accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Դոնալդ Գրեյ Թրիփլեթ. «առաջին դեպքն» ու աուտիզմի «առաջին ճամփորդը»

0

Դոնալդ Գրեյ Թրիփլեթը 83 տարեկան է, ապրում է ԱՄՆ-ի հարավային Միսիսիպի նահանգի Ֆորեսթ քաղաքում` իր հայրական տանը: Թրիփլեթի համայնքում բոլորը, հավասարության սկզբունքով, սիրում և աջակցում են նրան: Դոնալդին հաճախ կարելի է հանդիպել զբոսնելիս, իր սիրելի կադիլակը վարելիս ու գոլֆ խաղալիս: Նրա պահարաններում բազմաթիվ ճամփորդական նոթատետրեր ու ալբոմներ կան, որոնք լի են Ամերիկայի բոլոր անկյուններից և մի քանի այլ երկրներից հավաքված լուսանկարներով:

Վերջերս գրողները, լրագրողները, հետազոտողները, իսկ հետագայում գուցե նաև` իրական պատմություն ու հերոս փնտրող կինոռեժիսորներն ու թատերագետները, հետաքրքրված են Դոնալդի այլ յուրահատկությամբ:

1943 թ. ավստրալացի բժիշկ Լեո Կանները նամակ ստացավ իրավաբան Բիմըն Թրիփլեթից, որում իրավաբանը պատմում էր իր որդու մասին, ով սիրում էր մտնել խաղալիքների մեջ, խխունջի պես փակվել ու պատյանից դուրս չգալ, ուշադրություն չդարձնել շրջապատին, անկանոն թափահարել գլուխը, վազքով շրջապտույտներ կատարել իր շուրջը, խուճապի մատնվել ու բռնկվել առօրյա կենսակերպի փոփոխությունների ժամանակ և կատարյալ երջանիկ զգալ միայն բացարձակ միայնության մեջ:

Այցելությունից հետո Լեոն հասկացավ, որ հոր նշած յուրահատկություններից բացի Դոնալդը տաքարյուն բնավորություն ունի, բարձրաձայն զրուցում է իր և այլ երևակայական մարդկանց հետ, իր անձն ընկալում երրորդ դեմքով և բժշկի հարցերին պատասխանելիս իր ցանկություններն ու մտքերը վերագրում է ուրիշներին: Թեև Կանները որոշ ընդհանրություններ էր տեսնում շիզոֆրենիայի և Դոնալդի հատկանիշների միջև, ինչ-որ բան խանգարում էր վերջնական ախտորոշմանը: Ի վերջո, հոգեթերապևտը եզրակացրեց, որ Դոնալդի մոտ բոլորովին այլ երևույթ է, որն էլ անվանեց «մանկական աուտիզմ», ինչը հետագայում կրճատվեց ու հայտնի դարձավ որպես աուտիզմ, Ռետտի, Ասպերգերի համախտանիշ և այլն: Կանները կազմեց առաջին գիտական փաստաթուղթը, որտեղ օգտագործեց «աուտիզմ» եզրը, կիսվեց Դոնալդի պատմությամբ ու հետազոտությունն անվանեց «Առաջին դեպք» (Case 1):

Դոնալդ Թրիփլեթն ու իր եղբայր Օլիվերը (աջից)

