accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Բարիներին համախմբելով

0

«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը չնայած իր գործունեության կարճ ժամանակահատվածին կարողացել է փոխել բազմաթիվ երեխաների ճակատագրեր, ուրախացնել մանկատան և հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների, մանկատնից դուրս եկած մի քանի երիտասարդների օգնել աշխատանքի և մասնագիտություն ձեռք բերելու հարցում:

Կազմակերպության նախագահ Մարինե Ադուլյանը նշում է, որ կարճ ժամանակահատվածում ամենակարևորին՝ մարդկանց վստահությանն են արժանացել. «Այս մեկ տարվա ընթացքում կազմակերպել ենք բազմաթիվ տեղեկատվական միջոցառումներ, ունեցել հաջողված սոցիալական ձեռնարկության փորձ շնորհիվ մեր բազմաթիվ բարի գործընկերների: Նաև` ամենակարևորը, ձեռք ենք բերել բարի և անկեղծ կազմակերպության համբավ, հասել նրան, որ մարդիկ մեզ վստահեն: Իսկ դա ամենակարևորն է: Շնորհակալ ենք աջակցություն ցուցաբերած յուրաքանչյուրին»:

Կազմակերպությունը փորձում է կանխարգելել առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին լքելու դեպքերը, ջերմություն նվիրել մանկատան սաներին, նպաստել լքված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադարձին, օգնել երեխաներին բուժում ստանալու, նյութական ու հոգեբանական աջակցություն տրամադրել մանկատանն ապրող հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Մարինե Ադուլյանը նշում է, որ փոխելու դեռ շատ բան կա: Ըստ նրա` լավագույն ձեռքբերումն ու մեր իրականությունում ամրագրած լավագույն փոփոխությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առկա կարծրատիպերի վերացումը կլիներ, քանի որ դա է գլխավոր պատճառը, ինչը հաշմանդամություն ունեցող շատ փոքրիկների առանց ընտանիքի է թողնում. «Ինձ համար փոխել կնշանակեր կոտրել կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ: Ցավոք, դա դարերից եկած երևույթ է և արմատախիլ անելը շատ դժվար է: Թեկուզև փոքր քայլերով, բայց մենք շարժվում ենք առաջ և անում ամեն ինչ, որ հասնենք այդ նպատակին»:

Մարդկանց մտածողության մասին

Իրավիճակը փոխվելու հարցում «Բարի մաման» նախ կարևորում է հասարակության վերաբերմունքի փոփոխությունն ու դրա համար պետական մարմիններին առաջարկում մանկապարտեզի սաներից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների համար տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ կազմակերպել:

«Պետք է հասնել նրան, որ մարդիկ ընդունեն՝ հաշմանդամությունն աշխարհի վերջը չէ, ու յուրաքանչյուրը կարող է լիարժեք կյանքով ապրել»,- ասում է Ադուլյանը:

Կազմակերպության նախագահը նշում է, որ ընդամենը մեկ հանդիպման ընթացքում իրենք կարողանում են փոխել ծնողների որոշումը: Չեն համոզում, որ երեխային մանկատուն չհանձնեն, պարզապես բացատրում են, թե ինչ խնդիր է երեխայի մոտ, ինչ հեռանկարներ ունի, ինչպես կարող է փոխվել նրա կյանքը, եթե մնա ընտանիքում: Մինչդեռ դա կարող են դեռ ծննդատանն անել, եթե հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ փոխվի բուժաշխատողների վերաբերմունքը. «Մենք բազմաթիվ դեպքերի ենք հանդիպել, երբ նորածինները ընկնում են մանկատուն միայն այն պատճառով, որ բուժանձնակազմը լիարժեք չի բացատրում, թե ինչ խնդիրներ են երեխայի մոտ, ինչ ապագա կարող է ունենալ փոքրիկը, և ինչպես խնամել նրան: Կարծում եմ, որ ծննդատներում կա սոցաշխատողների և հոգեբանների կարիք` գլուխները կորցրած ծնողներին ճիշտ ուղղություն և օգնություն ցույց տալու համար»,- ավելացնում է «Բարի մամայի» նախագահը:

