accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

«Ցանկացած բան, որ ստեղծվում է այս պահին, պետք է արտահայտի այս ժամանակը». SNKH ճարտարապետական արվեստանոց

0

Գիտելիքի, ստեղծագործականության ու կոնցեպտուալ մտածողության վրա հիմնված ժամանակակից ճարտարապետության տեսլականով 2012-ին հիմնվեց SNKH ճարտարապետական արվեստանոցը: Workfront Armenia-ի, BigBek-ի գրասենյակների, ՄԱԿ-ի հանդիպումների սրահի, «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ ֆորումի ցուցահանդեսային տարածքի, ՀԲԸՄ մշակութային կենտրոնի մտահղացման, Հայաստանում, Ֆրանսիայում ու Ռուսաստանում մի քանի նախագծերի հեղինակները զբաղվում են ճարտարապետական նախագծմամբ ու ինտերիեր դիզայնով: Երիտասարդ հիմնադիրները հավատացած են, որ ճարտարապետությունը պետք է սահմանի ու արտացոլի ժամանակակից կյանքի բոլոր ասպեկտները:

Համընդհանուր դիզայնի ու անմատչելիության ճարտարապետական պատճառների մասին զրուցեցինք Արմինե և Աշոտ Սնխչյանների հետ:

- Արվեստանոցը ստեղծելիս ի՞նչ սկզբունքներ մշակեցիք:

Աշոտ. Մեր գաղափարներն այնքան մոտ էին ուսանողական ժամանակներից, որ աշխատելու ընթացքում այլևս խնդիրներ չառաջացան: Ճարտարապետությունն առանց որոշակի գաղափարների, տեսլականի հնարավոր չէ: Դեռ ուսանողական ժամանակներից երկուսս էլ արմատական մոդեռնիզմի կողմնակիցներ էինք ու աշխատանքի մեջ փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր դիզայնը, ճարտարապետությունն արտահայտի մեր ժամանակը: Ցանկացած բան, որ ստեղծվում է այս պահին, պետք է արտահայտի այս ժամանակը:

- Ճարտարապետական, դիզայներական տեսանկյունից պատվիրատուն կարևորու՞մ է մատչելիությունը, համընդհանուր դիզայնը:

Արմինե. Պիտի նշեմ, որ մենք մեծ մասամբ ինտերիեր ենք նախագծում, ինտերիերում այդպիսի բաներ շատ հազվադեպ են հանդիպում: Չնայած մենք նախագծել ենք գրասենյակներ, որտեղ կարող են նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատել, բայց հարցն այն է, որ գրասենյակն այնպիսի շենքում է, որ հենց շենքից է խնդիրը գալիս: Մի գրասենյակ ենք նախագծել «Երազ» գործարանի թաղամասում, որտեղ ուղղակի մոտեցման հնարավորություն չկա, հաշմանդամություն ունեցող անձը մինչև երկրորդ հարկ հասնել չի կարող, շենք չի կարող մտնել, դրա համար այդպիսի խնդիր չի էլ դրվում: Ինտերիերի պարագայում դա չի երևում, դրան չի հասնում հարցը: Մենք նաև արել ենք չորս հարկանի բնակելի շենքի նախագիծ Ռուսաստանում` Իգրիմ քաղաքում, որտեղ մեր առջև մատչելիության կոնկրետ պահանջ էին դրել:

