարկմամբ` որքանո՞վ է քաղաքը հարմարեցված բոլոր բնակիչների, այդ թվում նաև` հաշմանդամություն ունեցող անձանց համար:
-
Երևանը միանշանակ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաք չէ: Նորից Հայաստանում ենք, նույն խնդիրն է: Ճարտարապետության մեջ առանձին նորմերի բաժին կա` հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեր քաղաքի թեքահարթակները խնդիր են անգամ հաշմանդամություն չունեցող անձանց համար, որովհետև չգիտես` ոտքդ կջարդվի՞, թե՞ ոտքդ թեքահարթակի վրա կդնես: 5 սմ լայնությամբ այնպիսի թեքահարթակներ են դրված, որ քայլելով անգամ չես կարողանում անցնել, ուր մնաց` սայլակով, այնպիսի թեքություններ են, որ հաշմանդամություն չունեցող անձանց համար էլ անհարմար են: Չեմ գտնում քաղաքում մի տեղ, որ հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող միայնակ անձի համար: Խոչընդոտները հաղթահարելը դժվար է, ավելի հեշտ կլիներ սայլակը քարշ տալով բարձրանալ աստիճաններով: Նույն խնդիրը կա հաշմանդամության մյուս տեսակների դեպքում: Օրինակ` տեսողության խնդիր ունեցող անձանց համար քաղաքում, դարձյալ ձևական, ձայնային ազդանշանով լուսացույցներ են տեղադրել, որոնք այնքան մոտ են իրար, որ չես հասկանում` սա քո՞ փողոցինն է, թե՞ ոչ: Ես պատկերացնում եմ` եթե աչքերս փակ կանգնեմ, չեմ հասկանա` ի՞մ անցումն է, թե՞ մյուս փողոցինը:

«Դիլիջանի Կենտրոնական Դպրոց»-ի շենքը

- Ինչպե՞ս կբացատրեք «համընդհանուր դիզայն» եզրը, որքանո՞վ եք այն կարևորում:

- Ես` որպես ճարտարապետ, ուզում եմ ասել, որ կարևոր խնդիր է, որ քո նախագծած շենքը չլինի միայն մի տեսակ մարդու համար, դա ամենակարևորն է: Այստեղ պատվիրատուի և ճարտարապետի մարդկային տեսակի խնդիր էլ կա: Բացի փողից, նաև խնդիր է ցանկությունը. ուզու՞մ ես, որ դա լինի լավագույն շենքը… Բայց եթե սահմանափակ աշխարհայացքով, կարճ խելքով «օբյեկտ» ես ուզում սարքել, պարզ է, որ քեզ ոչինչ չի հետաքրքրի. կույրը կգա՞ այստեղ, հաշմանդամություն ունեցող մարդը կկարողանա՞ ներս մտնել, թե՞ ոչ, դու քո շրջապատի համար մի բան կկառուցես, հարցը կփակվի: Եթե ուզում ես ստանալ մի շենք, որ լինի բոլորի համար, համընդհանուր դիզայնով շենքը կլինի խնդրի լուծումը:

Շուշի արվեստի սրահ

- Ձեր նախագծած ո՞ր կառույցներն են ամբողջովին մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։
-
Իհարկե, մենք փորձում ենք նախագծելիս հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց պահանջները, կարիքները: Սա մեզ համար շատ կարևոր սկզբունք է` վստահեցնում եմ: Բոլոր դպրոցները, որ նախագծել ենք, այսինքն` «Այբ» դպրոցի առաջին և երկրորդ մասնաշենքերը, երրորդը, որ նոր է կառուցվում, Կենտրոնական բանկի Դիլիջանի դպրոցում պետքարանները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար, թեքահարթակներ են կառուցված, վերելակներ են տեղադրված: Փորձում ենք հնարավորինս հարցին անդրադառնալ:

Զուգարան

Անմատչելի սանհանգույց «Գրին Բին» սրճարանում

- Պատվիրատուի կողմից որքանո՞վ են կարևորվում մատչելիության, համընդհանուր դիզայնի պայմանները:
- Պատահում է, որ պատվիրատուն պահանջի կառույցը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց հիմնականում մենք ենք առաջարկում: Կան մարդիկ, որ ասում են` լավ, անենք, հետո տեսնում են, որ շատ տարածք է զբաղեցնում, ասում են` չի՞ լինի մի քիչ փոխենք, թեքությունը քչացնենք, կարճացնենք… Կան բաներ, որ տրամաբանորեն անհնար են: Նորից նույն խնդիրն է գալիս, քանի որ մեզ մոտ պետականորեն ամրագրված չէ, որ եթե շենք ես կառուցում, ինտերիեր ստեղծում, անգամ խանութ փոխում, սրճարանում դեպի դուրս դուռ բացում և այլն, անպայման պետք է լինեն թեքահարթակ, հարմարեցում տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար և այլն… Եթե չի պարտադրվում, չես անի, որովհետև դա հավելյալ ծախս է ենթադրում, ինչը մեկ ուրիշը չի ուզում հարգել:

Օրենքի զորությունը, չգիտեմ` որքան է, ենթադրում եմ, որ ամեն ինչ գալիս է պատվիրատուի խղճից` որքան խիղճ կունենա, այնքանով կանդրադառնա այդ հարցին: Եթե խիղճ չունենա, խնդիր չի լինի իրեն: Օրինակ` եթե պիտի ինչ-որ սրճարան կառուցի, կմտածի. «100 մարդ պիտի գա, որոնցից երկուսը կլինեն հաշմանդամություն ունեցող, լավ, թող այդ երկուսը չգան»: Շատ կոպիտ է հնչում իհարկե: Բայց, եթե մարդուն ասեն, որ այսպիսի բան կառուցելիս պիտի ունենաս այս, այս, այս բաները, արդեն ուրիշ է:

- Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ մատչելի միջավայրի հարցը այսքան դժվար է լուծվում, երբ կան համապատասխան հաստատված նորմեր։
- Եթե նախագիծը տանում ես փորձաքննության, փորձաքննությունը չի վերադարձնում քեզ, գնում է այդպես, սկսվում է շինարարությունը, նշանակում է, որ դա պետության համար կարևոր չէ, առաջնահերթություն չէ:
Պետք է ծրագիր կազմել, քաղաքապետից մինչև ավելի ցածր օղակներին անընդհատ ստիպել, «բզել», բացատրել, որ կարևոր է, որ ինչ-որ գործընթացներ սկսվեն քաղաքում:

Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի բոլոր նախագծերը կարող եք տեսնել storaket.com-ում կամ «Storaket Architectural Studio» ֆեյսբուքյան էջում։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.