Համագործակցություն պետական մարմինների և մանկատների հետ

Կազմակերպությունը պատրաստ է պետական մարմիններին աջակցելու, որպեսզի պարզեցվի խնամատարության և որդեգրման կարգը: Մարինե Ադուլյանը համոզմունք ունի, որ քիչ չեն այն ընտանիքները, որոնք կարող են սեփական երեխաների պես հոգ տանել մանկատան հաշմանդամություն ունեցող երեխայի մասին, միայն թե օրենքը խիստ է, ու շատ են սահմանափակումները: Արտասահմանում բնակվողների համար ևս դժվարություններ կան, քանի որ գործընթացը մեծ գումար, նյարդեր ու շատ ժամանակ է պահանջում:

«Բարի մաման» իր առաջ դրած խնդիրների լուծմանը հասնելու համար տրորված, հարթ ճանապարհով չի քայլում: Առաջնային դժվարություններից են՝ ծնողների հետ աշխատանքը, մանկատների վստահությանն արժանանալն ու այն, որ մարդիկ հաճախ չեն ընկալում, որ բարի գործ հնարավոր է նաև անշահախնդրորեն կատարել: Մարինե Ադուլյանը հիշում է, թե ինչպես մանկատներից մեկն իր դռները փակեց իրենց առաջ.

«Ամիսներ առաջ Նորքում գտնվող ոչ հայկական մի մանկատուն խզեց «Բարի մամայի» հետ կապերն այն պատճառով, որ մենք կարողացանք երեխաներից մեկին վերադարձնել իր կենսաբանական ընտանիք: Փոքրիկն արդեն որդեգրող ուներ, և մեր գործողությունների շնորհիվ այդ «գործարքը» ձախողվեց: Երեխան հիմա երջանիկ է, և դա է ամենակարևորը: Ցավում եմ, որ մանկատան ղեկավարությունը հաշվի չառավ, որ մեր առջև իր դռները փակելով՝ իր մնացած 23 երեխաներին զրկում է օգնությունից, ուրախ ժամանցից և այլն: Ի վերջո, մենք օգնում էինք երեխաներին, այլ ոչ թե հաստատության աշխատողներին կամ ղեկավարներին: Շատ ենք ցավում, երբ այդ ամենը չեն գնահատում: Դժվար է հիասթափություն ապրել»:

Երեխաները խաղում են նապաստակի հետ

«Բարի տնակը»

Կազմակերպությունը բարի և անկեղծ մարդկանցով է շրջապատված: Ադուլյանը նշում է, որ իրենց ի սրտե օգնել ցանկացողներ կան, և հույս ունի բոլոր ծրագրերն ի կատար ածելու համար մի օր նաև ֆինանսական բավարար միջոցներ ունենալ: Հենց այդ նպատակով բարի մամաները Հայաստանում ստեղծել են առաջին կամավորական բարեգործական նախագիծը՝ «Բարի տնակը», որի ամբողջ հասույթն ուղղվելու է «Բարի մամայի» հովանու ներքո գտնվող փոքրիկներին:

«Բարի տնակը» մի հրաշալի գաղափար է, որ ծնվեց դեկտեմբերից հետո, երբ «Սանտայի տունը» մեծ հաջողություն ունեցավ։ Այս անգամ էլ տնակը ստեղծվել է «Երևան մոլում». երեխաները գալիս են, ձեռագործ իրեր պատրաստում, իսկ նրանց ծնողները դրա դիմաց գումար են հանգանակում։ Իրականացվում են նաև թերապիաներ հաշմանդամություն ունեցող և մանկատանն ապրող երեխաների համար, հոգեբանական խորհրդատվություններ այն ծնողների համար, որ իրենց երեխաներին հետ են վերցրել մանկատնից։ Լոգոպեդի ծառայություն էլ է լինելու»,- հավելում է Ադուլյանը:

«Բարի տնակում» ստեղծվել է նաև Հայաստանում առաջին նեոնային սենյակը։ Երեխաներն այնտեղ կարող են իրենց երեսը ներկել լույս արձակող ներկերով, մտնել նեոնային սենյակ և հայտնվել ուրիշ աշխարհում։

«Ամենահետաքրքիրն ու անհավանականն այն է, որ մեզ հաջողվեց այդ տնակը կազմակերպել միայն կամավորների ուժերով։ Մենք չունենք վարձատրվող աշխատող, բոլորս մեծ սիրով գալիս և օգնում ենք՝ հանուն փոքրիկների։ Մեր թիմը գնալով ավելի է մեծանում»,- նշում է կազմակերպության նախագահը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.