accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Զարուհի Բաթոյան

Կայքի նախկին խմբագիր, սյունակագիր

Ինչպես է պաշտպանվում հաշմանդամություն ունեցող անձանց ազատությունը և անվտանգությունը Հայաստանում

0

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալված իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանությունը քաղաքի տարբեր հատվածներից սկսեց բերման ենթարկել քաղաքացիների:

Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները մոտեցել են Արևիկ Մելքոնյանին և իր ընկերոջը.

«Ծիրան» սուպերմարքեթի մոտից ոստիկանները մոտեցան և, առանց որևէ պատճառաբանության, ընկերոջս և երկու կնոջ մեքենայով տարան: Ինձ ուժեղ հարվածելով հետ հրեցին և չտարան, որովհետև ես սայլակով էի: Զարմացած նայեցին մի պահ ու ոչ մի կերպ չէին պատկերացնում, թե ոնց պիտի ինձ տանեն փոքր, չհարմարեցված մեքենայով»,- պատմում է Արևիկը:

Ոստիկանները մենակ են թողել Արևիկին և խնդրել, որ լքի տարածքը: «Ես չէի կարող ինքնուրույն հեռանալ, որովհետև միջավայրն անմատչելի էր, իսկ նրանք տարել էին իմ ընկերոջը, ով օգնում էր ինձ քաղաքում տեղաշարժվելու»:

Արևիկը ստիպված էր փողոցում 30 րոպե սպասել, մինչև օգնության կգային իր մյուս ընկերները:

Ի տարբերություն Արևիկի` Մուրադ Վարձելյանը ոստիկանների հետ առնչության ավելի մեծ փորձառություն ունի: Երիտասարդը դեռևս անցյալ տարի «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ է նրանց կողմից բռնության ենթարկվել:

«Հունիսի 23-ի առավոտյան ոստիկաններն ինձ 30-40 մետր քարշ տալով տարան դեպի ոստիկանական մեքենան, որի հետևանքով ոտքի վնասվածք ստացա: Ինչպես բոլորին, ինձ էլ մեքենան նստեցնելուց մի քանի անգամ խփել են,- պատմում է Մուրադը: - Տեղում արդեն նույն դահլիճում եմ եղել, որտեղ վնասվածքիս համար բուժօգնություն են ցույց տվել: Որևէ այլ հատուկ պայման կամ ուշադրություն չի եղել, որովհետև ես կոնկրետ իմ հաշմանդամության հետ կապված հատուկ կարիք ոստիկանության բաժնում չեմ ունեցել»:

Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, ապա այսօր բերման ենթարկվածների մեջ է նաև Մուրադի ընկերը. «Ընկերս հաշմանդամություն չունի, բայց ոտքը կոտրել էր և վիրահատությունից հետո դեռ ձեռնափայտով է տեղաշարժվում: Թե ինչ պայմաններ կան այնտեղ նրա համար, տեղյակ չեմ, որովհետև հետը որևէ կապ չկա»:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ամրագրում է անձի ազատությունը և անվտանգությունը.

Ըստ կոնվենցիայի սահմանման` «անհրաժեշտ հնարավորություններ» նշանակում են` անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը:

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց.

«Մեր աշխատակազմի կողմից միայն մեկ դեպք է նկատվել, երբ ֆիզիկական խնդիր ունեցող անձին բերման են ենթարկել ոստիկանության ներքին զորքեր: Ոստիկանության կողմից այդ մարդու նկատմամբառանձնահատուկ վերաբերմունք` կապված իր կարիքի հետ, չենք նկատել, պայմանների ապահովում ևս չենք նկատել, մեր այցերի ընթացքում հոգեբանների ներկայություն կամ հոգեբանների աշխատանք տեղերում ևս չեն նկատվել»:

Թե հաշմանդամություն ունեցող քանի անձ է այս օրերին բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության կողմից և ինչ պայմաններ են տրամադրվել նրանց այդ ընթացքում, այս մասին ՄԻՊ-ը պաշտոնական հարցում է ուղարկել ոստիկանություն: Զոհրապ Եգանյանի խոսքով` ՄԻՊ աշխատակազմը նաև իրականացնում է ԶԼՄ-ների մոնիթորինգ` մեր բարձրացրած խնդիրները արձանագրելու համար:

Չնայած միջազգային պայմանագրերի վավերացմանը և ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող տարբեր բարեփոխումներին` ակնհայտ է, որ ո՛չ ոստիկանության աշխատակիցները և ո´չ էլ ոստիկանության բաժինները պատրաստ չեն հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու և անհրաժեշտ հնարավորություններ տրամադրելու: Ցավոք, այս փաստը նաև անտեսվում է այն միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք ֆինանսավորում են այդ բարեփոխումները: Իսկ մինչ այդ այսօր բերման ենթարկվող հարյուրավոր քաղաքացիների մեջ կարող են լինել մարդիկ, որ ոչ միայն ֆիզիկական մատչելիության, այլ նաև անհրաժեշտ հաղորդակցության, դեղահաբերի, հոգեբանի կամ այլ աջակցության կարիք ունեն: Իսկ այս կարիքների անտեսումը կամ հնարավորությունների չտրամադրելը ոչ միայն խտրականություն է, մարդու իրավունքների ոտնահարում։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.