Դոնալդը ծնվել է 1933 թվականին, Միսիսիպի նահանգի Ֆորեսթ քաղաքում: Իր աշխարհում ներփակված տղան երբեք չէր արձագանքում մոր խոսքերին ու ժպիտին, փոխարենն ապրում էր սեփական տրամաբանությամբ ու անգլերենի կիրառման ձևերով: Նա կարողանում էր խոսել ու նմանակել բառերը, բայց ընդօրինակման փորձերը իմաստային խառնաշփոթ էին առաջացնում: Հաճախ նա պարզապես կրկնում էր մեկ ուրիշից լսածը, օրինակ` անընդհատ ասում էր «շեփորային որթատունկ/բաղեղ» (trumpet vine), «քրիզանթեմ» ծաղիկների անուններն ու «ես կարող էի փոքրիկ ստորակետ դնել» արտահայտությունը: Ծնողներն ամեն կերպ փորձում էին շփման եզրեր գտնել տղայի հետ, բայց ոչինչ չէր հաջողվում: Դոնալդը չէր սիրում խաղալ մյուս երեխաների հետ, իսկ Սանտա Կլաուսի նվերները չէին հետաքրքրում փոքրիկին: Այնուամենայնիվ ընտանիքում գիտեին, որ երեխան լսում է իրենց և խելացի է: Երկուսուկես տարեկանում Դոնալդը կատարյալ ճշգրտությամբ կատարում է Սուրբ Ծննդյան երգը, որն ընդամենը մեկ անգամ էր լսել մայրիկից: Բացառիկ հիշողության շնորհիվ Դոնալդը մտապահում էր շարանի գնդակների դասավորությունը, որը հայրը դասավորում էր պատահականության սկզբունքով:

Օլիվերը և Դոնալդ Թրիփլեթը

Օլիվերը և Դոնալդ Թրիփլեթը

Տղայի արտասովոր մտածողությունը, այդուհանդերձ, չեն փրկում նրան ինստիտուցիոնալացումից. դա պատահում էր յուրաքանչյուր «ոչ նորմալ» երեխայի հետ, ինչպիսին Դոնալդն էր, որովհետև այդպես էին թելադրում ժամանակաշրջանի բժշկական կարգերը, մտածողությունն ու հաշմանդամության ընկալման մոդելները: Ծնողներին առաջարկվող «ընթացիկ դեղատոմսը» երեխային մոռանալն ու առաջ շարժվելն էր: 1937-ին Բիմընն ու Մերին կատարում են հասարակական պահանջն ու 3-ամյա երեխային ուղարկում բժշկական հաստատություն:

Նրանք հաճախ էին այցելում փոքրիկին ու մտածում տուն վերադարձնելու մասին, ինչն էլ արեցին ավելի ուշ` 1938-ին: Որոշ ժամանակ անց Թրիփլեթները Դոնալդին տարան Բալթիմոր` բժիշկ Կանների մոտ, որտեղից էլ պատմությունն այլ ուղղություն ստացավ:
Դոնալդի մայրը տղային Բալթիմորից տուն բերելուց հետո օգնեց երբեմն-երբեմն կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, սովորել ներառական դպրոցում ու քոլեջում, հմտանալ սիրելի թվաբանության մեջ ու հանձնել ավարտական քննությունները մաթեմատիկայից ու ֆրանսերենից, հոգալ իր և շրջապատի համար, ազատ ու ինքնուրույն լինել, հաղթահարել բոլոր դժվարությունները:

20-րդ դարի երկրորդ կեսին նոր թափ առած հաշմանդամության շարժումներին Դոնալդը որևէ մասնակցություն չունեցավ. Բալթիմորից վերադարձավ տուն ու շարունակեց իր սովորական կյանքը:

Աուտիզմի պատմությունԱմեն ինչ փոխվեց 2010-ին, երբ ամերիկացի լրագրողներ Ջոն Դոնվենն ու Քարեն Զուքերը սկսեցին հետազոտություններ կատարել աուտիզմի վերաբերյալ (երկուսի ընտանիքում էլ աուտիզմ ունեցող անդամ կա) ու գտան Լեո Կանների հայտնի աշխատությունը, իսկ հետո` Դոնալդին: Հոդվածները, ուսումնասիրություններն ու գիտական աշխատություններն ի մի բերելով` 2016-ի հունվարին լույս տեսավ Ջոնի և Քարենի «Այլ բանալի. աուտիզմի պատմությունը» գիրքը, որն ամբողջացնում է Դոնալդի անցած ճանապարհը, փորձառությունը, ինչպես նաև շոշափում աուտիզմի ընկալման, կառույցների ու մոդելների ժամանակակից խնդիրներն ու լուծման հնարավոր ճանապարհները:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.