accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

Աջակցություն թրաֆիքինգի զոհ դարձած հաշմանդամություն ունեցող անձանց

0

Կառավարությունը շաբաթներ առաջ ընդունեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին որոշումը:

Այն սահմանում է թրաֆիքինգի և շահագործման հնարավոր զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայով զոհերին տրամադրվելիք պետական աջակցությունը:

Որոշման մեջ անդրադարձ է կատարվում նաև հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր թրաֆիքինգի զոհ են դարձել կամ համարվում են հնարավոր զոհ: Օրենքը սահմանում է վերջիններիս տրամադրվելիք աջակցությունը:

Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ հաշմանդամություն ունեցող անձինք:

Հատուկ կատեգորիայի զոհերի, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող զոհերի խնամքը (ներառյալ համապատասխան հաստատություններում) կազմակերպվում է ՀՀ Կառավարության մեկ այլ՝ 25.09.2015թ. N 1112-Ն որոշման համապատասխան:

Աջակցությունը տրամադրվում է օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից:

Ըստ նշված որոշման՝ զոհին տրամադրվում են` կացարան, բժշկական ծառայություններ, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, բժշկասոցիալական փորձաքննություն, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում և այլ անհրաժեշտ ծառայություններ ու պարագաներ (25.09.2015թ. N 1112-Ն որոշում):

Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է զոհին թարգմանչական ծառայությունների տրամադրում՝ նրան հասկանալի լեզվով բանավոր թարգմանություն տրամադրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի գրավոր թարգմանություններ ապահովելու համար:

Որտե՞ղ է իրականացվելու աջակցությունը

Խնամքը կարող է տրամադրվել ինչպես կացարանում կացարանի աշխատողների կողմից՝ խնամքի համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պայմանների առկայության պարագայում, այնպես էլ նախարարության միջնորդությամբ՝ համապատասխան լիազորություններով օժտված մարմինների ուղեգրմամբ խնամք տրամադրող հատուկ հաստատություններում:

Ինչպես է կազմակերպվում հաշմանդամություն ունեցող զոհի կրթությունը

Կացարան տրամադրող կազմակերպությունը, համագործակցելով համապատասխան ուսումնական հաստատությունների հետ, կազմակերպում է կացարանում գտնվող երեխաների կրթությունը, որը կարող է իրականացվել ինչպես մասնավոր դասընթացների միջոցով, այնպես էլ հանրակրթական կամ հատուկ դպրոցներում:

Զբաղվածության ապահովումը

Համագործակցելով նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական գործակալության» հետ` կազմակերպությունը աջակցում է զոհի աշխատանքային հմտությունների ձեռքբերմանը, վերամասնագիտացման և վերապատրաստման դասընթացներին մասնակցությանը, ինչպես նաև օգտվելու «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու իրավունքից:

Ի՞նչ աջակցություն կարող է ստանալ անձը նախանույնացման փուլում

Նախանույնացման փուլում, մարդասիրական մղումներից ելնելով, հավանական զոհի նկատմամբ, եթե նա ակնհայտորեն աջակցության կարիք ունի, կիրառվում են օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված սոցիալական աջակցության անհետաձգելի միջոցները:

Դրանք են՝

  1. անհետաձգելի բժշկական օգնություն.
  2. նախանույնացման փուլի տևողությամբ ժամանակավոր կացարանի տրամադրում՝ նաև օրինական ներկայացուցչի և խնամքի տակ գտնվող երեխաների համար.
  3. հիմնական կրթության ապահովում.
  4. առաջին անհրաժեշտության բնաիրային օգնություն.
  5. առաջնային հոգեբանական օգնություն.
  6. ընդհանուր բնույթի խորհրդատվություն.
  7. խնամքի տրամադրում:

Որ դեպքում կարող է դադարեցվել աջակցությունը

Հավանական զոհերի դեպքում կարող է դադարեցվել աջակցությունը եթե հանձնաժողովը համարում է ոչ արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման: Զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը դադարեցվում է աջակցության տրամադրումն իրականացնող իրավասու մարմնի հիմնավոր միջնորդության հիման վրա՝ նույնացման հանձնաժողովի կայացրած որոշմամբ այն դեպքում, եթե ավարտվել է աջակցության գործընթացը:

Աջակցության դադարեցման դեպքում բոլոր զոհերին տրվում է միանվագ դրամական փոխհատուցում ստանալու հնարավորություն: Դրամական փոխհատուցման տրամադրումն ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու ընթացքում անձի կրած վնասների մասնակի փոխհատուցմանը և կազմում է 250 հազար ՀՀ դրամ:

Նախատեսված գումարը փոխանցվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված բանկային հաշվին:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.