accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Հայկ Սմբատյան

ԼՐԱԳՐՈՂ | ԲԼՈԳԵՐ | Սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Օբսեսիվ մտքեր, կոմպուլսիվ վարք

0

Սևեռուն մտքերը շատ մարդկանց ստիպում են կրկին ստուգել՝ արդյոք արդուկն անջատվա՞ծ է, կամ մեքենայի դռները՝ փակված: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունենալու դեպքում, սակայն, կպչուն մտքերն ու սևեռուն վարքը այնքան հաճախակի բնույթ են ստանում, որ դրանք խառնվում են մարդկանց ամենօրյա կյանքին, և դժվար է դառնում այդ մտքերը ցրելը: Այնուամենայնիվ, անցանկալի մտքերից և ոչ ռացիոնալ համոզմունքներից ազատվել և դրանք կառավարել հնարավոր է՝ որոշակի թերապիայի և ինքնաօգնության մեխանիզմներից օգտվելու միջոցով:

Ի՞նչ է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (ՕԿԽ)

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ) անհանգստությամբ արտահայտված խնդիր է, որին բնորոշ են անվերահսկելի ու անցանկալի մտքերը և կրկնվող վարքագծերը, որոնք «համոզում» են մարդուն անընդհատ որոշակի կրկնվող գործողություններ կատարել: Թեև կպչուն մտքերն ու սևեռուն վարքը ռացիոնալ չեն, բայց, չնայած դրան, մարդիկ չեն կարող դրանք մերժել և ազատվել դրանցից:

Ինչպես հին նվագարկիչի ասեղն է դիպչում պտտվող սկավառակին, այնպես էլ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետևանքով ուղեղը «կպչում» է մի կոնկրետ մտքի կամ համոզմունքի: Ասենք՝ դուք, հնարավոր է՝ 20 անգամ ստուգեք գազօջախը՝ վստահ լինելու համար, որ անջատել եք այն, կամ էլ՝ անընդհատ լվանաք ձեր ձեռքերը, մինչև դրանք մաշվեն:

Հասկանանք ՕԿԽ օբսեսիաներն ու կոմպուլսիաները

Օբսեսիաները բնազդային, ըստ էության, անկառավարելի մտքեր, պատկերներ կամ ազդակներ են, որոնք անընդհատ կրկնվում են մարդու մտքում: Սովորաբար դրանք լինում են անցանկալի մտքեր, որոնք անհանգստացնող և խանգարող բնույթի են:

Կոմպուլսիաները այնպիսի վարքագծեր կամ ծեսեր են, որոնք մարդը միտված է անընդհատ կրկնելու: Սովորաբար կոմպուլսիաների դրսևորումը միջոց է ազատվելու օբսեսիաներից: Օրինակ` երբ դուք վախենում եք վարակներից, ձեզ մոտ կարող է խիստ մանրակրկիտ լվացվելու սովորություն կամ ծես առաջանալ: Այնուամենայնիվ, այս գործողությունները չեն նպաստում նրան, որ կպչուն մտքերը առավել հաճախ չվերադառնան: Եվ, որպես արդյունք, կոմպուլսիվ գործողությունները հանգեցնում են անհանգստության աճի, քանի որ դրանք դառնում են էլ ավելի պարտադրող և ժամանակատար:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մարդկանց գերակշիռ մասը բաժանվում է խմբերի.

  • լվացվողները վախենում են վարակներից և դրսևորում են լվացվելու կոմպուլսիաներ,
  • ստուգողները հաճախակի ստուգում են այն ամենը (գազօջախի անջատված լինելը, դռան փակ լինելը և այլն), որոնք նրանք ասոցացնում են ցավի կամ վտանգի հետ,
  • կասկածողներն ու մեղավորները վախենում են, որ եթե ամեն ինչ կատարյալ չլինի և ճիշտ ձևով չարվի, մի ինչ-որ ահավոր բան կպատահի իրենց հետ, կամ էլ իրենք կպատժվեն,
  • հաշվողներն ու պլանավորողները կախվածություն ունեն կարգուկանոնից և համաչափությունից. նրանք կարող են սնահավատություն ունենալ որոշակի թվերի, գույների կամ դասավորությունների նկատմամբ,
  • կուտակողները վախենում են, որ իրենց հետ վատ բան կպատահի, եթե որևէ բան դեն նետեն. նրանք հակված են անվերահսկելիորեն կուտակել այնպիսի իրեր, որոնք իրենց պետք չեն կամ չեն օգտագործում:

Միայն այն փաստը, որ մարդը օբսեսիվ մտքեր կամ կոմպուլսիվ վարք է դրսևորում, դեռ չի նշանակում, որ ունի օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում: ՕԿԽ ունենալու դեպքում այդ մտքերն ու վարքը հանգեցնում են խոր մտահոգությունների և անհանգստության, խլում են երկար ժամանակ և խառնվում են մարդու ամենօրյա կյանքին և հարաբերություններին:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման նշաններն ու նախանշանները

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեցող մարդկանց մեծ մասի մոտ դրսևորվում են և´ օբսեսիաներ, և´ կոմպուլսիաներ, բայց որոշ մարդկանց մոտ կարող է դիտվել դրանցից միայն մեկը:

Օբսեսիվ մտքեր

  • վախը մանրէներից կամ կեղտից վարակվելու կամ այլոց վարակելու նկատմամբ,
  • վախը ինքդ քեզ կամ ուրիշներին վնասելու նկատմամբ,
  • սեքսուալ կամ բռնի կպչուն մտքերը և մտապատկերները,
  • գերկենտրոնացումը կրոնական կամ հոգևոր գաղափարների վրա,
  • վախը անհրաժեշտ երևույթները կորցնելու կամ չունենալու նկատմամբ,
  • կարգուկանոնն ու համաչափությունը, գաղափարը, որ ամեն ինչ պետք է պլանավորածի պես լինի,
  • սնահավատությունը՝ արտահայտված հաջողակ կամ անհաջողակ համարվող երևույթների, իրերի նկատմամբ չափից մեծ ուշադրությամբ:

Կոմպուլսիվ վարքագծեր

  • չափից դուրս կասկածամտությունը՝ արտահայտված երևույթների, ասենք` կողպեքների, սարքավորումների և անջատիչների կրկնակի ստուգմամբ,
  • սիրելի մարդկանց նկատմամբ չափից շատ ուշադրությունը՝ վստահ լինելու համար, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է,
  • հաշվելը, ձեռքով շարունակ թխկթխկացնելը, միևնույն բառերը կրկնելը կամ այլ անիմաստ գործողություններ կատարելը՝ անհանգստությունը նվազեցնելու նպատակով,
  • լվացվելու կամ սրբվելու վրա շատ ժամանակ ծախսելը,
  • իրերը կարգավորելն ու դասավորելը «այնպես, ինչպես պետք է»,
  • կրոնական վախից դրդված՝ հաճախակի աղոթելը կամ ծիսակարգերին մասնակցելը,
  • անպետք իրեր, մասնավորապես, հին լրագրեր ու սննդի դատարկ տարաներ կուտակելը:

Մեր առաջիկա հրապարակումներում կանդրադառնանք նաև թերապիաներին և ինքնօգնության ձևերին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.