accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

Ի՞նչ պետք է իմանան հաշմանդամություն ունեցող անձանց դասընկերները

0

Այսօր բուհերում սովորում են տարբեր հաշմանդամություն ունեցող ուսանողներ: Նրանք հանդիպում են տարբեր դժվարությունների և, իհարկե, ունենում են բազմաթիվ հաջողություններ: Ինչպես յուրաքանչյուր ուսանողի, այնպես էլ նրանց կյանքում մեծ դեր են խաղում դասընկերները, ում համար հաշմանդամություն ունեցող դասընկերոջ հետ նույն կուրսում սովորելը կարևոր փորձառություն է: Այնուամենայնիվ, կան բաներ, որոնց մասին իմանալն ավելի կարագացնի ուսանողական ընկերների միջև փոխըմբռնումը: Մենք զրուցել ենք հաշմանդամություն ունեցող ուսանողների հետ, ովքեր կիսվել են մեզ հետ այն ամենով, ինչ կուզեին ասել իրենց կուրսընկերներին:

Վերաբերվեք ինչպես հավասարը հավասարի, մի´ հերոսացրեք ինձ

Երբեմն մարդիկ, տեսնելով հաշմանդամություն ունեցող մարդու հաջողությունները, սկսում են հերոսացնել նրան: Նույնիսկ բուհում սովորելը թվում է շատ տարօրինակ՝ հերոսությանը հավասար մի բան, սակայն ուսումը մարդու կյանքի մի բաղադրիչն է` անկախ հաշմանդամությունից:

Օգնեք միայն այն դեպքում, երբ դրա կարիքը կա

Հաճախ մարդիկ մեծ ցանկություն են ունենում օգնելու, ինչը գովելի է, սակայն երբեմն այդ «օգնությամբ» ավելի շատ վնասում են, քան աջակցում: Օգնություն ցույց տալուց առաջ պետք է պարզապես հարցնել՝ կարիք կա՞ արդյոք, կամ ի՞նչ օգնություն է անհրաժեշտ:

Ուսումնական նյութեր և դասախոսություններ տրամադրեք

Հաշմանդամություն ունեցող որոշ մարդկանց համար դժվար է գրառումներ կատարելը: Դասախոսությունների, գրքերի տրամադրման հարցում պատրաստակամ եղեք: Տեսողության դժվարություն ունեցող ձեր դասընկերները շնորհակալ կլինեն, եթե նրանց համար գրքեր կարդաք կամ ձայնագրեք այն գրքերը, որոնց աուդիոտարբերակը չկա:

Առանց հարցնելու մի´ վերցրեք ձեռնափայտը կամ այն իրերը, որոնց օգնությամբ մարդիկ տեղաշարժվում են

Երբեմն մարդիկ առանց երկար-բարակ մտածելու վերցնում են ընկերոջ հենակը կամ այլ օժանդակ պարագաները, հենվում են սայլակին՝ առանց գիտակցելու, որ այդ պարագաները անձնական են, կարևոր նշանակություն ունեն մարդու համար, և վնասելու դեպքում կարող եք լուրջ խնդրի առջև կանգնեցնել մարդուն:

Հավաքույթներ, էսկուրսիաներ կազմակերպելիս հաշվի առեք տարածքի մատչելիությունը և անհրաժեշտ պայմանները

Ուսանողական հավաքույթներ, էքսկուրսիաների և այլ միջոցառումներ կազմակերպելիս միշտ հաշվի առեք նաև հաշմանդամություն ունեցող ձեր դասընկերոջ կարիքները՝ տարածքի հարմարավետությունը, տրանսպորտը և այլն: Որպեսզի միջոցառումները հաջողվեն, դրանք պետք է հավասարապես հասանելի լինեն բոլորին: Կողմնորոշվելու համար անհրաժեշտ է հենց նրանից խորհուրդ հարցնել վայրի ընտրության հարցում:

Վերելակի մոտ հերթեր մի´ ստեղծեք

Երբեմն համալսարաններում վերելակների մոտ հերթեր են գոյանում միայն այն պատճառով, որ ուսանողներից շատերը պարզապես ծուլանում են մի քանի հարկ ոտքով իջնել կամ բարձրանալ: Այնինչ շատերն իսկապես վերելակի կարիք ունեն, եթե նույնիսկ չեն օգտագործում հենակներ կամ սայլակ: Եթե իսկապես կարող եք առանց վերելակի հասնել ձեզ անհրաժեշտ հարկը, ապա փորձեք հերթեր չստեղծել վերելակների մոտ:

Անտեղի արտոնյալ կարգավիճակ մի´ տվեք մարդուն

«Մի անգամ խնջույք էին կազմակերպել, գումար էին հավաքում, ինձնից փորձեցին գումար չվերցնել: Ես ասացի, որ ինձ չառանձնացնեն կուրսից, որ իմ խնդիրը կապ չունի դրա հետ, ես հավասար եմ իրենց»,- պատմում է մեր զրուցակիցներից մեկը:

Դասընկերոջ ներկայությամբ մի´ խոսեք այնպես, ասես նա ներկա չէ

Չտեսնող մարդու ներկայությամբ մի´ փորձեք լուռ շարժումներով, միմիկայով և այլ տեսողական նշաններով միմյանց ինֆորմացիա փոխանցել: «Ճիշտ է, ես չեմ տեսնում, բայց լավ լսում եմ, կարողանում եմ զգալ դեմքի արտահայտությունը, ինչպես նաև զգում եմ, թե ինչպես են մարդիկ միմիկայով կամ ձեռքերով միմյանց բաներ հասկացնում»: Չի կարելի նույնը անել նաև չլսող մարդու դեպքում: Նման վարքագիծը շատ հաճախ ստիպում է կասկածամիտ դառնալ և եթե նույնիսկ դուք իր մասին չեք խոսում, մարդը կարող է մտածել, որ իրենից որևէ բան եք թաքցնում:

Պետք չէ պարտադրված շփվել

«Ես միշտ ուզում էի ոմանց ասել, որ իրենք ստիպված չեն շփվել ինձ հետ, քանի որ նկատում էի, որ ոմանք հենց այնպես, որպես հաշմանդամություն ունեցող անձ էին ինձ հետ շփվում, միայն ձևական կողմը պահելու համար»: Եթե մարդը ձեզ չի հետաքրքրում, դուք պարտավոր չեք շփվել կամ ընկերություն անել որևէ մեկի հետ միայն այն պատճառով, որ նա հաշմանդամություն ունի: Որքան ձեզ բնական պահեք, այնքան ձեր շփումն ավելի դյուրին կլինի:

Հրապարակմանն աջակցել են Նարե Ալավերդյանը, Գոռ Մելիքյանը, Սիփան Ասատրյանը

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.