accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անժելա Պողոսյան

Ինտերնետային մատչելիությունը եվրոպական երկրներում կսահմանվի օրենքով

0

21-րդ դարում դժվար է կյանքը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների: Տեղեկատվության առցանց հասանելիություն, առցանց գնումներ, վճարումներ, ծառայություններ… այս ամենը բոլորիս կյանքի բաղկացուցիչ մասն է: Սակայն այս ամենից օգտվելու հնարավորություն ոչ բոլորն ունեն: Քիչ կայքեր կամ հավելվածներ են, որ հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց:

Հենց այս խնդիրը լուծելու նպատակով էլ առաջարկից ավելի քանի երեք տարի անց, երկար բանակցություններից հետո` մայիսի 3-ին, Եվրոպայում համաձայնեցին, որ ինտերնետի մատչելիությունը պետք է օրենքով պարտադիր դառնա:

«Սա ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց հաղթանակն է, այլև՝ բոլորիս»,- գրում է Dita Charanzová-ն:

Dita-Charanzova

Dita Charanzová-ն Եվրախորհրդարանի պատգամավոր է (Չեխիա, «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» կուսակցություն (ALDE), ինչպես նաև հանրային ոլորտի կայքերի մատչելիության ուղեցույցի հեղինակը:

Ուղեցույցը պահանջում է`

- հանրային ոլորտի բոլոր նոր կայքերը և հավելվածները պետք է մատչելի և հասանելի լինեն բոլորին, իսկ արդեն գործող կայքերը պետք է թարմացվեն.

- հին բովանդակություն ունեցող բազան, ինչպիսիք են` հին տեսանյութերը կամ word-ի փաստաթղթերը, պետք է հասանելի լինեն քաղաքացիներին մատչելի տարբերակով, ինչպես հարկն է.

- կառավարության տեսանյութերը պետք է փակ ենթագրեր ունենան կամ հասանելի լինեն այլ տարբերակով, ներառյալ ուղիղ հեռարձակումը՝ 14 օրվա ընթացքում.

- առցանց ծառայությունները, ինչպիսիք են տուգանքների կամ վարձերի վճարումը, պետք է մատչելի լինեն.

- եթե կայքի ինչ-որ հատված հասանելի չէ, այդ մասին պետք է հստակ հայտարարություն լինի:

Հեղինակն իր գրառման մեջ նշում է.

Մեզնից շատերը չեն կարող ապրել առանց այս թվային հասանելիության, անկախ այն բանից՝ դա համակարգչի՞ միջոցով է, թե՞ սմարթֆոնի: Կարելի է ասել, որ բնակչության մեծ մասը թվային աշխարհի «բնակիչ» է:

Մենք իբրև ինտերնետային հասարակություն կարող ենք կայանալ այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները կկարողանան օգտվել թվային տեխնոլոգիաներից, և այս հասանելիությունը կներառի նաև հաշմանդամություն ունեցող անձանց:

Եվրոպայում ավելի քան 80 մլն մարդ հաշմանդամություն ունի: Քանի որ եվրոպական երկրներում բնակչությունը գնում է դեպի ծերացում, այս թիվը կարող է միայն աճել: 75 տարեկանում յուրաքանչյուր 5-րդը կունենա տեսողության կորուստ՝ ըստ Եվրոպայի կույրերի միության: Շատերը կունենան տեղաշարժման խնդիրներ: Պետք է ընդունել այն փաստը, որ կյանքի ինչ-որ ժամանակահատվածում մենք բոլորս էլ կարող ենք հաշմանդամություն ունենալ՝ մշտական կամ ժամանակավոր:

Հետևաբար, այս օրենքը կենսական է բոլորի, նույնիսկ նրանց համար, ովքեր այսօր հաշմանդամություն չունեն:

Առաջարկը սկզբում ներառում էր միայն մի քանի սահմանափակ ծառայություններ, սակայն Հոլանդիայի նախագահության բարի կամքի ու Եվրախորհրդարանի անդամների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապագայում հանրային ոլորտի բոլոր կայքերն ու հեռախոսների հավելվածները հասանելի կլինեն:

Հեռախոսների հավելվածների ներառումը մեծ հաղթանակ է, քանի որ հանրային ոլորտի պատասխանատուների հետ շփումը հաճախ լինում է այդ հավելվածների միջոցով: Հուսով եմ՝ սա տանում է դեպի մի նոր աշխարհի ձևավորում, որտեղ կառավարության էլեկտրոնային տարբերակները ամբողջովին հասանելի կլինեն բոլորին, և կարիք չի լինի ժամերով հերթ կանգնել ինչ-որ թուղթ ստանալու համար: Կույր մարդը չպետք է ստիպված լինի հերթ կանգնել:

Մեզնից շատերը գումար են վճարում կայքը կարդալու համար, բայց հանրային իշխանությունների կայքերի դեպքում այդպես չպետք է լինի: Հատկապես, երբ լավ կայքը քիչ ժամանակ է պահանջում խնդիրներին արձագանքելու համար: Առցանց հստակ տեղեկատվություն լինելու դեպքում այն կխնայի և՛ ժամանակը, և՛ գումարը:

Հանրային իշխանություններին արդեն հայտնի է, թե որքան շահույթ կարելի է ստանալ առցանց ծառայությունների միջոցով, ինչպիսին է, օրինակ` հարկերի առցանց վճարումը:

Հարկային առցանց հայտարարագրերը արդեն մի քանի միլիարդ եվրո են խնայել, որը պետք է ծախսվեր տպագրության, փոստային ծառայությունների, հազարավոր հարկային սխալների և CO2 (ածխաթթու գազ) արտանետումների վրա: Բազմաթիվ պետություններ գնում են ծառայություններն ամբողջությամբ թվայնացնելու ճանապարհով, օրինակ՝ հարկային ծառայությունները: Բայց հաշմանդամություն ունեցող անձը ինչպե՞ս կարող է սրանից օգտվել, եթե չի կարողանում կարդալ հրահանգների մասին PDF փաստաթուղթը կամ օգտվել վճարման ծառայությունից, որովհետև այն մատչելի չէ:

Այս օրենսդրությունը կլուծի այս խնդիրը:

Եթե ուսումնասիրենք կարճ ժամանակահատվածի տվյալները, կտեսնենք, որ ամբողջովին հասանելի հանրային ոլորտը կխնայի հարկ վճարողների միլիոնավոր եվրոներ… ավելի քիչ զանգերի կենտրոններ, քիչ նամակներ ու այլ փոխարինող տարբերակներ: Իհարկե, եթե դիտարկենք ավելի մեծ ժամանակահատված, խնայողությունն ավելի շատ կլինի:

Ցավոք, սակայն, օրենսդրությունը չի լուծում մատչելիության բոլոր խնդիրները:

Նախ պետք է համոզվել, որ այս Ուղեցույցը պետական օրենսդրության մեջ կներառվի ինչպես հարկն է: Պետական ընկերակցությունները պետք է ոչ միայն երաշխավորեն Ուղեցույցի նվազագույն ստանդարտների ներառումը օրենքում, այլև հետագայում հետևեն դրան:

Ուղեցույցը հնարավորություն է տալիս անդամ պետություններին ավելին անելու և ներառելու օրենքից դուրս շատ կայքեր: Բայց այն նաև ներառում է ընդգծված շրջանակի բացառումը՝ պետությունների պահանջով: Օրինակ` հանրային հեռարձակումները չդարձնել մատչելի: Եթե անդամ պետությունն ուզում է միայն նվազագույնն անել, մատչելիության կողմնակիցները պետք է պահանջեն ներկայացնել պատճառները, և պատճառաբանությունը պետք է իրապես հիմնավոր լինի:

Բացի այդ, սա ներառում է միայն կառավարական կայքերն ու հավելվածները, իսկ քաղաքացիները ինտերնետից օգտվում են ավելին, քան կայանատեղի համար վճարումն է:

Մենք այն օգտագործում ենք հեռուստածրագրեր դիտելու, մեր գազի վարձը վճարելու համար, ստուգում ենք մեր բանկային հաշիվները, տարբեր գնումներ կատարում ու օգտվում տարբեր ծառայություններից: Քանի որ մենք գնում ենք թվային միասնական շուկայի զարգացման ուղղությամբ, պետք է երաշխավորենք ոչ միայն հանրային կայքերի մատչելիությունը, այլև մատչելիությունը մնացյալ ոլորտներում:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.