accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

«Ճարտարապետությունն ունի այն ուժը, որ կկարողանա նույնիսկ Սովետական Միությունից ժառանգություն մնացած շենքերը հարմարեցնել»

0

Վերակառուցման տարիները, երկրաշարժն ու դեպի անկախություն տանող ճանապարհն ամբողջացնող 1988-ին է հիմնադրվել «ԱՐԽկոոպ» ճարտարապետական արվեստանոցը: Խորհրդայինի փլուզման ու անկախ Հայաստանի կառուցման խաչմերուկում` ընկերությունն իր շավիղը սկսեց Գյումրուց ու հասավ Երևան:

Արվեստանոցը նախագծել է «Դոլմամա» ռեստորանը, Հանրապետության հրապարակի վերակառուցման ծրագրերից մեկը, Աբովյան-Պուշկինի փողոցներ-Սախարովի հրապարակի այլընտրանքային առաջարկը, ինչպես նաև մի շարք առանձնատներ, հասարակական, կրթական ու ժամանցային կառույցներ:

«ԱՐԽկոոպ»-ի հիմնական նպատակը ոչ թե անձնավորված, այլ` արվեստանոցի անունից, ճարտարապետություն ստեղծելն է, յուրաքանչյուր նոր նախագծի միջոցով արտահայտվելն ու խնդիրներ լուծելը:

Քաղաքի մատչելիության ու այլ խնդիրների և լուծման ուղիների մասին զրուցեցինք ճարտարապետ Գարեգին Եղոյանի հետ:

- Փոխանցված ճարտարապետական ժառանգությանն ու ժամանակակից իրականությանը զուգահեռ ինչպե՞ս եք լուծում այնպիսի մշակութային ու սոցիալական խնդիրներ, ինչպիսին քաղաքի մատչելիությունն է:

- Նոր խոսք ասելը միշտ էլ դժվար է այնքանով, որ պետք է դուրս գաս ստվերից, իսկ ստվեր գցողները մյուս ու ոչ պակաս լավ ճարտարապետներն են: Խորհրդային ժամանակներից եկած մի քաղաքականություն կա` հաշմանդամություն ունեցող անձանց ուշադրություն չդարձնելու: Ճիշտ է, կային միություններ, բայց այդ միությունները ընդամենն այդ մարդկանց աշխատանք տալու խնդիր ունեին: Հիմա եկել է մի ժամանակաշրջան, որտեղ մեր երկիրը, պետությունը անկախ է, բայց ունի խորհրդային մեծ ժառանգություն: Այժմ կառուցվում են նոր շինություններ, բայց հները շատ ավելի շատ են, որոնցից ոչ մեկը հարմարեցված չէ: Ճարտարապետությունն ունի այն ուժը, որ կկարողանա նույնիսկ Սովետական Միությունից ժառանգություն մնացած շենքերը հարմարեցնել: Մենք այդպիսի փորձեր ունենք, օրինակ` գրասենյակ նախագծեցինք Բրիտանական խորհրդի համար և աստիճանների վրա տեղադրեցինք handicap վերելակը, որը կարողանում է մարդուն, աստիճանին զուգահեռ վեր բարձրացնել: Մենք ունենք այդ ուժը, բայց չունենք հնարավորությունը, միջոցը, իսկ միջոցները գտնել է պետք: Պետք է ազնիվ լինել հասարակության մեջ մյուս անդամների նկատմամբ, ոչ թե ձևական նախագծել ամեն ինչը:

Լուսանկարում Բրիտանական Խորհրդի գրասենյակն է։ Մուտքի մոտ առկա են աստիճաններ, իսկ կողքին թեքահարթակ կա։

Բրիտանական խորհրդի գրասենյակի մուտքը

- Նախագծելիս որքանո՞վ եք կարևորում համընդհանուր դիզայնը:

- Անհնար է ինչ-որ բան նախագծելիս դա հաշվի չառնենք, դեռ նման դեպք չի եղել: Վանաձորում նախագծում ենք տեխնոպարկը, որտեղ մատչելի են բոլոր հարկերը. թեքուղիներ են բարձրանում, վերելակներ կան: Սկսած առանձնատներից վերջացրած գրասենյակներով` ամեն ինչ պետք է մատչելի լինեն: Կան մշակված նորմատիվներ և էրգոնոմիկ չափեր, որոնք մշակվում են համաշխարհային կառույցների կողմից, և որոնց մասին գիտեն բոլորը:

- Ձեր պրակտիկայում հանդիպե՞լ եք մի իրավիճակի, երբ պատվիրատուն ինքը ցանկանա ամբողջովին հարմարեցված շենք նախագծել: Կամ հակառակը` դուք նախագծեք, բայց նրանք հրաժարվեն դրանից:

- Այո´, եղել է այդպիսի դեպք, բայց ոչ թե մարդասիրությունից, այլ` օրենքի պահանջից:
Շատ հաճախ փորձում են հակառակը համոզել կամ չեն կառուցում հետո, բայց պարտավոր են: Անշուշտ մատչելիությունը հավելյալ ծախսեր, ջանք է պահանջում: Վերջերս նախագծեցինք մի բանկի մասնաճյուղ, որտեղ կար այդ խնդիրը: Երկար ժամանակ չէինք կարողանում այդ հարցը լուծել, բայց չէինք էլ կարող սխալ գործել ու ասացինք, որ չենք կարող այդպես չնախագծել, դա պիտի լինի, իսկ պատվիրատուի սարքել-չսարքելն իր մեղքն է: Չեմ կարծում, որ պատվիրատուն կաղքատանա, եթե մի քիչ ավելի դրամ վատնի:

Լուսանկարում՝ Գյումրիի «Զիգզագ» խանութի ապակեպատ շենքն է։ Մուտքն անմատչելի է։

«Զիգզագը» Գյումրիում

- Արամի 30-ի քանդման փաստարկվող պատճառներից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցումն էր, ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը:

- Այդպես չէ, ինչ-որ մարդկանց սիրաշահելու համար են այդպես ասել: Շատ հեշտ կարելի էր լուծել այդ խնդիրը: Բավական է այդ շենքը թողնեին իր տեղում և փոխեին կառուցապատման գիծը. փողոցի խաչմերուկը լայնանար, մայթն անցներ Արամի շենքի հետևով, և հաշմանդամություն ունեցող անձինք հանգիստ կտեղաշարժվեին:

- Խնդրահարույց Աբովյան-Պուշկինի հատվածի համար ձեր առաջարկած նախագծում նշվում է, որ տարածքը կդառնա վայր, որտեղ կհավաքվեն սոցիալական բոլոր խմբերը: Կա հատված, որն ըստ ձեր ծրագրի նախատեսված կլինի միայն հետիոտների և ծառայողական մեքենաների համար: Որքանո՞վ նախագիծը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր:

- Երբեմն-երբեմն այդ շենքերի քանդման հարցն է բարձրանում: Ժամանակին առնչություն ենք ունեցել «Դոլմամա»-ի սեփականատիրոջ հետ, ում հետ համագործակցությամբ մտածեցինք ինքներս նախագիծ առաջարկել: Որոշեցինք Աբովյան փողոցից մինչև Սախարովի հրապարակ ընկած Պուշկինի փողոցի հատվածը դարձնել ճեմափողոց ու նվիրել հասարակությանը, որ լինի բոլորինը, ոչ թե մեկի սեփականությունը, որտեղ հավաքվեն հասարակության բոլոր շերտերն ու խավերը: Մենք փոխեցինք կառուցապատման գիծը, նորակառույց շենքը, որ պիտի կառուցվեր, դրեցինք հետին գծի վրա, և հին կառուցապատված շենքերը մնացին մեծ լայն փողոցի մեջտեղում, ձևավորեցինք բակեր, ներքին ավտոկայանատեղին տարանք դեպի Սախարովի հրապարակ, որ մեքենաներ չմտնեն ու մատչելի դարձան բոլորի համար: Հետո ցուցահանդես բացեցինք, ցուցադրեցինք Պրահայում, ու հետո մարեց: Վերջերս նորից ակտուալ դարձավ, բայց էլի լռություն է: Ուրիշ տեղ խմորումներ գնում են, բայց մենք տեղյակ չենք: Եթե որևէ մեկը ցանկանա, մենք կհամագործակցենք, կփոփոխենք:

Լուսանկարում ճարտարապետ Արսեն Կարապետյանը և Գարեգին Եղոյանն են։ Նրանց դիմաց ստվարաթղթե մակետ է։

Արսեն Կարապետյանը և Գարեգին Եղոյանը Աբովյան-Պուշկին հատվածի նախագծի մակետի մոտ

- Որևէ շենք նախագծելուց առաջ Հայաստանում չկա սոցիալական տարբեր խմբերին և ճարտարապետներին համախմբելու, քննարկելու մշակույթ, ի՞նչ հետևանքներ է ունենում սա:

- Մրցույթներ, քննարկումներ կազմակերպելն ամենաճիշտն է, որովհետև կառուցողը ընտրության հնարավորություն կունենա: Քննարկումներ էլի լինում են, կա ճարտարապետական խորհուրդ, բայց այդ մշակույթը զարգացած չէ և չի էլ զարգանում, որովհետև հարմար բան չէ, եթե հարմար լիներ` կզարգացնեին:
Մենք չպետք է քննարկենք ճարտարապետությունը, փոխարենը` այլ բաղադրիչներ: Ճարտարապետությունը ճարտարապետի գործն է, այլ խնդիր, որ հասարակությունը պետք է բարձրացնի իր ձայնը, թե ինչո՞ւ է շենքը բարձր, ցածր, մեծ, ինչո՞ւ է ստվեր գցում պատուհանին, ինչո՞ւ քանդեցիք հիմա, այլ բան եք սարքում, ինչո՞ւ իմ բակում ծառեր չկան, ինչպե՞ս մարդիկ պետք է դրանից օգտվեն, արդյոք մատչելի՞ է: Բազմաթիվ երկրներում դա հարցազրույցների միջոցով է արվում: Խոսքը ոչ թե ճարտարապետության, այլ` տեղի, դիրքի, բովանդակության մասին է: Հարմար չէ` չի արվում: Կոռուպցիան միայն հարց լուծելու համար գումար տալը չէ, այլև` միանձնյա որոշում կայացնելը, ինչ-որ բան անելու համար իրավունք վերապահելը… սրանք շատ ավելի վատ դրսևորումներ են: Ամեն ինչ թաքուն է արվում, որովհետև նրանք իրենց ճշմարտության մեջ վստահ չեն: Գոյություն ունի հատակագիծ, որը քաղաքի համար ավետարանի նման է, ինչ մեջը գրված է, պիտի կառուցվի, բայց չի արվում, որովհետև նրանց որոշումները սխալ են, նրանք էլ վախենում են իրենց ընդունած որոշումներից:

Պատկերում մի կին իջնում է աստիճաններով։ Աստիճանների կողքին դեղին ապակի է, իսկ մյուս կողմից ազատ տարածություն, մեծ պատուհանով պատ։

Գինետուն-խանութ Սայաթ-Նովա պողոտայում

- Այսինքն` որոշում կայացնողներից զատ, խնդիր ունենք հասարակությա՞ն հետ:

– Հասարակությունն օրինապահ չէ, պաշտոնյաներն օրինապահ չեն: Շատ հաճախ պետք է պատժել ոչ թե կառուցողին, այլ` հաստատողին: Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, թիվ մեկ խնդիրը անպատժելիությունն է: Եթե մարդիկ պատժվեն իրենց սխալների համար, գուցե ինչ-որ բան փոխվի: Հասարակությանը պետք է զարգացնել, կրթել, մակարդակի հասցնել, որպեսզի բոլորի ձայնը տեղ հասնի: Նախագծողը պարտավոր է հասարակական բոլոր շերտերը հաշվի առնել, իրավունք չունի նախագծել մեկի համար, իսկ մյուսին հաշվի չառնել: Շենքը բոլորի համար է: Չի լինում այլ կերպ, դա նախագծողի խղճի վրա է դրված, ավելի ճիշտ` օրենքի: Եթե դու դա չես անում, քո նախագիծը չպիտի հաստատվի: Դա ընդհանրապես հարց չէ, այդ հարցը լուծված է ամբողջ աշխարհում, դա քննարկման ենթակա չէ, իսկ մեր հասարակությունը չի հասել դրան: Պահանջել է պետք, բարձրաձայնել, շատ խոսել դրա մասին, կրթել:

Շատ խոր հարց է, մեկը մեկի արտադրյալն է, չի լինում մի հարցում լավ, մյուսում` վատ, եթե վատ է` ամեն ինչն է վատ, եթե լավ է` ամենն էլ հերթով լավանում են: Չհավատաք, որ վատ ճարտարապետություն լինի, բայց` լավ բժշկություն, նա էլ է վատ, մեկը մյուսին արժեն: Ընդհանուր պիտի երկիրը, համակարգը բարձրանան, ու ամեն ինչ ինքնըստինքյան տեղը կընկնի:

Լուսանկարում՝ Բուշոն ռեստորանն է։ Մուտքը թեք է և անմատչելի սայլակ օգտագործող մարդկանց համար։ Շենքի հիմնական մասը ապակեպատ է։

Ռեստորան Երևանում

Լուսանկարում «Բուշոն» ռեստորանի ինտերիերն է։ Աթոռները դեղին են, սեղաններին դասավորված է սպասքը։ Հեռվում աստիճաններ են, որոնք բերում են դեպի սեղաններ։ Առաստաղը սպիտակ է, որից էլ կախված են լույսերը։

Ռեստորանի ներսում

Լուսանկարում Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի շենքն է։ Շենքի մի մասը քարե է և կառուցվել է նախկինում։ Իսկ նոր մասը ապակեպատ է, որոնք կանաչ, դեղին և կարմիր են։ Մուտքն անմատչելի է։

Պատկերում երկու մարդիկ են։ Նրանցի մեկն իջնում է շենքի աստիճաններով, իսկ երկրորդը սայլակով է տեղաշարժվում և սպասում է վերելակին։ Շենքի այդ մասը ապակեպատ է, իսկ մյուս մասերը քարից են։

Նախագիծ

Սրճարանը ընդգծվում է ընդհանուր շենքից իր վառ դեղին գույնով։ Ունի երկու մոտք, որից երկուսն էլ աստիճաններով են։ Դիմացը մարմարե նստարան է։

«Դուետ» սրճարանը

Լուսանկարները՝ «Archcoop»-ի ֆեյսբուքյան էջից։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.