accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աղավնի Սուքիասյան

Լրագրող | Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

ՀՀ ոստիկանությունը հապաղում է հարմարեցումներ ստեղծելու գործում

0

Disabilityinfo.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում գործող անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) տարածքային գրասենյակների հարմարեցվածության և մատչելիության հարցը:

Թեպետ ՀՀ ոստիկանության հանրային կապերի և լրատվության վարչությունը դեռևս նախորդ տարվա մարտին մեզ տեղեկացրել էր, որ 2015-ի ընթացքում համապատասխան տեխնիկական հնարավորություններով կապահովվեն 7 անձնագրային բաժանմունք ամբողջ Հայաստանում, այս տարվա մեր հարցմանն ուղղված պատասխանից պարզ է դառնում, որ միայն 3-ում են սկսել վերանորոգման աշխատանքները, որոնք սակայն դեռ ավարտին չեն հասցվել, և շինարարական աշխատանքները կշարունակվեն 2016-ին: Այդ ստորաբաժանումներն են՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժանմունքը (ք. Երևան, Աջափնյակ, Ա. Սարգսյան 22), Կոտայքի անձնագրային բաժանմունքը (ք. Աբովյան, Շահումյան 20), Թալինի անձնագրային խումբը (ք. Թալին, Մաքսիմ Գորկու 14): «Այս տարի ԱՎՎ Դավիթաշենի և Վանաձոր քաղաքի Բազումի անձնագրային բաժանմունքները ևս կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց»,- հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հարկ է նշել, որ 2014 թ. ՀՀ ոստիկանությունը մեզ տեղեկացրել էր, որ ի թիվս անձնագրային և վիզաների վարչության այլ տարածքային բաժանմունքների, թեքահարթակով կհամալրվի նաև Չարենցավանի անձնագրային բաժանմունքը, որը մինչ օրս շարունակում է մնալ առանց թեքահարթակի և հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի:

Վարչությանն ուղղված մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք թեքահարթակներից բացի կա՞ն կույրերի և թույլ տեսնողների համար տեխնիկական միջոցներով հագեցված տարածքային բաժանմունքներ, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը հայտնել է. «Թեքահարթակներից բացի, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում առկա է 2 վերելակ»:

Շրջիկ կայանների հարցում դրական տեղաշարժ չկա: Նախորդ տարի մեր այն հարցին, թե ե´րբ կավելանա ՀՀ-ում գործող շրջիկ կայանների թիվը, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը որևէ ժամկետ չէր նշել, ասելով, որ նոր շրջիկ կայաններ ձեռք բերելու և գործարկելու համար բանակցություններ են ընթանում լեհական PWPW կազմակերպության հետ (ըստ նախնական ծրագրի՝ նախատեսվում էր ձեռք բերել 20 շրջիկ կայաններ)  և հավելելով, որ յուրաքանչյուր մարզում գործում են մեկական, իսկ Երևանում՝ երկու շրջիկ կայաններ (ընդամենը՝ 12):

Սակայն այս տարվա մեր հարցմանն ի պատասխան վարչությունը նշել է. «Երևան քաղաքում և մարզերում 2015 թ. ընթացքում գործել են կենսաչափական համակարգի 10 շրջիկ կայան, որոնք տեղաբաշխված են եղել հետևյալ կերպ. 2-ը՝ Երևանում, մեկական կայաններ՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Շարժական կայանների թիվը 2016 թ. նախատեսվում է ավելացնել 15-ով» :

Հարկ ենք համարում նշել, որ շրջիկ կայանների սահմանափակ թվով և դրանց տեխնիկական հագեցվածությամբ, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսներով էր պայմանավորված այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները անձնագրային բաժանմունք հասնելու դժվարություն ունենալու պատճառով ստիպված են իրենք հոգալ կայանների այցելությունը իրենց բնակարան:

Թեմայի վերաբերյալ մեր հրապարակումները
02/04/2014 – Այս տարի 20 անձնագրային ծառայություններ կհարմարեցվեն
12/18/2014 – Կրկնակի խտրականություն` անձնագիր ձեռք բերելու ճանապարհին
03/17/2015 – Խոստացել էին հարմարեցնել 20 բաժանմունք

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.