accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Հաշմանդամություն ունեցող աշխատողները պետական կազմակերպություններում՝ թվերով

0

Առաջին անգամ Հայաստանում փորձ է արվել պետական մակարդակով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը երկրում: 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 3-րդ մասը, ըստ որի հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջ է առաջանում կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն 3 տոկոսի չափով:

2016 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 200.117 անձ: Նրանց 63,4%-ը աշխատունակ տարիքի է` 18-63 տարեկան:

Մենք փորձել ենք վերլուծել պետական կազմակերպությունների գրանցած արդյունքները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակված վիճակագրական տվյալների հիման վրա:

Կազմակերպությունների քվոտավորման ենթակա աշխատատեղերի և քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվի վերաբերյալ 2016 թ. ապրիլի դրությամբ, առկա տեղեկատվության համաձայն` Հայաստանում կան 192 պետական կազմակերպություններ, որոնք օրենքով սահմանված կարգով պետք է ապահովեն հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվը:

Դրանց թվում են, օրինակ` ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ), որոնցում 102-ական աշխատատեղ զբաղեցնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Խոշոր գործատուներից է ՀՀ Ազգային ժողովը, որտեղ պարզվում է` 43 նման աշխատատեղ է զբաղեցրած: Ըստ հրապարակված տեղեկությունների պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում 82, իսկ ՀՀ դատական դեպարտամենտում 78 հաշմանդամություն ունեցող աշխատող կա:

Եթե դուք հաշմանդամություն ունեցող որևէ մեկին չեք մտաբերում այդ կառույցներում, ապա հիշեցնենք, որ հաշմանդամությունը կարող է նաև անտեսանելի լինել: Հնարավոր է` նշված պետական կազմակերպություններում հիմնականում անտեսանելի հաշմանդամություն ունեցող մարդիկ են աշխատում:

 

Թեև ըստ 1-ին եռամսյակի տվյալների կազմակերպությունների հիմնական մասը կատարել է օրենքի պահանջը, որոշ կազմակերպություններում գրանցվել են փոփոխություններ աշխատակիցների նախնական և հաջորդող թվերի միջև: 8 կազմակերպության տվյալներով հաշմանդամություն ունեցող աշխատակիցների թիվը նշված ժամանակահատվածում նվազել է:

Տեղեկությունները վերլուծելով` որոշ կազմակերպությունների դեպքում այնպիսի տպավորություն է, որ այն պահից, երբ բացահայտել են, որ հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվն ավելին է, քան պահանջվում է, սկսել են կրճատել: Օրինակ՝ Արարատի մարզպետարանում 2016-ի հունվարից մարտ ամիսներին այդ թիվը 16-ից նվազել է մինչև 1-ի, քվոտայի պահանջը, սակայն, 4-ն է: Գրեթե կրկնակի նվազել է աշխատողների թիվը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում՝ 78-ից դառնալով 40 (քվոտավորման ենթակա աշխատատեղերի թիվը 39-ն է): Թվերի կրճատման իրական պատճառները մեզ դեռ հայտնի չեն, դրանք հավանաբար որևէ մեկին չեն էլ հետաքրքրում, քանի որ քվոտայի պահանջը կարծես թե կատարված է:

Սակայն պատկերն այդքան էլ տխուր չէ. պարզվում է` 8 պետական կազմակերպություններում նկատվում է հակառակը, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող աշխատողների թվի աճ է գրանցվել, չնայած քվոտավորման ենթակա աշխատատեղերի թվի ապահովմանը:

Քվոտավորման պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա աշխատատեղը զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից` առանց ամենամյա ծրագրով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:

Թեև հրապարակված տվյալներն ամփոփում են տարվա միայն 1-ին եռամսյակը, և այդ տեղեկություններով չենք կարող ասել, որ նշված կազմակերպությունները չեն կատարել քվոտավորման պահանջը, այնուամենայնիվ, ապրիլին 19 պետական կազմակերպություններ չեն լրացրել հաշմանդամություն ունեցող աշխատողների սահմանված թիվը:

Դրանցից են` ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ նախագահի աշխատակազմը և այլն:

