accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Ռուբինա Դավթյան

ԼՐԱԳՐՈՂ-ԹԱՐԳՄԱՆԻՉ

«Վինդոուզ 10»-ն ավելի մատչելի կդառնա հաշմանդամություն ունեցող անձանց համար

0

«Մայքրոսոֆթ» (Microsoft)  ընկերությունը հուլիսի 1-ին նոր մանրամասներ է հրապարակել Վինդոուզ 10-ի մատչելիության բարելավումների վերաբերյալ, որոնք հասանելի կլինեն Վինդոուզ 10-ի հոբելյանական թարմացումից հետո։ Հիմնական թարմացումը վերաբերում է Ընթերցիչ (Narrator) կոչվող ընթերցող հավելվածին։ Սակայն «Մայքրոսոֆթը» բարելավել է նաև համակարգի մի շարք հիմնական ծրագրերի մատչելիությունը և հեշտացրել ծրագրավորողների համար դրանցից օգտվելը՝ իրենց ծրագրերում և հավելվածներում օգտագործելու համար։

«Աշխարհում հաշմանդամություն ունեցող ավելի քան 1 միլիարդ անձ կա, ուստի «Մայքրոսոֆթը» կարևորում է մատչելիությունը և ցանկանում է ապահովել արտադրանքի հասանելիությունը բոլոր գնորդների համար։ Այսօր մենք ոգևորված ենք, քանի որ հրապարակում ենք լրացուցիչ մանրամասներ որոնք ցուցադրում են մեր ջանքերը՝ «Մայքրոսոֆթի» ապրանքանիշները ավելի մատչելի դարձնելու գործում»,- նշում է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչ Դանիել Հաբելը «Մայքրոսոֆթ». մատչելիություն» բլոգում։

Ստորև ներկայացված են մատչելիության այն բարելավումները, որոնք սպասվում են Վինդոուզ 10-ի հոբելյանական թարմացումից հետո։

  • Էկրանի բարելավված Ընթերցիչ

Ընթերցիչը «Վինդոուզ» օպերացիոն համակարգում էկրանի ընթերցման գործիք է, որը հնարավոր է դարձնում համակարգչի օգտագործումը կույր և տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Վինդոուզ 10-ի նոր թարմացման մեջ Ընթերցիչը զգալի փոփոխությունների է ենթարկվել՝ հիմնված օգտատերերի տրամադրած հետադարձ կապի վրա։ Այդ փոփոխությունները ներառում են՝

  • Տեքստից խոսք փոխարկման ավելի արագ ձայներ

«Վինդոուզի» Ընթերցիչում նոր ձայներ են ավելացվել, որոնք հնարավորություն են տալիս ավելի արագ խոսքի։ Նախկինում խոսքի առավելագույն արագությունը րոպեում 400 բառ էր, իսկ նոր ձայները կարող են րոպեում 800 բառ ընթերցել։

  • Նոր լեզուներ

Ընթերցիչում նոր լեզուներ են ավելացվել, որոնք հասանելի կլինեն «Վինդոուզի» համապատասխան միջազգային տարբերակում կամ հնարավոր կլինի ներբեռնել։ Ցավոք, այդ լեզուների ցանկում հայերենը բացակայում է։

  • Ավելի ծանոթ ստեղնաշարային կառավարում

Ստեղնաշարային հրահանգները Ընթերցիչում ավելի նման կլինեն այլ հայտնի էկրանային ընթերցող ծրագրերին։ Ստեղնաշարային որոշ հրահանգներ պարզեցվել են՝ մուտքագրումը հեշտացնելու համար։

  • Սկանավորման ռեժիմ

Ընթերցիչում նավարկման (նավիգացիոն) նոր ռեժիմ է ներմուծվել, որը կոչվում է սկանավորման ռեժիմ։ Այն ակտիվանում է Caps lock և Space ստեղները սեղմելով։ Այդ ռեժիմում Space ստեղնը (բացատ) սեղմելով կարելի է ակտիվացնել հետաքրքրող տարրը, օրինակ՝ ինտերնետային էջում որևէ հղում բացել կամ որևէ ծրագրում կոճակ սեղմել։

  • Բառապաշարի 6 մակարդակ

Ընթերցիչն այժմ ունի բառապաշարի 6 մակարդակ, որոնք տեքստի բնութագրերի վերաբերյալ ավելի շատ մանրամասներ են հաղորդում։ Այդ մակարդակները կարելի փոխել Caps lock, Ctrl և «+» ստեղները միաժամանակ սեղմելով։ Բառապաշարի 0 մակարդակում օգտատերը կլսի միայն տեքստը, իսկ 1-ին մակարդակում՝ թե արդյոք տեքստը վերնագի՞ր է։ Տարբեր մակարդակներում տեքստի տարբեր բնութագրեր, օրինակ՝ գույնի կամ ֆորմատավորման վերաբերյալ տեղեկություններ, կտրվեն։

