accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

Հաշմանդամություն ձեռք բերած անձանց հոգեբանական խնդիրների հաղթահարումը

0

Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից ոմանք հաշմանդամություն ձեռք բերեցին: Հոգեբանական ի՞նչ աջակցություն է պետք ցուցաբերել պատերազմական իրավիճակում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, ինչպե՞ս է տեղի ունենում նոր իրավիճակին հարմարվելու ընթացքը: Այս հարցերի մասին զրուցել ենք հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:

 – Ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ ռազմական պայմաններում հաշմանդամություն ձեռք բերած անձանց մոտ:

- Յուրաքանչյուր դեպք պետք է անհատապես քննարկել, բայց ամենևին էլ պարտադիր չէ, որ հաշմանդամություն ձեռք բերելուն զուգահեռ առաջանան նաև հոգեբանական խնդիրներ: Կախված է տվյալ անձից՝ արդյոք դրանից հետո կընկճվի՞, թե՞ ավելի ուժեղ կդառնա: Շատերն ավելի են ուժեղանում, ու պատահական չէ, որ հաշմանդամություն ձեռք բերած զինվորներից շատերը ուզում են նորից վերադառնալ ծառայության: Կարևոր է նաև այն, թե ինչ սոցիալական միջավայրում են հայտնվում զինծառայողները: Բուժման ընթացքում շուրջը նրա նման զինվորներ ու սպաներ են, որոնց շրջանում ընկճվելը կամ գանգատվելն ընդունված չէ, զինվորների արածով հիանում են, նրանց մեծարում են, և դա օգնում է պահպանելու հոգեկան կայունությունն ու բարձր ոգին, բարձր ինքնագնահատականը:

Ընդհանրապես, նույնիսկ մանկուց հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ հենց սկզբից այդ թերարժեքության զգացումը չի լինում: Դա հետագայում հասարակությունն է նրանց ներշնչում, ձևավորում նման բարդույթ: Բացի արտաքին վնասվածքներից, պատերազմական վիճակում հայտնված մարդկանց մոտ կարող են զարգանալ այսպես կոչված հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

- Ինչպե՞ս հաղթահարել դրանք:

- Դա տագնապային խանգարում է, որն առաջանում է հոգեբանական տրավմայի հետևանքով: Շատ կարևոր է նրանց առաջարկել պատմել, թե ինչպես կատարվեց դեպքը: Պետք է պատմի ու դրանով ելք տա բացասական ապրումներին: Որքան շուտ դա արվի, այնքան լավ: Շատ հաճախ մարդիկ չեն ուզում խոսել այդ մասին ՝ մտածելով, որ վերքը կթարմացնեն, բայց եթե մարդը խոսելու ցանկություն ունի, ապա պետք է ստեղծել մտերմիկ զրույցի նախապայմաններ: Տագնապային խանգարումների դեպքում պետք է հասկանալ, որ դրանք ինքնըստինքյան չեն վերանում, մասնագիտական օգնության կարիք է զգացվում: Նախ մարդ ինքը պետք է ցանկանա այդպիսի աջակցություն ստանալ, այնուհետև դա վերածվում է թերապևտիկ պրոցեսի: Նաև դեղորայքային բուժում են օգտագործում, որոշակի նշանակումներ արվում:

Ինչպիսի՞ վերաբերմունք, աջակցություն է անհրաժեշտ ցուցաբերել հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

- Հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ իրենց լիարժեքությունն ապացուցում են ամենատարբեր բարդ գործողություններով: Հաշմանդամությունը մեծ խնդիր չէ ու չի կարող էապես խանգարել մարդուն լիարժեք կյանքով ապրելու: Աջակցությունը ավելի շատ պետք է լինի սոցիալական աջակցության տեսքով՝ հետագայում աշխատանքի տեղավորելու կամ մնացած ինտեգրացիոն գործերում, կենցաղային այն հարցերում, որտեղ խնդիրներն արհեստական են ստեղծված: Օրինակ՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ ավելի շատ ոչ թե իրենց վիճակից են տառապում, այլ այն արհեստական խոչընդոտներից, որ ֆիզիկապես իրենց մուտքը հարմարեցված չէ շատ վայրերում:

