accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Տաթևիկ Ղազարյան

Ինչպիսին է Լոռու մարզը՝ մատչելիության տեսանկյունից

0

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հարմարավետ միջավայրի ստեղծումը մեր երկրում շարունակում է մնալ առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրների շարքում: Թեև խնդրի լուծման համար վաղուց արդեն առկա է նպաստավոր օրենսդրական դաշտ, սակայն հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ինչպես հանրապետության բոլոր մարզերը, այնպես էլ Լոռին շարունակում են անմատչելի մնալ:

Անմատչելի թեքահարթակ

- Վանաձոր քաղաքում այդ հարցը բավականին խոցելի է: Կան բազմաթիվ պետական, հանրային հաստատություններ, որոնց կարիքը առօրյա կյանքում անպայման լինում է, բայց դրանք հարմարեցված չեն, ինչը դժվարություններ է առաջացնում: Նրանք նշում են` թե ասեք, մենք կիջնենք: Բայց դրսում կանգնած եմ, ո՞ւմ պետք է խնդրեմ կամ ես ու՞մ ասեմ, որ «վերևներին» կանչեք, թող գան ինձ օգնեն: Ես ինչո՞ւ չպետք է իմ քաղաքում հարմարավետ չապրեմ, սպասեմ, թե ով պետք է ինձ օգնի,- ասում է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը փաստում է, որ 2015 թվականին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից Սպիտակի քաղաքապետարանի, Ալավերդու և Վանաձորի մշակույթի տների առջև թեքահարթակներ են կառուցվել. «Երբ մտնում ես այս երեք կառույցներ, առաջին հարկից չես կարող առաջ գնալ, անմատչելի են: Չորս համայնքի նախակրթարաններում և երկու համայնքի մշակույթի տներում ևս կառուցվել են թեքահարթակներ»։

Այժմ Լոռու մարզի 30 քաղաքապետարաններ ու գյուղապետարաններ ունեն թեքահարթակներ: Բացի նշվածներից, անվասայլակ օգտագործող անձանց համար մատչելի է կառուցված 38 կառույց, իսկ դեռևս 45 համայնքի քաղաքապետարաններն ու գյուղապետարանները շարունակում են անմատչելի մնալ։ Մարզի 163 կրթական հաստատություններից միայն 103-ում է առկա թեքահարթակ: 36 առողջապահական հաստատություններից էլ 33-ն ունեն թեքահարթակ, 3-ում թեքահարթակի անհրաժեշտություն չկա, իսկ 2 հաստատությունում դեռևս թեքահարթակ չկա:

Եթե թեքահարթակների հարցը տարեցտարի փոքր-ինչ լուծվում է, ապա այլ է արդեն մայթերի խնդիրը: Ջաղինյանի դիտարկմամբ՝ մայթերը գնալով անհարմար են դառնում բոլորի համար. «Ամեն մեկն իր խանութի առաջը սալիկապատում է՝ իր ուզած ձևով ու նախշերով: Ուղիղ ճանապարհը անհարթացնում են»:

Մատչելի ավտոբուսների խնդիրը ևս Վանաձորում անլուծելի է թվում։ «Երիտասարդական ալիք» ՀԿ փոխնախագահ Անի Գաբրիելյանն ասում է, որ հարմարեցված ավտոբուսներ պետք են ոչ միայն քաղաքի ներսում ազատ տեղաշարժվելու, այլև Երևան գնալու համար. «Իհարկե մարզն ունի հարմարեցված ավտոբուսների կարիք, հատկապես Երևան գնացող: Սայլակ օգտագործող մարդիկ միշտ խնդրի առաջ են կանգնում, չեն կարողանում երթուղայինով Երևան գնալ, քանի որ գազի բալոնները խանգարում են սայլակը դնելուն, իսկ ներսում չեն թույլատրում»:

Հիշեցնենք, որ 2016 թվականը ՀՀ կառավարությունը հայտարարել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի:

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.