accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Լաուրա Մարտիրոսյան

Լրագրող | Սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

«Միբուռ» նախագիծը կհանրայնացնի պոեզիան

0

«Մեր նպատակը հայ պոեզիայի հանրայնացումն է բոլոր հայերի և այլ ազգերի ներկայացուցիչների, ինչպես նաև լսողության խնդիր ունեցող անձանց շրջանում»,- նշում է «Միբուռ» նախագծի հեղինակ Շարմաղ Սաքունցը:

Նախագծի ֆեյսբուքյան էջում արդեն տեղադրվել է Վահան Տերյանի «Անդարձություն» բանաստեղծությունը ռուսերեն ժեստերի լեզվով: «Ես կուզեի, որ մարդիկ փորձեն փակել ականջներն ու հասկանալ, թե ինչի՛ մասին է այս կամ այն բանաստեղծությունը, որը ընթերցվում է ժեստերի լեզվով: Այս տեսահոլովակի նկարահանման ժամանակ ես ապշել էի այս լեզվի գեղեցկությամբ: Մարդիկ նկարում են իրենց զգացմունքներն ու ապրումները: Սա շատ նուրբ գեղեցկություն է»,- նշում է նախագծի հեղինակը:

Շարմաղ Սաքունցն ասում է՝ մտահղացումը ծագել է 2014 թվականին, երբ մասնակցել է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Հայկական ակումբի կազմակերպած Պարույր Սևակի երեկոյին: Փորձերի ժամանակ հասկացել է, որ համացանցում գրեթե չկա որակյալ վիզուալ շարք՝ կապված պոեզիայի հետ: «Հասկացա, որ պետք է մի բան անել: Այդ ժամանակ արդեն գիտեի վիդեոպոեզիա նոր ժանրի մասին: Հասկացա, որ ուզում եմ դրանով զբաղվել: Նախ՝ ստեղծել որակյալ տեսական շարք, ինչպես նաև տարածել առկա բոլոր թարգմանությունները, յուրաքանչյուր լսարանին առաջարկել իր համար հասկանալի և հարմար լեզուն և ֆորմատը»:

Рады представить первый ролик в рамках нашего проекта видеопоэзии! Прекрасная Алдиа читает стихотворение Ваана Терьяна “Невозвратимое” на жестовом языке.

Posted by Mibur on Tuesday, March 1, 2016

Երևանում բնակվող ընկերների հետ զրույցի ժամանակ հնչել է ժեստերի լեզվի գաղափարը. «Անգամ չեմ հիշում, թե ինչպես հանգեցինք այդ մտքին, բայց հիշում եմ ոգևորությունս, որովհետև միանգամից հասկացա, որ դա է լինելու հիմնական ուղղություններից մեկը: Լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար չափազանց կարևոր է, որ նման տեսահոլովակներ լինեն: Առանց այդ էլ քիչ են մատչելի նյութերն ու տեղեկատվությունը, հատկապես, մշակութային հատվածը: Ես հույս ունեմ, որ մենք որոշ չափով կկարողանանք լուծել այս խնդրի մի մասը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակույթը պետք է հասանելի լինի»:

Հիմնական թիմում Շարմաղը և ընկերուհին՝ Հասմիկ Սարգսյանն են: Նրանց նաև օգնում են ընկերներ, ծանոթներ, անգամ անծանոթ մարդիկ, ովքեր հավանում են գաղափարը: «Մեզ միայն հայ մարդիկ չեն, որ օգնում են, օրինակ՝ առայժմ բոլոր օպերատորները ռուս են»: Նկարահանումների համար ստուդիան տրամադրել է մեդիահաղորդակցման ֆակուլտետը, ձայնագրվել են «Շանթի» մոսկովյան գրասենյակում:

Տեսահոլովակում նկարահանվում են նախագծի հեղինակներին անծանոթ մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել աջակցել նախագծին: Հաջորդ տեսահոլովակում նկարահանվելու է «Ցեղը» ֆիլմից հայտնի դերասան Ալեքսանդր Սիդելնիկովը: «Հիմա աշխատում ենք ներգրավել խուլ դերասանների, որոնք թատրոնում են խաղում. Ռուսաստանում գործում են մի քանի թատրոններ, որտեղ միայն լսողության խնդիրներ ունեցող մարդիկ են խաղում»:

Նաև Հայաստանում գործող ՀԿ-ների հետ են փորձել համագործակցել: «Ներգրավելու ենք նաև Հայաստանում բնակվող լսողության խնդիրներ ունեցող մարդկանց ու այդ հարցով զբաղվող ՀԿ-ների: Նշեմ, որ նախագիծը նաև բարեգործական է: Համագործակցում ենք «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամի հետ: Եվ առաջին երեխան, որին կօգնենք, կլինի մի փոքրիկ, որը մանկական ուղեղային կաթված, լսողության խնդիր ունի»:

Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունեն. «Հիմա շատ բան ենք ուզում անել, բայց պետք է փոքր քայլերից սկսել: Կլինեն սովորական ընթերցումներ, գեղարվեստական տեսահոլովակներ փոքրիկ ֆիլմերի տեսքով: Կա վիզուալացման մի ֆորմատ, որ ամենացանկալին է հիմա մեզ համար, բայց դրա իրականացման համար պահանջվում են գումար, մասնագետների օգնություն և ժամանակ: Այս ֆորմատի մասին դեռևս կլռենք, թող անակնկալ լինի»,- հավելում է Շարմաղ Սաքունցը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.