accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | www.ikin.am տեղեկատվական հարթակի համակարգող

Ի՞նչ է տարեցների նկատմամբ բռնությունը և ինչպե՞ս կանխարգելել

0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` 10 տարեցներից 1-ն իր կյանքի ընթացքում տանը կամ որևէ հաստատությունում բռնության է ենթարկվում: Պետք է նշել, որ հաշմանդամություն ունեցող տարեցները ևս զերծ չեն բռնությունից: Ինչպես հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու երեխաները, այնպես էլ տարեցներն այս առումով կրկնակի խոցելի են: Նրանք ավելի շատ խնամքի կարիք ունեն, ավելի քիչ են տեղեկացված իրենց իրավունքներից, ֆիզիկապես ավելի խոցելի են: Այս հանգամանքները մեծացնում են նրանց նկատմամբ կիրառվող բռնության ռիսկերը:

Բնակչության տարիքով ամենաբարձր խմբի նկատմամբ կիրառվող բռնությունը ֆիզիկական և հոգեբանական երկարատև խնդիրների պատճառ է դառնում: Միլիոնավոր մարդկանց իրավունքները ոտնահարվելու հետ մեկտեղ կրճատվում է նաև նրանց կյանքի միջին տևողությունն ու արագանում բնակչության ծերացման գործընթացը: ԱՀԿ-ն նոր ուսումնասիրություն է ներկայացրել, որը ցույց է տալիս խնդրի մեծությունն ու լրջությունը:

Որո՞նք են տարեցների նկատմամբ բռնության տեսակները

Այնպես, ինչպես բնակչության մյուս խմբերի նկատմամբ կիրառվող բռնությունը, տարեցների դեպքում ևս տարբերակում են հոգեբանական և ֆիզիկական բռնության տեսակները.

  • Հարվածելը, հրելը, ոտքով հարվածելը
  • Դեղամիջոցների ոչ բավարար տրամադրումը կամ դրանց անհասանելիությունը
  • Վիրավորանքը, սպառնալիքները, նվաստացումը, վարքագծի վերահսկողությունը, ազատազրկումն ու մեկուսացումը
  • Սեռական բռնությունը
  • Անձի ֆինանսական միջոցների չարաշահումը կամ գողությունը
  • Սննդից, բնակարանից և բուժօգնությունից զրկելը:

Որտե՞ղ է տարեցների նկատմամբ բռնություն դրսևորվում

ԱՀԿ-ն ներկայացված վիճակագրության մեջ նշում է նաև տնից դուրս՝ խնամքի կենտրոններում կամ բուժհաստատություններում իրականացվող բռնության մասին: Ըստ կազմակերպության տվյալների` բռնարարների 90%-ը բռնության ենթարկվածների ընտանիքի անդամներն են: Նրանց իրավունքների հիմնական ոտնահարողները կողակիցներն են կամ երեխաները:

Բռնությունը կարող է գործադրվել նաև խնամքի կենտրոններում կամ կացարաններում: Այս դեպքում տարեցները, որոնց թվում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, բռնության են ենթարկվում աշխատակազմի անդամների կողմից:

Տարեցների նկատմամբ բռնության մասին վիճակագրական տվյալները և ուսումնասիրությունները քիչ են: Թերևս բավական է միայն նշել, որ ամեն տարի ԱՄՆ-ում 5 միլիոն մարդ բռնության զոհ է դառնում: Ուսումնասիրություն իրականացրած մասնագետները համարում են, որ տարեցների նկատմամբ բռնության յուրաքանչյուր բացահայտված դեպքի հետևում նմանօրինակ ևս 25 չբացահայտված դեպքեր կան:

Ինչո՞ւ է բռնության ենթարկված տարեցների միայն 4%-ն այդ մասին հաղորդում

Պատճառները բազմաթիվ են, բայց ամենատարածվածն են.

  • Վրեժխնդրության վախը
  • Բռնարարին իրավական պատասխանատվության ենթարկելու անհանգստությունը
  • Մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրները
  • Ամոթն ու շփոթմունքը
  • Տեղեկատվության պակասը:

Տարեցների նկատմամբ բռնության հետևանքները

Բնակչության և ոչ մի խմբի հանդեպ իրականացվող բռնությունն անհետևանք չի մնում: Ֆիզիկական ու հոգեբանական բռնությունը համապատասխան հետևանքներ է թողնում.

