accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Սարիբեկյան

Լրագրող (Գյումրի) | Սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

«Շատ բան ունենք երեխաներից սովորելու»

0

Գյումրիում կայացավ ներառական կրթությանը նվիրված առաջին գիտաժողովը: «Կերտենք ներառական հասարակություն» խորագրով գիտաժողովն անցկացվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Գիտաժողով կազմակերպելու առաջարկը Ջոն Կիրակոսյանի անվան 20-րդ հիմնական դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանինն էր, որն արդեն երկար ժամանակ մտահոգված է ներառական կրթությունը Գյումրիում պատշաճ մակարդակի հասցնելու խնդրով:

Ըստ Սոֆյայի` ներառական կրթությունը Գյումրիում, ճիշտ է, արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է, բայց լուրջ բացթողումներ կան:

«Մեզ մոտ խնդրին լուրջ ու ոգևորված չեն մոտենում, երեխաների առաջնահերթ կարիքներն անտեսվում են, վերապատրաստումները՝ ուշանում, հարմարեցված տրանսպորտ ունենալու խնդիրն այդպես էլ չլուծված է մնում, և նման բացթողումների պատճառով տուժում են շատ երեխաներ, որոնք կա´մ դպրոց չեն հաճախում, կա´մ դիմում են տնային ուսուցման օգնությանը»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը և հավելեց, որ ամենամեծ բացը մարդկային գործոնն է, ցանկությունը և պատրաստակամությունը:

Գյումրիում առաջին գիտաժողովի ընթացքում ելույթներ ունեցան Երևանի տարբեր դպրոցներից մասնագետներ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, «Հայկական Կարիտաս» բարեգործական-հասարակական կազմակերպությունից, «Էմիլի արեգակ» կենտրոնից անդամներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ, որոնք կիսվում էին իրենց փորձով կամ մտավախություններով:

«Հայկական Կարիտաս» բարեգործական-հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանն իր ելույթում նշեց. «Եթե մի քանի տարի առաջ, երբ սկսեցինք զբաղվել այս հարցով, նման միջոցառում կազմակերպեինք, շատ հետաքրքրվողներ չէին լինի, իսկ հիմա դահլիճը լեփ-լեցուն է, և մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացել է»,- ասաց նա և փաստեց, որ դեռևս շատ աշխատանք կա կատարելու, և գյումրեցիները շատ բան ունեն փոխելու իրենց մտածելակերպի և մոտեցումների մեջ:

Ելույթ ունեցողները հիմնականում նշում էին, որ դժվար է նորությունն ընդունելը, իսկ ներառական կրթությունը մեր հասարակության համար նորություն է, մարդիկ պատրաստ չեն փոփոխությունների, որ Գյումրիում կա բազմաթիվ խնդիրներ` կապված շրջակա միջավայրի, դպրոցների ու դասարանների հարմարեցման, կարծրատիպերի, իրազեկման պակասի հետ: Բայց այնուամենայնիվ բոլորը համաձայն են Սոֆյա Հովսեփյանի հնչեցրած այն մտքին, որ պետք է անընդմեջ իրազեկում կատարվի, որպեսզի հասարակությունը գիտակցի, որ թերագնահատելով խանգարում ենք, և եթե չենք կարող օգնել, ապա գոնե չպետք է խանգարենք:

9 տարեկան Վահագնի մայրն էլ համոզված է, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն առաջընթաց կգրանցեն միայն այն դեպքում, եթե ուսուցիչները նրանց վերաբերվեն որպես հավասարի, եթե մասնագետների վերապատրաստումը բարեխղճորեն կատարվի, պարապմունքները չարվեն ուղղակի ժամանակ անցկացնելու համար, այլ երեխաներին իրոք սովորեցնելու նպատակով: Վահագնի մայրը նշեց նաև, որ դպրոցում կատարված կանոնավոր աշխատանքների շնորհիվ է, որ որդին, որը մտավոր խնդիրներ ունի, որոշակի հաջողություններ է գրանցել վերջին շրջանում:

Դպրոցում արդեն հաջողություններ են գրանցում նաև 7-ամյա Նարեկն ու Արմենը, որոնք աուտիզմ և հիպերակտիվություն ունեն: Գյումրու 7-րդ դպրոցում սովորող տղաների մայրը՝ Նարինե Խաչատրյանը, պատմեց, որ շատ դժվար է եղել համակերպվել այն մտքի հետ, որ երկու հաշմանդամություն ունեցող երեխաներ ունի. «Սկզբում շատ դժվար էր, մինչև հիմա էլ երևի մինչև վերջ չեմ համակերպվել այդ մտքի հետ, բայց իմանալուց անմիջապես հետո ինքս ինձ վրա սկսեցի աշխատել, փոխվել, հոգեբանների հետ սկսեցինք համագործակցել: Սկզբում դժվար էր, բայց հիմա արդեն դրական փոփոխություն կա, ուղղակի փորձում եմ շատ ավելի ուշադիր և հետևողական լինել»:

Նարինեի խոսքով` որդիներն էլ սկզբում դժվար են համակերպվել այն մտքի հետ, որ իրենք մյուսներից տարբեր են. «Նախ մենք` ծնողներս, պիտի ընդունենք մեր երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան, երբեք չվախենանք, թե ինչ կմտածեն շրջապատում, այդ ամենը երկրորդական է: Բոլորն իրավունք ունեն հաճախելու դպրոց, առաջին հերթին իրենք իրենց առաջ գնալու, համակողմանի զարգացման համար, և մեր հասարակությանն էլ է պետք, որ իմանա, թե ինչ է կատարվում իր շրջապատում, ինչեր կարող են լինել, որ լիարժեք կերպով ընդունի հաշմանդամություն ունեցող մարդկանց: Յուրաքանչյուրս մարդ ենք, անհատ և պիտի պաշտպանենք մեր իրավունքները, միգուցե վերջում մեր երեխաները ղեկավարեն այս երկիրը, և ավելի բարեկեցիկ երկիր լինի»,- ժպիտով եզրափակեց Նարինեն:

Ամբողջ գիտաժողովի ընթացքում կարգախոսի նման անընդհատ հնչում էր` «Մենք ինքներս հաշմանդամություն ունեցող երեխաներից սովորելու շատ բան ունենք»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.