Չի բացառվում, որ այս կառույցներում աշխատողները դեռ բժշկասոցիալական փորձաքննություն չեն անցել: Ի վերջո, հաշմանդամության ճանաչման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերը հնարավորություն են տալիս հաշմանդամություն չունեցող անձանց ևս ձեռք բերել այդ փաստաթղթերը, որն էլ կարող է խթանվել գործատուների կողմից՝ խուսափելու հաշմանդամություն ունեցող մասնագետներ գտնելու հավելյալ ջանքերից և գլխացավանքներից: Ամեն դեպքում դեռ ժամանակ կա, և ավելի քան իրատեսական է, որ սահմանված թիվը շուտով կապահովեն բոլորը:

Մյուս կողմից` կարելի է հասկանալ համապատասխան աշխատող գտնելու դժվարությունը, որովհետև այս կառույցներում աշխատելու համար, ենթադրվում է, բավարար կրթություն, մասնագիտական պատրաստվածություն և փորձ են անհրաժեշտ: Հավանաբար դժվար է գտնել հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր կրթության, աշխատանքի և մասնագիտական փորձի բավարար հնարավորություններ ունեն Հայաստանում, ում ներառման և իրավունքների պաշտպանության համար, ի դեպ, պատասխանատու են այդ նույն կառույցները:

Ըստ նախատեսվածի՝ պետական կազմակերպությունների քվոտավորման ենթակա աշխատատեղերի թիվը պետք է նվազագույնը կազմեր 1699, մինչդեռ այս պահին թիվը հասնում է 3226-ի: Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվը պետական կառույցներում գրեթե կրկնակի է, քան կարող էր ապահովել օրենսդրական այս նախաձեռնությունը: Այդ դեպքում ո՞րն է 3 տոկոս քվոտայի իմաստը, եթե պետական կառույցները առանց այդ էլ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների կրկնակի կամ եռակի թիվ են ապահովում իրենց աշխատակազմում:

Սա բացահայտում է գուցե մեզ համար, բայց ոչ այն կառույցների և պաշտոնյաների, որոնք ի սկզբանե նախաձեռնել են գործընթացը՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը «խթանելու» համար: Ի վերջո, եթե այս գործընթացը միտված էր լուրջ խնդիր լուծելու, ապա պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ քվոտայի պահանջը պետք է ավելի բարձր տոկոս սահմաներ:

Իսկ թե հաշմանդամություն ունեցող քանի՞ մարդ է աշխատանքի ընդունվել հենց այս նախաձեռնության արդյունքում՝ 2015-ին, քանի՞սն են նրանցից կին, քանի՞սը՝ տղամարդ, ի՞նչ հաշմանդամություն ունեն` մեզ չհաջողվեց պարզել, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենքով սահմանված կարգով չպատասխանեց մեր գրավոր ուղարկած տեղեկատվական հարցմանը, մատնանշելով միայն հրապարակված տեղեկությունը կայքում:

Հայտնի է միայն, որ այսօր զբաղվածության ոլորտից գրեթե դուրս են մնում հատկապես տեղաշարժման, լսողության, տեսողության դժվարություն, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ:

Քվոտավորման պահանջը այլ երկրներում տարածվում է ավելի փոքր կազմակերպությունների վրա գրեթե կրկնակի մեծ տոկոսով: 1987 թվականից Ֆրանսիայի օրենսդրությունը պարտադրում է 20 և ավելի աշխատողներ ունեցող կազմակերպություններին ապահովել 6 տոկոս քվոտավորում: Համաձայն Եվրոպական միության Եկամուտների և կենսապայմանների վիճակագրության տվյալների՝ 2009-ին հաշմանդամություն ունեցող մարդկանց (20-64 տարեկան) զբաղվածությունը եղել է 49,8%՝ ի համեմատ հաշմանդամություն չունեցող մարդկանց 72,1% զբաղվածության: Իտալիայում քվոտավորման պահանջը 7 տոկոս է, Գերմանիայում` 5, սակայն խիստ են քվոտավորման պահանջը չկատարելու դեպքում տույժերը, հատուկ ժամանակով միջոցներ են կիրառվում հաշմանդամություն ունեցող առավել խոցելի անձանց զբաղվածության ապահովման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2016-ի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ մասը, որը սահմանում է. Հարյուր և ավելի աշխատողներ ունեցող ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների ընդհանուր քանակի առնվազն 1 տոկոսի չափով:

Շատ բան պետք չէ հասկանալու համար, թե ի´նչ կփոխի այս կետը մասնավոր հատվածում, և ի´նչ հնարավորություններ կունենան հաշմանդամություն ունեցող անձինք՝ ելնելով արդեն պետական կազմակերպությունների փորձից:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.