  • Վնասվածքներ
  • Առողջական վիճակի վատթարացում
  • Անհանգստություն, սրթես
  • Միայնության զգացում, մեկուսացում
  • Արժանապատվության, հույսի ու վստահության կորուստ:

Բռնության մասին չբարձրաձայնած տարեցների վաղաժամ մահվան հավանականությունը կրկնակի ավելանում է, քանի որ բռնության հետևանքները վերացնելու քայլեր չեն ձեռնարկվում:

Որո՞նք են տարեցների նկատմամբ բռնություն գործադրելու ռիսկերը

  • Վնասակար սովորույթները՝ թմրանյութերի կամ ալկոհոլի չարաշահումը
  • Սթրեսային իրավիճակը
  • Սոցիալական աջակցության բացակայությունը
  • Տարեցի նկատմամբ հոգեբանական կամ ֆինանսական կախվածությունը
  • Տարեցներին խնամելու մասին ուսուցման բացակայությունը:

Որո՞նք են բռնության ենթարկվելու ռիսկերը

Հոգեկան խնդիր ունեցող տարեցները ռիսկի բարձր խմբում են: Հոգեկան խնդիր ունեցող յուրաքանչյուր 3 մարդուց 2-ը բռնության են ենթարկվում: Սակայն սա չի նշանակում, որ միայն առողջական խնդիրներ ունեցող տարեցներն են բռնության ենթարկվում: Որևէ մեկը պաշտպանված չէ բռնությունից:

Ինչպե՞ս կանխել բռնությունը

Մեզանից յուրաքանչյուրը կապ ունի և կարող է ազդել տարեցների նկատմամբ բռնության աճի և նվազման վրա: Հասարակության անդամները կարող են.

  • Հետևողական լինել բռնության նշանների դեպքում
  • Իմանալ, թե ինչպես կարելի է օգնություն ստանալ ու տեղեկացնել բռնության մասին:

Տարեցները ևս կարող են կանխել բռնությունը.

  • Ընտանիքի ու ընկերների կողքին լինելով
  • Իրենց իրավունքների մասին ավելի իրազեկված լինելով
  • Մասնագիտական աջակցության դիմելով
  • Հավաստիանալ, որ իրենց ֆինանսական և իրավական գործերը կարգին են
  • Օգնություն ստանալ ընտանիքի անդամներից կամ ընկերներից
  • Օգնություն ստանալ առողջապահական և սոցիալական տեղական ծառայությունից:

Ի՞նչ կարող է անել առողջապահության ոլորտը

Առողջապահության ոլորտը կարող է վերահսկողություն սահմանել հիվանդանոցների, խնամքի կենտրոնների ու կացարանների աշխատակիցների գործունեության նկատմամբ: Այն տարեցները, ովքեր ընտանիք չունեն կամ առանց ընտանիքի անդամների հոգածության են ապրում, պետք է պաշտպանված լինեն նաև այն կացարաններում կամ բուժհաստատություններում, որտեղ խնամք են ստանում:

ԱՀԿ-ն նշում է, որ 133 երկրում տարեցների նկատմամբ բռնությանն ուղղված պաշտոնական գործողությունների մասին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկրների միայն 40%-ը ազգային պլան ունի, և միայն 17%-ն է այս ոլորտում պետական ուսումնասիրություն կատարել:

Բռնությունը կանխելու համար ավելի շատ տեղեկատվություն է հարկավոր, լուրջ հետազոտություններ, վիճակագրական տվյալներ, իրավապահ մարմինների արձանագրություններ: Այս ամենը հնարավորություն կտա տեսնելու իրավիճակի իրական պատկերն ու համակարգային լուծում փնտրելու:

Ի՞նչ կարող են անել պետական մարմինները.

  • Առողջապահության և մյուս բոլոր ոլորտներում բարձրացնել տարեցների առողջության պահպանման և նրանց նկատմամբ իրականացվող բռնության մասին իրազեկության մակարդակը
  • Տարեցների նկատմամբ բռնությունը ճանաչել որպես հանրային առողջության պահպանման խնդիր և դրանով զբաղվող մարմին հիմնել
  • Տարեցների նկատմամբ բռնության կանխարգելման քայլեր մշակել
  • Բռնության ենթարկվածներին առողջապահական, սոցիալական և իրավական աջակցություն տրամադրել:

Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Երբեմն-երբեմն մամուլում տարեցների նկատմամբ կիրառվող բռնության մասին հրապարակումներ են տեղ գտնում: Հանդիպում են նաև սեռական բռնության դեպքեր, սակայն պետական մարմինները վիճակագրական որևէ տվյալ կամ հետազոտություն չունեն: Այստեղ տեղին է հիշել, որ բռնության մասին լռելը նպաստում է դրա կրկնությանը:

Ինֆոգրաֆիկա, տարեցների նկատմամբ բռնություն

Ամբողջական ինֆոգրաֆիկան հասանելի է անգլերեն։

Հրապարակման համար աղբյուր է հանդիսացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրականությունը։ 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.