accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զառա Ասկարյան

Լրագրող

Մասնագիտություն, որն օգնում է մարդկանց ինքնուրույն լինելու

0

Զարուհի ՀարությունյանՀարցազրույց էրգոթերապիստ, ՀՊՄՀ լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս Զարուհի Հարությունյանի հետ։

Ի՞նչ է էրգոթերապիան

«Էրգոթերապիա» կամ «օկուպացիոն թերապիա» մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել, և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա գործողություններում:

«Էրգոս» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է աշխատանք, զբաղվածություն, անգլերենում ավելի շատ օգտագործվում է «օկուպացիոն թերապիա» եզրը։

Լինելով հատուկ մանկավարժության ոլորտ՝ էրգոթերապիա մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը ենթադրում է ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավում և ապահովում նրանց հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն առօրյա տարբեր գործողություններում:

Որպես «այցելուակենտրոն» մասնագիտություն` էրգոթերապիան միտված է զբաղվածության ապահովման միջոցով խթանելու մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը: Էրգոթերապիայում զբաղվածություն են հանդիսանում ամենօրյա այն գործողությունները, որոնք անձը կատարում է` իր ժամանակը լցնելով և կյանքը իմաստավորելով: Հարկ է նշել, որ էրգոթերապիան ընդլայնում է անձանց ներգրավվածությունն իրենց իսկ նախընտրած գործունեության այն ձևերում, որոնցում ցանկանում են զբաղված լինել կամ որոնք ցանկանում է կատարել:

Տարբեր բնագավառներում էրգոթերապիայի մասնագիտական գործունեությունը միտված է աջակցելու և ապահովելու առօրյա գործողություններում անձանց առավելագույն անկախ և ինքնուրույն մասնակցությունը` նրանց կարողությունների զարգացման կամ միջավայրային փոփոխությունների միջոցով: Հարկ է նշել, որ էրգոթերապիան, մասնավորապես, կրթության համակարգում, ընդլայնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավվածությունն իրենց իսկ նախընտրած գործունեության ձևերում:

Գուլպաներ հագնելու հարմարանք

Ի՞նչ խնդիրների ժամանակ է կիրառվում էրգոթերապիան

Էրգոթերապիան իր գործունեությունն է ծավալում հասարակության տարբեր խմբերի, ‎ տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքում, մասնավորապես` մանկաբուժության, նյարդաբուժության, հոգեբուժության, վնասվածքաբանության, ծերաբուժության, մտավոր խնդիրներ անձանց հետ աշխատանքի ոլորտներում:

Վերականգնողական միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ ուղեկցվող մասնագիտական գործունեությունը կոչված է խթանելու անհատի առավել անկախ գործունեությունն իր առօրյայում՝ ապահովելով ոչ միայն ինքնախնամքի և ինքնասպասարկման համար անհրաժեշտ կենցաղային ամենատարբեր գործողությունների կատարումը, այլև ստեղծելով համապատասխան պայմաններ աշխատանքի, ժամանցի և հանգստի կազմակերպման համար:

Լսղության, տեսողության, մտավոր և այլ խնդիրների ժամանակ էրգոթերապիստը համագործակցում է տվյալ ոլորտի մասնագետի հետ՝ սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի, հատուկ մանկավարժի։

Երբ աշխատում են մեծահասակների հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում նախկինի պես կատարել իրենց ամենօրյա գործողությունները, վերականգնողական աշխատանքներում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նաև միջավայրային պայմաններին և կենցաղային այն պարագաներին, որոնց հարմարեցմամբ հնարավոր է ընդլայնել անձի մասնակցությունն ու ինքնուրույնությունը տվյալ գործողության կատարման մեջ:

Երեխաների հետ աշխատանքում էրգոթերապիստները կիրառում են խաղային գործունեությունը, հմտությունների զարգացումը և ուսուցումը կատարվում են խաղերի միջոցով: Խաղերը շատ տարբեր են՝ փազլ, խճանկար, մանր և խոշոր խաղալիքներ բռնել։ Յուրաքանչյուրի հետ աշխատանքը պահանջում է անհատական մոտեցում՝ ելնելով տվյալ անձի կարիքներից և զբաղվածության հիմնախնդրից: Միջամտության ուղիների ընտրությունը, այս դեպքում՝ խաղերը, նույնպես կախված են նրանից, թե ինչ հմտություն են զարգացնում, ինչպես նաև, թե ինչ խնդիր ունի երեխան:

Կարևորվում է նաև կենցաղային պարագաների հարմարեցումը, որը նույնպես կատարվում է յուրաքանչյուր անձի առանձնահատուկ կարիքներին և կարողություններին համապատասխան:


Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.