Պետք է նաև զրուցել մարդու հետ՝ ցույց տալով, որ այնուամենայնիվ, դա նրան չի խանգարի աշխատել, զբաղվել սիրած գործերով, շփվել, ունենալ անձնական կյանք: Պարզապես պետք է նրա հետ քննարկել այդ հարցերը, ոգևորել, հուսադրել: Անհատական մոտեցում է պետք ցուցաբերել: Շատ կարևոր է վնասվածքի տեսակը: Օրինակ՝ եթե անձը կորցրել է ստորին վերջույթը ծնկից ներքև, ապա ցանկության դեպքում դա շատ լուրջ խոչընդոտներ չի կարող առաջացնել, և մարդը որոշ ժամանակի ընթացքում պրոթեզներին հարմարվելուց հետո կշարունակի քայլել, և շատ դեպքեր կան, որ շարունակում են իրենց աշխատանքը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հաշմանդամություն ձեռք բերած անձի ընտանիքի անդամներին:

- Առաջին խորհուրդն այն է, որ խղճահարությամբ չլցվեն մարդու հանդեպ, որովհետև խղճահարությունը մարդու մեջ թուլացնում է հավատը իր ուժերի նկատմամբ, արժանապատվությունն է նսեմացնում, պետք է շարունակել վերաբերվել որպես լիարժեք մարդու: Պետք է հասկանալ, որ հաշմանդամությունը լուրջ խոչընդոտ չէ ու չի կարող խաթարել մարդու կենսագործունեությունը: Իհարկե, որոշակի սահմանափակումներ առաջանում են այդ մարդու համար, բայց դա խնդիր չէ. ցանկացած մարդ էլ ինչ-որ սահմանափակումներ ունի: Օրինակ` կանայք մեծ մասամբ ֆիզիկական ուժով զիջում են տղամարդկանց, տարբերվում նրանցից: Մի՞թե դրանից ելնելով պետք է ասել, որ նրանք լիարժեք չեն: Ժամանակն է՝ մարդիկ ձերբազատվեն այդ պատկերացումից, որ ինչ-ինչ սահմանափակումները կարող են խանգարել լիարժեք ապրելուն:

- Գիտենք, որ սահմանում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են նաև երեխաներ: Ինչպե՞ս է այս վիճակն ազդում գյուղերում ապրող երեխաների վրա, ու ի՞նչ մոտեցում է պետք ցուցաբերել, որ երեխան հնարավորինս ճիշտ հասկանա ու հարմարվի իրավիճակին:

- Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները կարող են առաջանալ նաև երեխաների մոտ: Եթե երեխան տուժել է կոնկրետ իրադարձությունից, նախ նրան պետք է տրավմայի վայրից հեռացնել: Արագորեն ծնողների հետ միավորել, այդ դեպքում երեխան իրեն ավելի պաշտպանված է զգում: Պետք է երեխային հավաստիացնել, որ իր ապրումները նորմալ են: Շատ կարևոր է խոսել երեխայի հետ, լսել նրան, որ ելք տա ապրումներին: Երեխայի մոտ պետք է վերականգնվի պաշտպանվածության զգացումը: Երեխաները ձգտում են հաճախ մոռացության մատնել տրավմատիկ դեպքը: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին բնորոշ է, որ չեն հիշում այդ իրադարձության մանրամասները, հիշողության մասնակի կորուստ է լինում: Չստրուկտուրավորված նյութերի հետ խաղը նպաստում է տրավմայի վերամշակմանը: Հանգստացնող ազդեցություն է թողնում ջրի, ավազի հետ խաղալը, դա օգնում է նրանց անել այն, ինչ ցանկանում են, վերագտնել իրավիճակների վրա ազդելու իրենց կարողությունը: Տրավմայի հետևանքով առաջացած բացասական լիցքերից ազատվելու համար պետք է համապատասխան իրավիճակներ ստեղծել` ակտիվ խաղեր, սպիտակ թուղթ կախել, որի վրա երեխան վրձինով թափով հարվածներ հասցնի:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.