accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Նա կարող է իր երկրի զինվորը մնալ

0

Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական վերջին լայնածավալ գործողություններից հետո շատ զինծառայողներ ստացած վնասվածքներից հաշմանդամություն ձեռք բերեցին։ Թեև առաջին օրերին պաշտպանության նախարարը և այլ պաշտոնատար անձինք այցելում էին վիրավոր զինծառայողներին տեսակցելու և սեփական օրինակով քաջալերելու, այսօր արդեն ՊՆ որոշ պաշտոնյաներ այլ հայտարարություն են անում.

«Բանակի խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է: Մնացած խնդիրներով պետք է զբաղվեն սոցիալական ապահովության կառույցները: Զինթոշակառուների, զինհաշմանդամների խնդիրները զինված ուժերը հոգում են, որքանով կարողանում են՝ իրենց նախաձեռնությամբ: Պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ է դա իրականացվում: Զինհաշմանդամներով և զինթոշակառուներով բանակը չպետք է զբաղվի»:

Բառերի մասին

Երբ տարբեր առիթներով կոչ ենք անում մարդկանց չանվանել «հաշմանդամներ» և փոխարենը կիրառել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրը, շատերը դա ավելորդ պոլիտկոռեկտություն կամ ծայրահեղություն են համարում։ Այնինչ հարկավոր է շեշտել անձը, որովհետև բառերը մտածողություն են ձևավորում, և հակառակը՝ դրանցով արտահայտում ենք մեր մտածելակերպը։ Այսօր ՊՆ-ի համար «Հայոց բանակի զինվորը» դարձել է «հաշմանդամ և թոշակառու», որի հարցերով ինքը չի զբաղվում։

Պատասխանատվության մասին

Ինչ վերաբերում է նրան, թե ով պետք է զբաղվի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով, ոչ միայն ՊՆ-ում, այլ նաև շատերի մոտ տեղեկատվության բաց կա. հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվում են բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում են մյուս քաղաքացիների հարցերով։ Ճիշտ է՝ անձի հաշմանդամությունը ճանաչելու և նրա վերականգնողական անհատական ծրագիրը կազմելու, թոշակավորման պատասխանատվությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությանն է, սակայն մարդն ունի այլ կարիքներ և իրավունքներ՝ բուժման, կրթության, զբաղվածության, ժամանցի, տեղաշարժման, անվտանգության պաշտպանման, համայնքում ապրելու և այլ բազմաթիվ իրավունքներ, որոնք ամենևին էլ մեկ նախարարության անելիքը չեն։ Այս դեպքում լավագույն տարբերակը տարբեր նախարարությունների միջև համագործակցությունն է:

Ինչ վերաբերում է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը՝ ՊՆ նախաձեռնությամբ կամ նախարարի բարի կամքի դրսևորմամբ, ապա հրաշալի կլինի, եթե հանրությունն իմանա՝ կոնկրետ ինչ նկատի ունեն պաշտոնյաները:

Բժշկական անվճար օգնությո՞ւնը, որն իրականում առողջապահության ոլորտը պետք է լուծի, ընտանիքներին ֆինանսական աջակցությո՞ւնը, որն իսկապես սոցիալական ոլորտի պատասխանատվության տակ է, թե՞ աշխատանքի հնարավորությունը, որ այսօր ունեն հաշմանդամություն ունեցող անձանցից մի քանիսը զինված ուժերում:

Մարդու մասին

Վերադառնալով վնասվածք ստացած զինծառայողներին` անհրաժեշտ է հիշել, որ մարդու կյանքը կարող է փոխվել ոչ թե այն պատճառով, որ մի օր կարող է արթնանալ այլ կարգավիճակում, այլ որովհետև Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների` վերականգնողական որակյալ սարքերի հասանելիությունից մինչև մասնագիտական կրթությունն ու զբաղվածությունը: Հենց սա էլ այսօր ամենակարևոր խնդիրն է այն ժամկետային զինծառայողների համար, ովքեր դեռ չեն հասցրել մասնագիտական կրթություն ստանալ` իրենց արժանապատիվ կյանքը ապահովելու համար: Ի վերջո, նա կարող է իր երկրի զինվորը մնալ, եթե հնարավորություն ունենա մասնակցելու նրա կայացման գործին:

Ինչ վերաբերում է պայմանագրայիններին, չպետք է մոռանալ, որ գործ ունենք այն տղաների հետ, ում համար զինվորական գործն ընտրություն է, և նրանցից շատերն իրենց ընտրությունը կատարել են` սիրելով ոլորտը և մասնագիտոթյունը։ Նրանց համար թերևս կրկնակի ծանր կարող է լինել ծառայությունից դուրս մղվելու փաստը միայն այն պատճառով, որ ձեռք են բերել հաշմանդամություն: Ի վերջո, ծառայությունը շատ լայն իմաստ կարող է ունենալ նաև ՊՆ համակարգում: Եվ որպեսզի բանակը չշեղվի իր գլխավոր՝ երկրի անվտանգության ապահովման խնդրից և զբաղվի բարեգործությամբ, հարկավոր է այս մարդկանց մեջ տեսնել ոչ թե «հաշմանդամների և թոշակառուների», այլ իրենց գործը սիրող մասնագետների, ովքեր ոչ թե թոշակառու կլինեն, այլ ՊՆ լիարժեք աշխատող: Կարծում եմ` այստեղ օրինակներ բերելու հարկ չկա. գոնե ՀՀ ՊՆ-ն դրա կարիքը պետք է որ չունենա, քանի որ նախարարից մինչև սպա արդեն ապացուցել են վերն ասվածը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.