Աշոտ. Այստեղ շատ կարևոր բան կա` դա ոչ թե պատվիրատուի պահանջն է, այլ` պետության: Եթե նախագիծը չի համապատասխանում պահանջներին, պարզապես չի թույլատրվում կառուցումը: Մինչ մեր արվեստանոցը ստեղծելը ես աշխատում էի մի ֆրանսիական գրասենյակում, որտեղ նախագծեր էինք անում Ֆրանսիայի համար: Այնտեղ սարսափելի բարդ էին այդ նորմերը: Հիշում եմ, որ թեքահարթակները ամեն հնարավոր տեղերում էին, առանց դրանց առկայության հույս չկար, որ նախագիծը կհաստատվի, որովհետև դա սովորական բան էր բոլոր ճարտարապետների համար: Չափանիշներն էլ շատ կոնկրետ էին, օրինակ` 5 աստիճանից ավելի թեքություն չպետք է լիներ, իսկ մեզ մոտ թեքահարթակներ կան, որոնց թեքությունն այնքան է, որ անգամ ոտքով իջնելիս է վտանգավոր: Միայն թեքահարթակի գոյությունը հարցը չի լուծում, հստակ նորմեր են պետք, որոնք հաստատված կլինեն պետական մակարդակով, և բոլորը կհետևեն դրանց:

Աշխատանքային միջավայր

 - Իրականում Հայաստանում կան հաստատված նորմեր, միջազգային համաձայնագրեր, քաղաքաշինության նախարարի հրաման, որոնք ոչ պետական, ոչ մասնավոր առումներով չեն իրականանում թե´ ճարտարապետության, թե´ ինտերիեր դիզայնի տեսանկյունից: Ի՞նչ եք կարծում` ինչու՞:

Արմինե. Ինտերիերի դեպքում մատչելիության պահանջ չի եղել պատվիրատուի կողմից, որովհետև ինտերիերը մասնավոր բան է: Ո՞նց ասեմ, ես որ իմ տունը սարքեմ, կոպիտ ասած, չեմ մտածի այդ հարցի մասին, որովհետև տունը 8-րդ հարկում է, իսկ այնտեղ նախ պետք է հասնել:

- Չէ´, ինչո՞ւ: Օրինակ` եթե տարածքը, անցուղիները լայն լինեն, խանգարող օբյեկտներ չլինեն, լույսը, գունային գամման հարմարեցված լինեն, բռնակները, կահույքը, մուտքերըհարմարեցված լինեն, արդեն մատչելիության համար պայմաններ կստեղծվեն:

Աշոտ. Այդտեղ երկու նախագծման մոտեցում կա: Եթե պատվերն անհատական է` այլ է, եթե հանրային` անգամ, եթե սրճարան է` այլ: Հանրայինի դեպքում պետք է անպայման ուշադրություն դարձվի այդ հարցերին, բայց եթե պատվիրատուն պարզապես իր առանձնատունը, բնակարանն է ուզում կառուցել, այդտեղ գուցե այդքան առաջնային չեն այդ հարցերը, եթե պատվիրատուն այդ խնդիրը չի դնում: Այսինքն` հանրային նախագծի պարագայում, նույնիսկ եթե պատվիրատուն այդպիսի պահանջ չի դնում, մենք այդ մասին անպայման մտածում ենք, բայց ոչ անհատականի դեպքում:

Նախագիծ

Այսբերգ բիզնես կենտրոն, Սուրգուտ

- Պատահե՞լ է, որ մի կառույց, միջավայր ամբողջապես մատչելի նախագծեք, բայց կառուցապատման ժամանակ խնդիրներ առաջանան, չիրագործվի:

Աշոտ. Հայաստանում շատ տարածված փորձ է, բայց, ամեն դեպքում, եթե հետևում ես, ռիսկերը նվազագույնի են հասցվում: Լիարժեք վերահսկել հնարավոր չէ, բայց հետևելու դեպքում հնարավորինս կառուցվում է այնպես, ինչպես նախագծված է:

- Եթե օրենսդրական և պետական առումով կատարյալ իրավիճակ պատկերացնենք, էլ ի՞նչ հարկավոր կլինի մատչելի միջավայր ստանալու համար:

