accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Հայկ Սմբատյան

ԼՐԱԳՐՈՂ | ԲԼՈԳԵՐ | Սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Հեղափոխական շարժում նորաձևության աշխարհում

0
Լուսանկարում Մինդի Շեյերն է իր որդու հետ։ Նրանք կանգնած են խանութում։

Մինդի Շեյերը և իր որդին

Մինդի Շեյերը նորաձևության դիզայներ է: Մի քանի տարի առաջ նա որոշել է իր հմտությունները ծառայեցնել ավելի վեհ նպատակի համար:

Մինդիի որդին՝ Օլիվերը, ծնվել է մկանային դիստրոֆիայի հազվագյուտ տարատեսակով, ինչն էլ Մինդիին ոգեշնչել է 2013 թվականին հիմնել հարմարեցված հագուստ արտադրող ոչ առևտրային Runway of Dreams (բառացի՝ «Երազանքների քայլահարթակ») կազմակերպությունը:

«Երբ նկատեցի, որ Օլիվերը հետևում է իր հագնելու ոճին, հասկացա, որ կանգնած եմ որոշման առջև. կա՛մ թողնել, որ նա ջինս հագնի, ինչը կնշանակեր, որ նա չէր կարողանա ինքնուրույն օգտվել զուգարանից, կա՛մ ասել նրան, որ չի կարող մյուս երեխաների պես հագնվել: Եվ «ոչ» ասելը տարբերակ չէր»,- պատմում է Մինդին:

Այդ ժամանակից ի վեր Runway of dreams-ը հատուկ տեխնոլոգիա է կիրառում՝ հիմնական հագուստը տարբեր կազմվածքի մարմնին հարմարեցնելու նպատակով:

Կազմակերպությունը նաև երաշխավորում է ապրանքի առավելագույն մատչելիություն տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար՝ արտադրելով հագուստ, որը հնարավոր կլինի հագնել կամ հանել մի քանի ձևերով: Թիմը համագործակցում է նաև MagnaReady-ի հետ՝ ավանդական կոճակով հագուստից ազատվելու նպատակով, որոնք դժվար են կոճկվում ու արձակվում:

Եվ այս շաբաթ Runway of Dreams-ը մեկնարկում է իր առաջին համագործակցությունը առաջատար բրենդներից մեկի՝ Tommy Hilfiger-ի հետ:

«Մենք կապ հաստատեցինք Թոմմի Հիլֆիգերի հետ մեր արտադրող Global Brands Group-ի միջոցով, և մեր բախտը բերեց, որ բացառապես բոլորը կողմ էին և պատրաստ աջակցելու մեր առաքելությանը. նրանք անմիջապես միացան,- ասում է Մինդին՝ ավելացնելով,- բոլոր երեք կողմերի համար էլ կարևոր է հարմարեցնել նույն հագուստը, որ հաճախ հանդիպում է խանութներում, քանի որ բոլոր երեխաներն արժանի են լինելու նորաոճ, ինչպես իրենց հասակակիցները… ինչպես Օլիվերն ու իր ջինսերը»:

Երեխաները ցուցադրում են իրենց հագուստը՝ կանգնած փայտե տուփի վրա։ Աղջիկը հագնված է ամբողջովյին վարդագույն զգեստ։ Տղան փողկապով է, սպիտակ վերնաշապիկով և կարճ տաբատով։

«Մենք նոր բան չենք ստեղծում,- ասում է Շեյերը,- այլ պարզապես ձևափոխում ենք այն, ինչ արդեն կա»:

Լուսանկարում երկու տղաներ են,  որոնք կրում են բաց կապույտ վերնաշապիկ, ջինսեր։ Երկորրդ տղան, որը սայլակ է օգտագործում, հագել է նաև կարմիր վերնաշապիկ։

«Մենք աշխատել ենք Թոմմիի տեխնիկական դիզայներների և հաճախորդների սպասարկման բաժնի հետ՝ համոզված լինելու համար, որ նրանք հասկանում են հագուստի տարբեր գործառույթները և «նույն լեզվով են խոսում», ինչ մենք, ու որ ուսումնասիրել են մարմնի տարբեր կառուցվածք ունեցող մոդելների, որպեսզի ճիշտ գործառնեն հագուստը»:

Արկղերի վրա նստած տղան կրում է ջինսե տաբատ, սպիտակ սպորտային կոշիկներ և մուգ կապույտ վերնաշապիկ։

Շեյերն ասում է, որ նույնիսկ դիզայնի ընթացքում այս հավաքածուն աներևակայելի արդյունքների է հանգեցրել: Նա պատմում է. «Հագուստի փորձարկումներից մեկի ժամանակ անվասայլակով մի պատանի, որը փորձում էր կոճակի փոխարեն մագնիսներով մի վերնաշապիկ, ասաց. «Ես 14 տարեկան եմ, բայց կյանքումս առաջին անգամ եմ ինքնուրույն հագնվում: Չեք կարող պատկերացնել, թե սա ինչ աներևակայելի զգացում է»:

Լուսանկարում երեք աղջիկներ են, ովքեր ցուցադրում են իրենց հագուստը։ Առաջին աղջնակը կրում է կապույտ ջինսե տաբատ, երկնագույն վերնաշապիկ, սպիտակ կոշիկներ։ Երկրորդ աղջիկը սայլակով է տեղաշարժվում։ Նրա հագին կապույտ ջինս է,  փիրուզագույն սպորտային կոշիկներ, շապիկի վրա պատկերված է սիրտ։ Երրորդ աղջիկը երկնագույն զգեստ է կրում, սպիտակ սպորտային կոշիկներ, վարդագույն մազակալ։ Նա նստած է արկղերի վրա։

Շեյերը վստահեցնում է, որ սրանով չի սահմանափակվելու. «Արդեն երկուսից ավելի հավաքածու պատրաստման գործընթացում է: Մենք ուզում ենք նաև հագուստը մատչելի դարձնել բոլոր տարիքի երեխաների համար: Մենք կապվում ենք տարբեր բրենդների հետ, քանի որ մեր ժողովրդագրությունը ոչ մի սոցիալ-տնտեսական գործոններ չի ճանաչում. այն, ինչ մենք ուզում ենք, հասանելիությունն է»:

Լուսանկարում՝ վարդագույն զգեստով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող  աղջիկ։ Հագուստը վառ վարդագույն է, կոճակները և վզկապանման հատվածը սպիտակ են։

«Ես այնքան հպարտ եմ նրանով, թե ինչքան մարդիկ մեզ միացան և կիսվեցին իրենց պատմություններով: Իսկ այն, որ Թոմմի Հիլֆիգերն էլ մեզ միացավ, շատ կարևոր նշան է այն բանի, ինչ սպասվում է,- ասում է Շեյերը: – Մենք նպատակ ունենք հսկայական հեղաշրջում կատարել նորաձևության ասպարեզում. որքան շատ մարդ մեր մեջքին կանգնի, այնքան ավելի հեռուն կգնանք»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.