accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Հաճախ տրվող հարցեր վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգի մասին

0

Ի՞նչ է վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ՝ ՎԱԾ):

- ՎԱԾ-ը սահմանված որոշակի վավերապայմաններով և ձևով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը:

Ի՞նչ է ներառում ՎԱԾ-ը:

- ՎԱԾ-ը ներառում է բժշկական, մասնագիտական (աշխատանքային) և սոցիալական վերականգնման ծրագրեր, որոնցում համապատասխանաբար սահմանված են հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար նախատեսված միջոցառումները: Բժշկական վերականգնման ծրագրում, ըստ անհրաժեշտության, ընդգրկվում են հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագրով սահմանված բժշկական վերականգնողական միջոցառումները, ինչպես նաև վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրում նախատեսող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքները:

Ինչպե՞ս է կազմվում վերականգնողական անհատական ծրագիրը:

- ՎԱԾ-ը կազմվում է՝

  1. անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու (այդ թվում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումների վերանայման արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու) դեպքում.
  2. ՎԱԾ չունեցող՝ նախկինում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար՝ այդպիսի անհրաժեշտություն առաջանալու պարագայում.
  3. անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների համար, նրանց ՎԱԾ-ի իրականացման ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների փոփոխման և/կամ լրացման անհրաժեշտություն.
  4. ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա.
  5. այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

Ո՞ւմ կողմից է այն կազմվում:

- ՎԱԾ-ը կազմվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) տարածքային մարմինների (այսուհետ՝ ԲՍՓՀ) և վերափորձաքննության բաժնի կողմից:

Ե՞րբ է ՎԱԾ-ը Գործակալության ԲՍՓՀ-ի կողմից կազմվում:

- ՎԱԾ-ը կազմվում է՝

  1. անձին առաջին անգամ որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում,
  2. հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում ԲՍՓՀ-ի կողմից իրականացված վերափորձաքննության արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում,
  3. ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա, եթե կորցրած ՎԱԾ-ը կազմված է եղել ԲՍՓՀ-ի կողմից:

Ե՞րբ է ՎԱԾ-ը կազմվում Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից:

- Գործակալության վերափորձաքննության բաժնի կողմից ՎԱԾ-ը կազմվում է`

  1. ԲՍՓՀ-ի կողմից կայացված բժշկասոցիալական փորձաքննական որոշումների վերադասության կարգով վերանայման արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում,
  2. իր կողմից կայացված բժշկասոցիալական փորձաքննական որոշումների վերանայման արդյունքում անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում,
  3. ՎԱԾ-ի թղթային կրիչը կորցնելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա, եթե կորցրած ՎԱԾ-ը կազմված է եղել վերափորձաքննության բաժնի կողմից,
  4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Ի՞նչ ժամկետներում է կազմվում ՎԱԾ-ը:

- ՎԱԾ-ը կազմվում է անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Ի՞նչ հիմքով է կազմվում ՎԱԾ-ը:

- ՎԱԾ-ը կազմվում է՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիայի խանգարման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), կենսագործունեության սահմանափակման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), վերականգնողական ներուժի գնահատումը, միջավայրային գործոնները (անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայրը, այդ թվում նաև՝ հասարակության կողմից անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը), կլինիկական ու վերականգնողական կանխատեսումները, ինչպես նաև վերականգնմանն ուղղված այնպիսի միջոցառումների ընդգրկման անհրաժեշտությունը, որոնք առավելապես կնպաստեն հաշմանդամություն ունեցող անձի ֆիզիկական, մտավոր, մասնագիտական ունակությունների և կարողությունների զարգացմանը և (կամ) պահպանմանը, սոցիալական ներառմանը: Հաշմանդամություն ունեցող երեխայի ՎԱԾ-ը կազմելիս, առկայության դեպքում` հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից տրված եզրակացությունները:

Ի՞նչ ժամկետով է կազմվում ՎԱԾ-ը:

- ՎԱԾ-ը կազմվում է ըստ հաշմանդամության սահմանման ժամկետի` մեկ կամ երկու տարի ժամկետով, հաշմանդամություն ունեցող երեխաների համար` երկու տարի ժամկետով կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը: Հաշմանդամությունն անժամկետ սահմանելու դեպքերում ՎԱԾ-ը կազմվում է մինչև հինգ տարի ժամկետով:

Ե՞րբ կարող է հաշմանդամություն ունեցող անձը ստանալ իր ՎԱԾ-ը:

- Թղթային կրիչով ՎԱԾ‑ը հաշմանդամություն ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին առձեռն հանձնվում է այն կազմելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով առձեռն հանձնելու հնարավորություն առկա չէ, այդ թվում՝ եթե հաշմանդամություն ունեցող անձն ինքն է խնդրել օգտագործելու հանձնման այլ միջոցներ կամ չի ներկայանում ՎԱԾ-ն առձեռն ստանալու համար, ՎԱԾ-ը սույն կետով սահմանված ժամկետում հաշմանդամություն ունեցող անձին կամ նրա ներկայացուցչին ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ պատվիրված նամակով, ստանալու մասին ծանուցմամբ կամ օրենքով սահմանված այլ եղանակներով:

Ինչպե՞ս է էլեկտրոնային կրիչով ՎԱԾ-ը կազմվում:

- Էլեկտրոնային եղանակով ՎԱԾ-ը կազմվում է ՎԱԾ-ի համար նախատեսված անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարան մուտքագրելու միջոցով՝ եռօրյա ժամկետում: Էլեկտրոնային եղանակով կազմված ՎԱԾ-ը և դրանում ներառված առանձին ծրագրերի, դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգով սահմանված դեպքերում և պայմաններով ուղարկվում և (կամ) առցանց կերպով հասանելի է լինում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և համայնքների՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող սոցիալական աջակցության տարածքային բաժիններին (այսուհետ՝ սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանում), վերականգնողական, տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ սարքեր, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ (այսուհետ նաև՝ պարագաներ) տրամադրող կազմակերպություններին:

Կարելի՞ է արդյոք հրաժարվել ՎԱԾ-ից:

- Հաշմանդամություն ունեցող անձի համար ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ՎԱԾ-ի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ ՎԱԾ-ում ներառված որևէ ծրագրի (բժշկական, մասնագիտական (աշխատանքային), սոցիալական) կամ դրանցում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:

Կարո՞ղ է արդյոք ՎԱԾ-ը չիրականացվել:

- ՎԱԾ-ը ենթակա է պարտադիր կատարման հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը կազմակերպող և իրականացնող բոլոր սուբյեկտների (մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների, անձանց) կողմից՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից, բացառությամբ այն դեպքերի, եթե հաշմանդամություն ունեցող անձն է հրաժարվում որևէ միջոցառման իրականացումից:

Ե՞րբ և ինչպե՞ս կարող է ՎԱԾ-ը փոփոխությունների ու լրացումների ենթարկվել:

- ՎԱԾ-ում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ՎԱԾ-ը կազմող՝ Գործակալության վերափորձաքննության բաժնի կամ ԲՍՓՀ-ի կողմից, ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական ծրագրերի կամ դրանցից որևէ մեկի իրականացման ընթացքում, այդպիսի անհրաժեշտության առկայության պարագայում՝

  1. հաշմանդամություն ունեցող անձի դիմումի հիման վրա.
  2. ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական, սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումներն իրականացնող համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների, անձանց), Նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այդ թվում` դրա տարածքային կենտրոնների), սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների և բուժատեխնիկական հանձնաժողովի նախաձեռնությամբ.
  3. ՎԱԾ-ը կազմող՝ Գործակալության վերափորձաքննության բաժնի կամ ԲՍՓՀ-ի նախաձեռնությամբ.
  4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված դեպքերում և կարգով:

ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերից յուրաքանչյուրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են այն դեպքում, եթե համապատասխան ծրագրում ընդգրկված մեկ կամ մի քանի միջոցառումների իրականացման արդյունքում պարզվում է, որ դրանք չեն նպաստել հաշմանդամություն ունեցող անձի լրիվ կամ մասնակի վերականգնմանը կամ այդ միջոցառումների արդյունավետությունն էապես ցածր է եղել ակնկալվող արդյունքներից, կամ ՎԱԾ-ը կազմելուց հետո հաշմանդամություն ունեցող անձի առողջական վիճակի, սոցիալական կարիքների փոփոխությամբ պայմանավորված, առաջացել է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանն ուղղված նոր միջոցառումների կատարման կամ իրականացվող միջոցառումների ձևի և ծավալի փոփոխության անհրաժեշտություն, կամ փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումն էապես կնպաստի հաշմանդամություն ունեցող անձի բժշկական և (կամ) մասնագիտական և (կամ) սոցիալական կարգավիճակի վերականգնմանը:

Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է գնահատվում ՎԱԾ-ում ընդգրկված ծառայությունների իրականացումը:

- ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված առանձին միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է՝

  1. բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից՝ ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված համապատասխան միջոցառման իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո,
  2. Նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այդ թվում` դրա տարածքային կենտրոնների) կողմից՝ ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված տվյալ միջոցառման տրամադրման գործընթացն իր կողմից կազմակերպելու կամ իրականացնելու դեպքում՝ համապատասխան միջոցառումն իրականացնելուց կամ դրա իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո,
  3. սոցիալական աջակցության տարածքային ստորաբաժանումների կողմից՝ սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման կամ դրանց իրականացումը կազմակերպելու դեպքում, համապատասխան միջոցառումն իրականացնելուց կամ դրա իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո:

Որտեղի՞ց պետք է տեղեկություն ստանալ 2018 թվականի հունվարի 1-ից ՎԱԾ-ի վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման մասին:

- Հարկ եղած տեղեկատվությունը պետք է ստանալ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թ. հոկտեմբերի 25-ի N 43 արձանագրային որոշման N 1 հավելվածով հաստատված առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունն այդ համակարգում բացակայում է:

Մինչև ե՞րբ պետք է վերականգնողական անհատական ծրագիրը հանձնվի հաշմանդամություն ունեցող անձին:

- Վերականգնողական անհատական ծրագիրը փաստաթղթային եղանակով՝ թղթային կրիչով, կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկական օրինակները հանձնվում են հաշմանդամություն ունեցող անձին (կամ նրա ներկայացուցչին) և հաշմանդամություն ունեցող տվյալ անձի սպասարկման տարածքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (կամ բաժնին), մինչև 2018 թ. հունվարի 1-ը:

Նոր ՎԱԾ կազմելու դեպքում ի՞նչ է արվում նախորդը:

- Տվյալ դեպքում հաշմանդամություն ունեցող անձին տրված նախորդ ՎԱԾ-ը պահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմիններում:

Ո՞րն է ՎԱԾ-ի կազմման նպատակը:

- ՎԱԾ-ի կազմման և դրանում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման նպատակը հաշմանդամություն ունեցող անձի վերականգնումն է: ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման նպատակն է` այդ միջոցառումները սահմանելիս ակնկալվող արդյունքների և վերականգնողական միջոցառումների իրականացման փաստացի արդյունքների համադրումը, հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը, դրանց բացասական ներգործության հետևանքների կանխումը կամ նվազեցումը, հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական, այդ թվում՝ աշխատանքային վերականգնման (այսուհետ՝ մասնագիտական վերականգնում) և սոցիալական վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումը:

ՀՀ քաղաքացիութուն չունեցող անձը կարո՞ղ է ՎԱԾ ունենալ:

- Այո´, եթե տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված է համապատասխան միջպետական պայմանագիր:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.