  • Կետադրման ռեժիմներ

Ընթերցիչն արդեն կետադրությունը լսելու ավելի մեծ հնարավորություն է ընձեռում։ Caps lock + Alt + «+» և Caps lock + Alt + «-» կոմբինացիաների միջոցով հնարավոր է փոխել կետադրության պարամետրերը, որոնք ներառում են առանց կետադրության, կետադրության որոշ մասով և ամբողջական կետադրությամբ տարբերակներ։

  • Ինքնառաջարկի (Autosuggest) արդյունքների ներկայացում

«Վինդոուզ 10»-ի շատ ծրագրեր ավտոմատ առաջարկներ են անում՝ ինֆորմացիա մուտքագրելիս։ Օրինակ` որևէ ծրագրի որոնման պատուհանում ինչ-որ բառ փնտրելիս հնարավոր են մուտքագրվածի հիման վրա առաջարկներ։ Ընթերցիչն այժմ կարող է առաջարկների հասանելիության դեպքում բանավոր տեղեկացում տրամադրել։

  • Օգտվողի ուղեցույցներ

«Մայքրոսոֆթի» թիմը նաև թարմացրել է այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Ընթերցիչի օգտագործման ձևը սովորելու համար։

  • Ծրագրերը և դրանց օգտագործումը ավելի մատչելի դարձնելով

Բացի «Վինդոուզ 10»-ի մատչելիության թարմացումներից, «Մայքրոսոֆթի» թիմը կատարել է նաև ստորև նշված թարմացումներն իր ծրագրերում։

  • Ավելի մատչելի որոնում և ընթերցանություն Microsoft Edge զննարկիչում

Մի շարք բլոգային գրառումներում «Մայքրոսոֆթի» ստեղծած նոր զննարկիչի՝ Microsoft Edge-ի թիմը տրամադրել է մանրամասներ՝ զննարկիչի մատչելիության վերաբերյալ։ Օրինակ՝ թիմն արդեն հրապարակել է, թե ինչպես պետք է աշխատել մատչելիության ժամանակակից չափանիշներին բավարարելու համար՝ օգնելով այլ կայքեր ստեղծողներին իրենց կայքերը մատչելի դարձնելու։ Թիմն աշխատում է նաև օժանդակ սարքեր արտադրող ամենահայտնի ընկերությունների հետ՝ այս նոր հարթակում նրանց աշխատանքն ուղղորդելու համար։

  • Էլեկտրոնային փոստ

«Վինդոուզ 10»-ի սկզբնական թողարկումից հետո էլեկտրոնային փոստի ծրագրում մատչելիության բարելավումներ են կատարվել, որոնց թվում են, օրինակ` էլեկտրոնային փոստի հաշվի ստեղծումը և կառավարումը՝ էկրանային ընթերցիչ օգտագործելու դեպքում։

  • Կորտանա (Cortana)

Կորտանան՝ «Վինդոուզ 10»-ում առկա վիրտուալ օգնականը, նույնպես ավելի հարմար է դարձել ստեղնաշարով, հատկապես՝ սլաքներով կառավարելու համար։ Ինչպես նաև, մի շարք հիմնական ուղղումներ են կատարվել, որոնց շնորհիվ ավելի հեշտ է Կորտանայի և մատչելիության որոշ գործիքների (օրինակ՝ «Վինդոուզի» խոսքի ճանաչում, Ընթերցիչը և այլ էկրանային ընթերցող ծրագրեր) համատեղ օգտագործումը։

  • Գրուվ (Groove)

Գրուվը, որը երաժշտություն լսելու առցանց ծառայություն է, մի շարք թարմացումներից հետո նույնպես ավելի մատչելի է դարձել տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Այն ավելի լավ, բարձր կոնտրաստային ապահովում և կետայնություն (resolution) ունի, ինչը ներառում է նաև ավելի հարմար գունային համադրություններ։ Ինչպես նաև, ավելի է հեշտացվել Ընթերցիչով աշխատանքը՝ ստեղնաշարային նոր հրահանգներ ներմուծելով և առկա խնդիրները լուծելով։

Նշենք, որ «Վինդոուզ 10»-ի հոբելյանական թարմացումը հասանելի կլինի 2016 թվականի օգոստոսի 2-ից։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.