accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

2016-ը՝ հավասար հնարավորությունների տարի

0

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականը Հայաստանի Կառավարության կողմից հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Երկրում մի շարք միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվելու՝ ուղղված իրավական ոլորտի բարեփոխմանը, հանրային իրազեկության բարձրացմանը, մատչելիության ապահովմանը, ինչպես նաև առողջապահության, սպորտի և մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը:

Հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Կառավարության համատեղ մշակած ծրագրի համաձայն` 2016-ին իրականացվելու են հետևյալ հիմնական գործողությունները.

Իրավական ոլորտի միջոցառումներ

  • ՀՀ 9 նախարարություն համատեղ` hաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենսդրական ակտերը, ոլորտի ռազմավարական և զարգացման ծրագրերի դրույթները կհամապատասխանեցնի ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին:
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմշակի և ՀՀ Կառավարության աշխատակազմին կներկայացնի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպա­նության և սոցիա­լական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված հիմնական մոտեցումների և միջոցառումների ծրագրում կմշակի և ՀՀ Կառավարության աշխատակազմին կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված 2016-2021 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը:

Հանրային միջոցառումներ և իրազեկության բարձրացում

  • ՀՀ 8 նախարարություն ՀԿ-ների և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցմամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հավասար հնարավորությունների ապահովմանն ու հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված շուրջ 100 բազմաբնույթ հանրային միջոցառումներ կիրականացնի:
  • ՀՀ 2 նախարարություն ՀԿ-ների հետ համաձայնեցմամբ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերի (կրթական, առողջապահական, զբաղվածության, մատչելի միջավայրի ապահովման և այլն) լուսաբանման, նրանց իրավունքների իմացությանն ուղղված գիտելիքների խորացման և հանրային իրազեկման մակարդակի բարձրացման համար տարվա ընթացքում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում» խորագրով կլոր սեղաններ կկազմակերպի:
  • Երևանի քաղաքապետարանի, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ համաձայնեցմամբ ՀՀ 4 նախարարություն «Համայնքների դերը և պատասխանատվությունը համայնքի սոցիալ-մշակութային և տնտեսական կյանքում, հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության և սոցիալական ներառման հարցերում» խորագրով հեռուստատեսային, ռադիո և առցանց հրապարակումներ, սեմինարներ և կլոր սեղաններ կկազմակերպի:
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ համաձայնեցմամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպա­նությանը և սոցիա­լական ներառմանը վերաբերող օրենսդրության հանրա­յին իրազեկմանը նպաստելու նպատակով սոցիալական հոլովակներ կնկարահանի, տեղեկատվական պաստառներ կկազմի, դասընթացներ կանցկացնի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար:
  • Հանրա­յին իրազեկման ապահովման նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց հիմ­նախն­դիր­ների վերա­բերյալ գրականու­թյուն, մեթոդա­կան ուղեցույցներ կմշակվեն:
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը Արցախյան գոյամարտի և ՀՀ պետական սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներին և ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կխրախուսի մեդալներով և շնորհակալագրերով:

Մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումներ

  • ՀՀ մարզպետարանները, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Երևանի քաղաքապետարանի և ՏԻՄ-երի հետ համաձայնեցմամբ փողոցներում, այգիներում, շենք-շինություններում թեքահարթակներ կկառուցեն և կվերակառուցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձևավորման նպատակով:
  • Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցմամբ տեսողության խնդիր ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախազգուշացման և հարմարեցման նոր համակարգերի ապահովման նպատակով մայթեզրերը և հետիոտնի համար նախատեսված գոտիները նոր հարմարեցման համակարգերով կկահավորվեն:
  • Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն 3 հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում անվասայլակից օգտվող անձանց համար նախատեսված սանհանգույցներ կկառուցվեն կամ առկա սանհանգույցները կհարմարեցվեն:
  • Երևանում ևս 5 ավտոբուս կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Մշակութային և մարզական ոլորտի միջոցառումներ

  • ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում «Իմ ներառական դպրոցը» վերնագրով շարադրությունների մրցույթ կկազմակերպի:
  • ՀՀ մշակույթի նախարարությունը հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք ինտեգրման համար 7 անվանակարգերով փառատոն կանցկացնի (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչական արվեստ, հեռուստանախագիծ):
  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀԿ-ների հետ համաձայնեցմամբ հաշմանդամային սպորտի խթանմանն ուղղված հետևյալ ծրագրերը կիրականացնի.
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնի կազմակերպում
  2. «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրով ֆուտբոլի հանրապետական առաջնություն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների մասնակցությամբ
  3. Կույր շախմատիստների Հայաստանի առաջնություն
  4. Խուլ անձանց մասնակցությամբ մարզական միջոցառումների իրականացում
  5. «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում:

Միջոցառումների ամբողջական ցուցակը կարող եք բեռնել այստեղից:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.