accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Disabilityinfo.am կայքի խմբագիր

«Թվիթերը» քաջալերում է մատչելի պատկերների կիրառումը

0

«Թվիթերը» խոստովանում է, որ օրեցօր աճող բովանդակությունը անմատչելի է տեսողության խնդիրներ ունեցող օգտատերերի համար: Այս նպատակով ցանցը նոր լուծում է առաջարկում։

«Թվիթերի» պաշտոնական բլոգում հայտարարելով փոփոխությունների անհրաժեշտության մասին` կազմակերպությունը գրում է, որ պատկերները եղել են «Թվիթերի» ամենամեծ իրադարձությունների կենտրոնում։ Կարևոր է, որ հարթակում տարածվող պատկերները` որպես «Թվիթերի» առանցքային մաս, մատչելի լինեն բոլորին, ներառյալ տեսողության խնդիրներ ունեցողներին:

IOS և Android-ի հավելվածներն օգտագործողները երեկվանից կարող են ավելացնել պատկերների նկարագրությունները կամ այլընտրանքային տեքստը (alt text) լուսանկարներ բեռնելիս. «Այս փոփոխությամբ սոցիալական ցանցը քաջալերում է բոլորին ապահովել տարածվող բովանդակության մատչելիությունը ավելի լայն լսարանի համար»։

Երկու iphone, որում բացված է Թվիթերի հավելվածը և բեռնվում է լուսանկար այլընտրանքային տեքստով

Այս հնարավորությունը կարող եք միացնել «Թվիթերի» հավելվածի մատչելիության կարգավորումներում։ Հաջորդ անգամ, երբ «Թվիթերում» նկար տեղադրեք, կտեսնեք նկարագրություն ավելացնելու կոճակը, որի միջոցով էլ կարող եք գրել, թե ինչ է պատկերված լուսանկարում։

Այն մարդկանց համար, ովքեր տեսողության խնդիրներ ունեն, պատկերները հասանելի կդառնան այդ նկարագրությունների միջոցով, աջակցող տեխնոլոգիաների (օրինակ՝ էկրանը ընթերցող սարքեր, բրայլյան դիսփլեյներ) օժանդակությամբ։

Պատկերը տեքստի վերածելու համար «Թվիթերը» նախատեսել է 420 նիշ։

«Թվիթերն» այսկերպ հետևում է «Ֆեյսբուքի» մատչելի դառնալու օրինակին, սակայն «Ֆեյսբուքը» չի առաջարկում հատուկ միջոցներ այլընտրանքային տեքստերի համար։

Լրատվական կազմակերպությունները, որոնք մատչելի են դարձրել իրենց կայքերը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, կկիրառեն այս հնարավորությունը սոցիալական ցանցերում (այլընտրանքային տեքստերը աջակցում են կայքերին ավելի հասանելի դառնալ որոնողական համակարգերում՝ մեծացնելով վարկանիշը)։

Այժմ «Թվիթերին» մնում է մեկ խնդիր՝ համոզել բոլոր օգտատերերին օգտագործել այս հնարավորությունը։

Առաջիկա օրերին մանրամասն կներկայացնենք այլընտրանքային տեքստերի ստեղծման սկզբունքները։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.