accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Տրանսպորտային 8 ամենաանսովոր և մատչելի միջոցները

0

Տարիներ առաջ հենաշարժական խնդիրներ ունեցող մարդիկ տրանսպորտային միջոցի ընտրության սահմանափակ հնարավորություն ունեին` սայլակ և հատուկ հարմարեցված մեքենա: Հիմա արդեն շուկան բազմաթիվ այլ տարբերակներ է առաջարկում, որոնցից մի քանիսը բավականին անսովոր են ու կոտրում են սովորական սայլակների ձևավորած կարծրատիպը: Ներկայացնում ենք տրանսպորտային 8 ամենաանսովոր և մատչելի միջոցները:

Kenguru` էլեկտրական ավտոմեքենա

Խորհրդային արտադրության S3D մեքենան պահանջկոտ էր ու բավականին շատ վառելիք էր ծախսում: Այդ տարիներին հարցը լուծվում էր բենզինի ցածր գնի շնորհիվ: Իսկ ահա ամերիկյան Kenguru մեքենան վառելիք առհասարակ չի պահանջում, որովհետև աշխատանքի համար էլեկտրաէներգիա է ծախսում:

Համեստ ու կոմպակտ Kenguru-ն մարտկոցի ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում կարող է 110 կմ ճանապարհը 45 կմ/ժ արագությամբ գնալ: Այդուհանդերձ, մեքենան այնքան փոքր է չափսերով, որ ստանդարտ ավտոկանգառում 2 նման ավտոմեքենա կարող է կանգնել:

Կոնգուրու

Կենգուրու

Martin Conquest` մոտոցիկլ հաշմանդամություն ունեցող բայքերների համար

Martin Conquest-ը նրանց համար է, ովքեր ցանկանում են ժամանակ առ ժամանակ իրենց սայլակն ավելի արագ ու հզոր տեխնիկայով փոխարինել: Տրանսպորտային այս միջոցը կարող է 150 կմ/ժ արագությամբ ընթանալ, իսկ մինչև 100 կմ/ժ արագությունը այն զարգացնում է ընդամենը 7,6 վայրկյանում:

Մոտոցիկլն օգտագործող մարդը Martin Conquest նստում և դուրս է գալիս առանց ավելորդ անհարմարության ու դժվարությունների, այնպես, ինչպես իր սայլակը: Մոտոցիկլի ներսում դրա համար թեքահարթակ կա, իսկ ներսում` բավանաչափ տարածություն:

Martin Conquest

Սայլակ ամենագնաց

Սայլակների գերակշիռ մասը նախատեսված է միայն հարթ մակերևույթին օգտագործելու համար: Դրանք չեն կարողանում հաղթահարել նույնիսկ ամենափոքր խոչընդոտներն ու բարձրությունները, էլ չենք ասում աստիճանների ու կոշտ մակերևույթ ունեցող տեղանքի մասին: Սակայն չինական Chiba Tech ընկերությունը ռոբոտացված սայլակ-ամենագնաց է շուկա դուրս բերել:

Այս անսովոր փոխադրամիջոցը կարող է տարբեր խոչընդոտներ հաղթահարել` եզրաքար, ասֆալտի անհարթություններ, փոսեր և նույնիսկ` աստիճանահարթակ: Սայլակը բառի բուն իմաստով կարողանում է բարձրանալ ու շրջանցել խորդուբորդ մակերևույթը, քանի որ ռոբոտացված համակարգն ինքն է գնահատում տարածքն ու ելք գտնում դրանք հաղթահարելու համար:

Action Trackchair` սայլակ օգտագործող գյուղաբնակների համար

Action Trackchair-ը ևս սայլակ-ամենագնաց է: Ոչ բոլոր գյուղական վայրերում է, որ հաշմանդամություն ունեցող գյուղաբնակների համար հարմարեցված միջավայր կա: Ասֆալտապատ տարածքներ, իհարկե, կան, բայց հատկապես փոքրիկ գյուղերում միջավայրային խոչընդոտները շատ են:

Action Trackchair-ը սայլակ է, որը կարելի է օգտագործել  ցեխոտ հողերի վրա, ամենաանձրևոտ եղանակին: Սայլակը անիվների փոխարեն տանկի կամ տրակտորի համար նախատեսված թրթուրներ ունի: Իսկ տանկերը, ինչպես հայտնի է, ցեխից չեն վախենում:

Action Trackchair

Firefly` քարշակ սայլակի համար

Rio Mobility ընկերությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անսովոր փոխադրամիջոց է ստեղծել: Այն նախատեսված է քամոտ եղանակին, անկախ իրենց սայլակի հնարավորություններից, ճանապարհորդել սիրողների համար: Firefly-ն հատուկ քարշակ է, որ կարողանում է սայլակը այնպիսի փոխադրամիջոցի վերածել, որով հնարավոր կլինի շրջել ամբողջ քաղաքով մեկ:

Բավական է միայն Firefly-ն ամրացնել սայլակին, ու քարշակն այն 18 կմ/ժ արագությամբ ընթացող մոտոցիկլի կվերածի: Այն կարող է ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում 24 կմ ճանապարհ անցնել: Այո´, այն ևս էլեկտրաէներգիայով է աշխատում:Firefly

Exmovere Chariot` կանգնող սայլակ

Հենաշարժական խնդիրներ ունեցող ոչ բոլոր մարդիկ են պատրաստ աշխարհին ներքևից վերև` իրենց սայլակի բարձրությունից նայել: Հենց դրա համար էլ ստեղծվել է Exmovere Chariot օժանդակ սարքը: Այն հաշմանդամություն ունեցող մարդուն հնարավորություն է տալիս կանգնել, եթե անգամ մարդը դա չի կարողանում ինքնուրույն անել: Սարքը նրանց ամուր գրկում է գոտիներով և գոտկատեղից վեր ազատ շարժվելու հնարավորություն տալիս:Exmovere Chariot

Ferrari Numero UNO` մարզական մեքենա

Ferrari Numero UNO կոչվող մեքենան կարելի է համարել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված առաջին մարզական ավտոմեքենան: Այն շատ ընդհանրություններ ունի Ferrari մեքենաների հետ:

Այս ավտոմեքենան միայն մեկ ուղևորի համար է նախատեսված: Պարտադիր չէ, որ այդ ուղևորը հաշմանդամություն ունեցող մարդ լինի, բայց մեքենան նախ և առաջ հենց նրանց համար է արտադրված: Ferrari Numero UNO-ի վարորդական աթոռը կարող է սայլակի վերածվել, և հակառակը:Ferrari Numero UNO

Land Rover и Harley Davidson` տարեցների և հաշմանդամություն ունեցողների համար
Բրիտանացի ինժեներ Էնդրյու Վայլին տրանսպորտային մի քանի միջոց է ստեղծել տարեցների, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Վայլիի հիմնած Travel Ability UK Ltd ընկերությունը սկսեց Land Rover մեքենաների և Harley Davidson մոտոցիկլների տեսքով սայլակներ արտադրել: Ճիշտ է, դրանք բավական ծիծաղելի տեսք ունեն, բայց տարեցները և հաշմանդամություն ունեցող մարդիկ ևս ցանկություն ունեն անսովոր ու հետաքրքիր փոխադրամիջոց ունենալ` միատեսակ սայլակներ օգտագործելու փոխարեն:Land Rover и Harley Davidson

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.