accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

«Ներառական կրթությունը մի պատկերացրեք միայն ֆինանսական հնարավորություն»

0

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Լոռու մարզում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի 788 երեխա: Նրանցից 620-ը կրթություն են ստանում մարզում գործող 17 ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, 168 հաշմանդամություն ունեցող երեխաներ կրթվում են հատուկ դպրոցներում, իսկ 35 երեխայի համար էլ իրականացվում է տնային ուսուցում:

«Եթե այս ցուցանիշը փորձենք կապել նաև մեր փորձնական ծրագրի հետ, երևում է, որ ցուցանիշը 52-ից իջել է: Արդեն 35 երեխա ունենք, որոնց համար տնային ուսուցում է իրականացվում: Ի պատիվ մեր դպրոցների և համայնքների` շատ երեխաներ արդեն դպրոց են հաճախում»,- նշում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

Նախորդ տարիների համեմատությամբ նվազել է նաև մարզի հատուկ դպրոցներում սովորող երեխաների թիվը: Այս հարցում իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցները:

«Ներառական կրթություն իրականացնող դպրոցներն այլընտրանք հանդիսացան, որպեսզի երեխաները գնան ընտանիքներ: Հատուկ դպրոցը լուծում է նաև սոցիալական խնդիր և գիշերելու հնարավորություն է տալիս, բայց վերջերս նախարարությունը թույլ տվեց, որ դպրոցում գիշերել չցանկացող երեխաները միայն դպրոց հաճախեն»:

Նարեկ Սարգսյանը, միաժամանակ, իր մտահոգությունն է հայտնում նաև հատուկ դպրոցների առնչությամբ. «Այս պահին տեղեկություն ունեմ, որ հանրապետությունում 23-ի փոխարեն 4 հատուկ դպրոցներ են մնալու: Պարզապես մեր դպրոցներն այսօր պատրաստ չեն շատ ծանր երեխաներին ընդունելու, որովհետև նրանք չունեն ինքնասպասարկման հմտություններ, և նրանց հետ պետք է զուտ նեղ մասնագիտական խումբ աշխատի»:

Խոսելով ոլորտում առկա թերությունների մասին` բաժնի պետն ընդգծում է, որ առաջնային խնդիր է համարվում այն, որ դպրոցները չեն համագործակցում մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ:

Տարվա ընթացքում բաժինը համագործակցել է նաև ցերեկային խնամք իրականացնող և բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնների հետ, սակայն վերջինի հետ համագործակցությունը ևս բաժնի պետը թույլ է համարում. «Օրենքով ծնողի մասնակցությունը պարտադիր է երեխայի գնահատման ժամանակ: Մենք ներկա եղանք հատուկ դպրոցում անցկացվող գնահատմանը և տեսանք, որ նաև անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) լրացման ժամանակ ծնողների մասնակցությունը դպրոցներում ձևական բնույթ ունի: Ճիշտ է, նախորդ տարիների համեմատությամբ այս բացը բավականին լրացվել է, և դպրոցներում մեր մասնագիտական թիմներն ավելի շատ մասնագիտացված աշխատանք են կատարում, բայց սա շատ կարևոր է»:

Խնդրին լուծում տալու համար այս տարի նախատեսվում է «Նռնենի» կազմակերպության հետ համատեղ մարզի 5 դպրոցներում իրականացնել փորձնական ծրագիր, որի ընթացքում շեշտը կդրվի դպրոցի մասնագիտական թիմ-ծնող համագործակցության վրա:

- Եթե մասնագիտական թիմը դպրոցում բավականին լուրջ աշխատանք է կատարում, իսկ տանը ծնողը տեղյակ չէ երեխայի խնդիրների մասին, թե ինչ աշխատանք է կատարվել դպրոցում, այդ աշխատանքը զրոյականացվում է: Մենք այս տարի շեշտը կդնենք նաև ընտանիքների հետ կապի վրա և կաշխատենք ներառական կրթություն իրականացնող մասնագիտական թիմերի հետ այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Այստեղ էլ համակարգային խնդիր կա»,- նշում է Նարեկ Սարգսյանը:

Արթուր Նալբանդյան

Արթուր Նալբանդյանը

2015 թվականի աշխատանքներն ամփոփելիս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, անդրադառնալով ներառական կրթություն իրականացնող դպրոցներին, նշել էր, որ այսօր կան դպրոցներ, որոնք ներառական կրթությանը վերաբերվում են որպես ֆինանսական նոր աղբյուրի:

- Ես պետք է մեր դպրոցի տնօրեններին խնդրեմ, որ նրանք ներառական կրթությունը չպատկերացնեն միայն ֆինանսական հնարավորություն: Շատ դեպքերում, եթե ծնողը չի գիտակցում, ապա դպրոցում մենք պարտավոր ենք գիտակցել, որ եթե երեխան առողջ է, անիմաստ նրան չդարձնենք ներառական կրթության երեխա: Բոլորս էլ գիտենք, որ դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով: Այս պարագայում, իհարկե, դպրոցը մի փոքր ավելի շահեկան վիճակում է գտնվում, բայց չպետք է մոռանալ, որ մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում և մեր երեխաներին ինչ-որ չափով զրկում ենք այն բոլոր հնարավորություններից, որ կտա հանրակրթական դպրոցի կրթությունը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.