Աշոտ. Առաջին հերթին` մատչելի հանրային տարածք: Մենք Երևանում ընդհանրապես հանրային տարածք չունենք, ուր մնաց թե մատչելի լինի: Ես չեմ խոսում հրապարակների մասին, թեև այնտեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան, բայց, օրինակ` քաղաքի մայթերը դժվարանցանելի են ցանկացած պարագայում: Ամեն խանութ որոշում է մայթի դիմացը գրավել, իր կտորը բարձրացնել, սալիկապատել …ու ստացվում է, որ մի փողոցի մայթով քայլելիս անընդհատ խոչընդոտների ես հանդիպում, տարբեր մակերևույթներով ես քայլում: Կոնկրետ առանձին կառույց դիտարկելուց առաջ պիտի հասկանանք, որ իր միջավայրը հասանելի չէ: Դա շատ բարդ քաղաքաշինական խնդիր է, որովհետև այդ դեպքերն այնքան շատ են, որ թվում է, թե ամբողջ քաղաքը պետք է քանդել, նորից սարքել:

Ցուցադրություն

Ցուցասրահ՝ «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ ֆորումի շրջանակներում

- «Ցեղասպանության հանցագործության դեմ» գլոբալ ֆորումի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում ժամանակավոր ցուցասրահ նախագծեցիք: Անցողիկ բնույթն ու միջավայրի անմատչելիությունը որևէ կերպ ազդո՞ւմ են փոքր մասշտաբային հատված ստեղծելիս մատչելիության ապահովման վրա:

Աշոտ. Անկեղծ ասած` հենց այդ դեպքում այդ հարցի շուրջ չենք մտածել, քննարկումներ չեն եղել, բայց տեսել եմ, որ առաջին հարկում, սպասասրահում 6-7 աստիճան կա, որտեղ այդ ժամանակ շարժական թեքահարթակ էին դնում, ու, հավանաբար, հարցն այդ կերպ լուծվում էր: Կոնկրետ մեր նախագծի վերաբերյալ այդպիսի խնդիր դրված չի եղել: Եթե համարենք, որ շենքը հնարավոր է հասանելի դարձնել, ապա ցուցահանդեսը միանշանակ հասանելի էր, որովհետև բացվածքների լայնությունները, անցումները հաշվարկված էին:

Սուրճի կրպակի նախագիծ, որն անմատչելի է սայլակ օգտագործող անձանց

Սուրճի կրպակի նախագիծ, որն անմատչելի է սայլակ օգտագործող անձանց

- Ինչպե՞ս ապահովել համընդհանուր դիզայնը:

Աշոտ. Որոշակի հարմարեցումներ ստեղծելու համար X չափսի մակերես է պետք, որը շատ հաճախ չի լինում: Ես հիշում եմ, որ ֆրանսիական նախագծերի ժամանակ լոգարանները, սենյակները պետք է առնվազն 1,5 մետր շառավղով ազատ տարածք ունենային, որ հաշմանդամություն ունեցող անձը կարողանար պտույտ կատարել ու դուրս գալ: Սա բերում էր այնպիսի խնդիրների, որ հաճախ լոգարանները շատ մեծ էին ստացվում: Այնտեղ դա նորմալ էր, որովհետև դու սկսում ես նախագծել ըստ դրա, մեր դեպքում, հիմնականում` Սովետական Միությունից մնացած ժառանգության պարագայում, որտեղ ամեն ինչ մինիմալ չափերով էր նախագծված, վերափոխելիս բոլոր նորմերը պահպանելիս կարող ենք չտեղավորվել, խնդիրներ կան: Տեղավորվելը միանշանակ կտեղավորվենք, բայց գուցե դրա հաշվին ննջարանը շատ փոքր լինի, մինչդեռ դա էլ թույլատրելի չէ: Իհարկե ես չեմ խոսում լույսի, գույնի մասին, որոնք լուծվող հարցեր են, բայց զուտ տարածական առումով այդպիսի խնդիրների ենք հանդիպում:

- Դուք այդպիսի փորձ ունե՞ք: Կարո՞ղ եք առհասարակ Հայաստանում հիշել ամբողջովին մատչելի տարածք, միջավայր, կառույց:

Արմինե. Գուցե «Թումո՞ն»: Կարծում եմ` այդպիսի կենտրոնները պետք է հարմարեցված լինեն:
Աշոտ. Հայաստանո՞ւմ, չէ´, կարծում եմ` չկա:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.