accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Ճարտարապետներ, որ փոխել են աշխարհն ու հաշմանդամության մասին պատկերացումները

0

Չորս տարբեր կարողություններով օժտված ճարտարապետների պատմություններ, որ փոխեցին պատկերացումներն իրենց մասնագիտության մասին:
Վերջին քսան տարիների ընթացքում կանանց և ռասայական բազմազան խմբերի ներգրավվածության շնորհիվ ճարտարապետության ընկալումն ու պատկերացումներն ավելի տարատեսակ դարձան: Զանազան սոցիալական խմբերի ներգրավվածության կարևորության գիտակցությանը հասնելու համար առավել աշխատանքի անհրաժեշտություն ու պահանջ կա:

Հաշմանդամության ամենատարբեր սահմանումներին, վիճակագրական տվյալներին ու մոդելներին զուգահեռ` հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը մի շարք գործընթացներում դեռևս հավասարաչափ չէ: Մյուս կողմից` թույլ լինելու զգացողության անուղղակի հարկադրանքը, կարծրատիպերը, սխալ պատկերացումները, պիտակավորումները, կարողությունների հանդեպ թերահավատությունն ու դրանից բխող հարցերը, հետաքրքրասիրությունը կարող են բացասաբար անդրադառնալ մարդկանց ներկայի ու ապագայի վրա: Այլ կարողություններով օժտված ձևակերպումն առավել ընդունելի է մեր հասարակության այն ներկայացուցիչների համար, ովքեր մերժում են որակումները, որոնք իրենց կողմից կիրառելի և կառավարելի չեն:

Եթե մենք իրոք զարգացած հասարակություն ենք, զանազանությունը պետք է մեր ինքնության կարևոր բաղկացուցիչը լինի: Ստորև կներկայացնենք չորս պատմություն այլ կարողություններով օժտված մարդկանց մասին, ովքեր փոխել են ճարտարապետի մասնագիտությունն ու աշխարհը:

Քրիս Դոնի. Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ

Քրիսը զրկվել է տեսողությունից գլխուղեղի քաղցկեղի վիրահատության հետևանքով: Վիրահատությունից 1,5 ամիս անց վերադարձել է արվեստանոց, աշխատել նախագծերը բրայլյան համակարգով տպող սարքավորումների միջոցով: Ճարտարապետը նշում է, որ կորցրել է իր տեսողությունը, բայց ոչ մտապատկերը: Նախագծերը հասկանում է եռաչափ մոդելները շոշափելով: Ճարտարապետը նշում է, որ իր նախագծերը միջին վիճակագրական մարդու համար չեն. դրանք փորձում են հաշվի առնել բոլոր հնարավոր դեպքերը, որ կարող են պատահել ցանկացած պահի յուրաքանչյուրի հետ ու հիմնովին փոխել կյանքի ընթացքը:

Քրիս Դոնի

Քրիս Դոնի

«Տեսողությունս կորցնելուց հետո ամենադժվարն ինձ համար մարտահրավերն ընդունելն էր: Որպես դիզայներ, ճարտարապետ` երբեք չգիտես, թե ինչ կլինի վերջում, կարևորն ընթացքն է: Վիրահատությունից 1,5 ամիս անց ես վերադարձա աշխատանքիս ու սկսեցի զգալ նախագծերը: Ձեռքերով շոշափելով` մտովի պատկերացնում էի, թե այն ինչ տեսք ունի, ինչ հումքի անհրաժեշտություն կա: Ես պատկերացնում եմ, որ մատներս ոտքերս են, ու, շոշափելով, հայտնվում եմ իմ նախագծի վերջնական տարբերակում: Ես հասկանում եմ` ինչպես ստեղծել միջավայր, որն ավելի հարուստ, հարմարեցված կլինի ոչ միայն դիտելու, այլև մարմնի, կեցության համար: Պատուհանից այն կողմ շատ բաներ կան, որ հասանելի էին, բայց պակաս նկատելի, երբ աչքերով տեսնելու հնարավորություն ունեի:

Ճարտարապետության իմ պատկերացումը բավական հավակնոտ է, այն ավելին է, քան պարզապես գեղեցիկ շենք ստեղծելը` փոխկապակցվածություն, ընդարձակ համայնք, մարդկային համախմբում:

Սա պարզապես տեսողության կորուստ չէ, այդպես կարող ես այլ կերպ կողմնորոշվել, ստեղծել, կարգավորել քո միջավայրը` զգալով, շոշափելով, ձայնով… ես կնշեի նաև հոտառությունը, բայց դա էլ եմ կորցրել»:

Քրիսը Սան Ֆրանցիսկոյում «Անկախ կյանքի ռեսուրսային կենտրոն» է նախագծել, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն ապրել: Միջադեպից հետո հեղինակել է մի շարք այլ մատչելի նախագծեր:

Ռալֆ Ռափսոն. Ճարտարապետների ինստիտուտի գիտական խորհուրդ

Ռալֆ Ռափսոն մոդեռն շարժման ճանաչված անդամ է: Մասնագիտական փորձառության մեծ մասն անցկացրել է ԱՄՆ-ի ճարտարապետների ինստիտուտի գիտական խորհրդում: Ծննդյան ժամանակ կորցրել է ձեռքի նախաբազկի հատվածը:

Ճարտարապետ, գրող, պատմաբան Ջեյն Քինգ Հեշնը նրա հետ ծանոթացել է վերջինիս մասնագիտական գործունեության ավարտից հետո: Նա հայտնել է, որ արհեստներն ի սկզբանե բարդ են եղել Ռալֆի համար, ու նա սկսել է նկարել: Ավագ դպրոցում Ռափսոնը աչքի է ընկել մոդելավորման, գծագրության գերազանցությամբ ու ստեղծել սեփական դասընթացը: Ջեյնը և Թովի Ռափսոնն ասել են, որ Ռալֆը երբեք չի խոսել իր կարգավիճակից: Սովորաբար լուսանկարվել է ձախ կողմից, թաքցրել վնասվածքը: Այնուամենայնիվ Ռափսոնի ձեռքբերումները ճարտարապետության մեջ ավելի քան 70 տարի են ընդգրկում` ներառելով ամերիկյան մոդեռնիզմի նշանավոր իրադարձություններն ու ներկայացուցիչներին: Նրա ստեղծած կահույքը ներկայացված է նշանավոր արվեստի և դիզայնի թանգարաններում, իսկ ստեղծած շենքերը ցանկալի են լույսի, տարածության և գծերի ազդեցիկ համադրության շնորհիվ:

Ռոն Մեյս. Ճարտարապետների ինստիտուտի գիտական խորհուրդ

Դիզայնի բնագավառի պիոներ, «համընդհանուր դիզայն» եզրի հեղինակ Ռոն Մեյսը համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ է, ապրանքների դիզայներ և մանկավարժ, ում նախագծերի փիլիսոփայությունը ավելի հարմար ու կիրառելի աշխարհի հիմք հանդիսացավ: Նրա աշխատանքը մեծ դեր ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խտրականությունն արգելող օրենքի հաստատման գործում: Մեյսը պոլիոմիելիտի պատճառով երկար ժամանակ օգտվել է սայլակից: 1989-ին Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքի դիզայնի դպրոցում հիմնադրել է «Մատչելի բնակարանների ապահովման կենտրոնը», որն այժմ հայտնի է որպես «Համընդհանուր դիզայնի կենտրոն»: Ռոնի ղեկավարությամբ այն վերածվել է մի միջավայրի, որտեղ մարդիկ հետազոտություններ են կատարում համընդհանուր դիզայնի սկզբունքներով ստեղծված տների, իրերի ու միջավայրի վերաբերյալ: 1992-ին Մեյսն արժանացել է ԱՄՆ-ի նախագահի մրցանակին` հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը, արժանապատվությունը, անկախությունն ու հավասարությունը խթանող աշխատանքի համար: Մահացել է 1998-ին:

Քարեն Բրեյթմեյեր. Ճարտարապետների ինստիտուտի գիտական խորհուրդ

Քարենը ԱՄՆ-ի ճարտարապետների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է Սիեթլում: Տեղաշարժվելու համար օգտվում է սայլակից, որովհետև գենետիկորեն փոխանցված համախտանիշի հետևանքով փխրուն ոսկորներ ունի: Բրեյթմեյերը անմիջապես չի հայտնվել ճարտարապետության բնագավառում: Առաջին մասնագիտությամբ արվեստաբան, հումանիտար գիտությունների հետազոտող է: Համալսարանից հետո սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել: Երկար ժամանակ չի պահանջվել սխալ մասնագիտական ընտրությունը հասկանալու համար: Բարձրագույն կրթության շուրջ մտորելիս Քարենն անհանգստացել է, որ չի կարողանում նկարել: Կրթական կենտրոնները Քարենին հավատացրել են, որ կօգնեն նրան այդ հարցում: 1985-ին նա ճարտարապետի մագիստրոսական կոչում է ստացել Հյուսթոնի համալսարանում: Մի քանի տեղ հարցազրույցներ անցնելիս Քարենը առանձնակի դիտարկել ու կարևորել է միջավայրի մատչելիությունը, խոչընդոտների առկայության պարագայում հրաժարվել աշխատանքից: Այս փորձառությունը նրան մատչելիության փորձագետ է դարձրել:

Քարեն Բրեյթմեյեր

Քարեն Բրեյթմեյեր

«Ճարտարապետությունը մեր աշխարհընկալման դրսևորումն է, ես պարզապես այն ավելի ցածրից եմ տեսնում»,- հարցազրույցներից մեկում ասել է նա:
Քերոնի արտաքին տեսքից շփոթվող պատվիրատուների զարմանքին հաջորդում է նրա կատարած աշխատանքը: 2010-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քարենին նշանակել է «Ամերիկյան մատչելի հարթակ» կենտրոնի ղեկավար, որը զբաղվում է համընդհանուր դիզայնի սկզբունքների ուսումնասիրությամբ և առաջնորդական կրթական ծրագրերով, որոնք խթանում են հաշմանդամություն ունեցող անձանց հավասարության հաստատմանը:

Քարենը վստահ է, որ ցանկացած մասնագիտության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց սակավաթիվ լինելը պայմանավորված է վաղ կրթական խնդիրներով: Հաճախ ուսուցիչներն ու խորհրդատուները բավականաչափ պատրաստված չեն մարդկանց անհատականությունն ու առաջնորդությունը նկատելու, խթանելու և խրախուսելու համար:

Հեղինակ՝ Գրեգ Բյորկ, AIA

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.