accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Քվոտայի պահանջ․ ձևական գործընթա՞ց, թե՞ փոփոխությունների հիմք

0

Կոնվենցիան կամ Կամընտիր արձանագրությունը ստորագրելով՝ պետությունը կամ տարածաշրջանային ինտեգրման կազմակերպությունը ցույց է տալիս իր մտադրությունը՝ ձեռնարկելու կոնվենցիայով պարտավորված լինելու ուղղությամբ հետագա քայլեր։ Ստորագրելը նաև պարտավորություններ է առաջացնում ստորագրման և վավերացման կամ պարտավորված լինելու մասին համաձայնության միջև ընկած ժամանակահատվածում ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհակասեն կոնվենցիայի նպատակին և առարկային։ (Աղբյուրը՝ «Բացառումից դեպի հավասարություն». ուղեցույց պատգամավորների համար (թարգմանությունը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ)

Disabilityinfo.am-ը շարունակում է անդրադառնալ քվոտավորման գործընթացին, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը մեր երկրում: 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 3-րդ մասը, ըստ որի հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջ է առաջանում կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն 3 տոկոսի չափով: 2016 թվականից սկսած քվոտավորման պահանջը գործում է միայն պետական կառույցների համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում առաջին կիսամյակի հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվը պետական կառույցներում գրեթե կրկնակի է, քան պետք է ապահովեր օրենսդրական նոր նախաձեռնությունը: Այսինքն՝ պահանջվող թիվն արդեն ապահովված էր, բացառությամբ մի քանի կազմակերպությունների, ինչպիսիք են` ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը, ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, Սահմանադրական դատարանը, արդարադատության նախարարությունը, ՀՀ նախագահի աշխատակազմը և այլն:

Լոռու մարզպետարանի աշխատակազմում, օրինակ, քվոտավորման ենթակա աշխատատեղերի թիվը 5-ն է, որը հունվարից սկսած լրացվել է 15-ով: Աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող նոր աշխատակիցներ չեն ընդունել, քանի որ վերջիններս իրենց չեն դիմել ու չեն մասնակցել հայտարարված մրցույթներին։

«Այնպես չի, որ դրանք գաղտնի են անցկացվում, դրա համար կա հստակ ժամանակացույց, քաղաքացիները, անկախ սեռից, կարգավիճակից, սահմանված կարգով մասնակցել են, բայց նրանց մեջ հաշմանդամություն ունեցող անձ չի եղել: Եթե վերջինս չի մասնակցում հայտարարված մրցույթին, մենք չենք կարող գնալ մարդուն ասել՝ արի՛ մասնակցիր, կամ չենք կարող, չէ՞, այդ պաշտոնը թափուր թողնել այնքան ժամանակ, մինչև նա գա»,- պարզաբանում է Սարգսյանը:

Անձնակազմի կառավարման բաժնից ևս հաստատեցին՝ 2015-2016 թթ․ հաշմանդամություն ունեցող ոչ մի անձ աշխատանքի համար չի դիմել:

Նախարարության տվյալներով՝ նախորդ տարի Լոռու մարզպետարանում աշխատատեղերի միջին թվաքանակը եղել է 166, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ՝ այս պահին 159-ն է:

Նարեկ Սարգսյանը, սակայն, օրենքը կիրառելու մեխանիզմը չի կարողանում հասկանալ․«Ես շատ անգամ եմ այս հարցը բարձրացրել: Եթե հաշմանդամություն ունեցող մարդը չի դիմում, ո՞ւմ ենք նախապատվությունը տալու: Լավ, եթե անգամ եկավ, ո՞նց է մտնելու շենք, բարձրանալու 2-3-րդ հարկ: Միակ ելքը վերելակների տեղադրումն է, որը, ըստ հաշվարկների, արժի 40-50 մլն դրամ, բայց այստեղ կան նաև ֆինանսական խնդիրներ: Նոր կառուցվող շինությունների նախագծման պլանում արդեն մտցվում են այդ հարմարությունները, բայց հին շենքերի դեպքում ո՞նց ենք անելու»:

Ի տարբերություն Լոռու մարզպետարանի, Արմավիրի մարզպետարանը պլանը գերակատարել է։ 2016 թ․հունիս ամսվա դրությամբ` հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվը մարզպետարանում 7-ն է, թեև քվոտավորման ենթակա աշխատողների թիվը 4-ն է։

Աշխատանքի ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց տվյալներ Արմավիրի մարզպետարանը և մյուս պետական կառույցները չունեն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության բաժնից տեղեկացանք, որ նախարարության կայքում հրապարակված վիճակագրական տվյալներն ստացել են` համադրելով նշված կազմակերպությունների հարկային հաշիվները հաշմանդամություն ունեցող անձանց բազայի հետ: Այդ է պատճառը, որ կազմակերպությունների ղեկավարները չեն տիրապետում այդ տեղեկատվությանը, տվյալներ հավաքելու մեխանիզմներին․նրանց անհատապես նման հարցում չի եղել:

«Մեր վերաբերմունքն օրենքի այս պահանջի նկատմամբ շատ նորմալ է, մենք հիմա էլ աշխատակցուհի ունենք ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառում բաժնից, ով մարզպետարանում է աշխատում 2001 թ-ից, բայց այս տարի ոտքը կոտրել է ու հիմա քայլակի միջոցով է տեղաշարժվում, բայց աշխատակիցների օգնությամբ կազմակերպում ենք նրա՝ աշխատանքի գալ-գնալը։ Մեկ այլ աշխատակից՝ քաղաքաշինության վարչությունից, 2007 թ.-ից մեզ մոտ է աշխատում, 2013-ին վիրահատվել է և խոսելու խնդիր ունի, ձայնալարերը վնասված են: Ատեստավորման չէր կարող մասնակցել, որովհետև բանավոր հաղորդակցվել չէր կարող: Երեք անգամ ատեստավորմանը չներկայանալն ազատելու հիմք է։ Երկու անգամ չներկայացավ, իսկ երրորդի ժամանակ մենք դիմեցինք խորհուրդ, որ այդ աշխատակիցը գրավոր պատասխանի հարցերին: Երբևէ այդ խնդրով պայմանավորված տվյալ աշխատողին ազատելու մասին ոչ մի խոսակցություն չի եղել, դեռ ավելին՝ մենք միջնորդեցինք, որ ատեստավորմանը գրավոր մասնակցեր»,- պատմում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Նաիրա Մարտիրոսյանը:

Նա մտաբերեց միայն մեկ աշխատակցի, ով մարզպետարանում աշխատանքի է ընդունվել հաշմանդամությամբ, այլ ոչ թե ձեռք է բերել աշխատելու ընթացքում (2003 թ.):

Քվոտավորման դրույթի ընդունումից հետո (2015 թ․հունվարի 1) հաշմանդամություն ունեցող ոչ մի նոր աշխատող չի ընդունվել մարզպետարան։ Մարտիրոսյանն ասում է՝ թափուր հաստիքներ քիչ են եղել, աշխատակազմը հիմնականում համալրված է եղել:

Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան 5-րդ հիմնական դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ, ասելով, որ առաջին անգամ է լսում նման դրույթի մասին, հետևում է կրթական բոլոր կայքերին, բայց ոչ մի տեղ այդ մասին չի կարդացել, առանձին հանձնարարական կամ նման բան չի եղել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակված վիճակագրական տվյալների hամաձայն՝ այս դպրոցում քվոտավորման ենթակա աշխատողների թիվը 4-ն է: Նույն աղբյուրի տվյալներով՝ հունիս ամսվա դրությամբ դպրոցն ունի հաշմանդամություն ունեցող 5 աշխատակից:

Իվանյանը փորձեց մտաբերել հաշմանդամություն ունեցող 5 աշխատակիցներին, ապա աշխատակիցներից ճշտեց՝ նրանցից ով ունի հիվանդության պատճառով ձեռք բերված հաշմանդամություն:

«Հավաքարարներից մեկը ոտքը կոտրեց ու հաշմանդամություն ձեռք բերեց: Աշխատողներն նույնիսկ գումարով օգնեցին, աշխատելու ընթացքում էլ մյուս հավաքարարներն էին օգնում նրան. 1-2 տարի աշխատեց ու մոտ 3 տարի առաջ անցավ թոշակի: Մի հավաքարար էլ հիմա ունենք, ոտքը կոտրեց ու նրա համար դժվար էր հավաքարարություն անել, տեղափոխեցինք խոհարարի օգնականի հաստիքին, որ աշխատանքից դուրս չմնա»,- նշում է դպրոցի տնօրենը:

Իվանյանի խոսքով՝ չեն եղել որևէ հաստիքի համար դիմողներ, որոնք ի սկզբանե հաշմանդամություն ունենան, այլ ոչ թե հաշմանդամություն ձեռք բերեն աշխատելու ընթացքում. «Եթե դիմողներ լինեին, ես նույնիսկ, խղճից ելնելով, նախապատվությունը նրանց կտայի, եթե կրթությամբ համապատասխանեին ու անհրաժեշտ հմտությունների տիրապետեին: Մենք ներառական կրթություն իրականացնող դպրոց ենք: Հետո, երբ Իսրայել գնացի ու տեսա, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանում են նորմալ աշխատել, եթե նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք և պայմաններ կան, իմ մեջ էլ շատ բաներ փոխվեցին»:

«… Չունենք այն օրենքը, որն ուզում էինք»

2012 թվականից «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրը։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աշխատանքի են տեղավորվել 741 հաշմանդամություն ունեցող անձինք, 240-ը անցել են աշխատանքային պրակտիկա։

 «Մենք դա (քվոտայի պահանջի ամրագրումը.- հեղ.) չենք ուզում մեզ վերագրել, բայց իրականում LIFE-ը մեծապես առաջ է տարել այդ գաղափարը։ Այն, որ կա քաղաքական կամք մեր պետության կողմից, որ մեր կառավարությունը դրական խտրականության քայլ է ձեռնարկել, ներմուծել է քվոտային համակարգ, արդեն կարևոր փոփոխություն է»,- ասում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության աշխատակից, LIFE ծրագրի համակարգող Գոհար Գալստյանը։

LIFE ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ: Ծրագրի գործընկերներն են` «Ակտիվա» միջազգային հիմնադրամը, «Ունիսոն» ՀԿ-ն, «ԷյջԴիՓի» հիմնադրամը և «Լիարժեք կյանք» ՀԿ-ն:

«Այդ օրենսդրական փոփոխությունը միայն LIFE ծրագրի հետ կապելը սխալ կլինի, բայց ծրագիրը որոշիչ դեր ունեցավ, որ քվոտայի մասին դրույթն ընդգրկվի «Զբաղվածության մասին» օրենքի մեջ։ Կարծում եմ՝ դա (քվոտայի պահանջի ամրագրումը,-հեղ.) հաջողության պատմությունների հիմք կդառնա, ոչ թե կբերի զբաղվածության խնդրի լուծման։ Բանակցությունների, փոխզիջումների հետևանքով մենք չունենք այն օրենքը, որն ուզում էինք` այդքան մեծ չէ քվոտայի տոկոսը։ Շատ հեշտ է լրացնել այդ քվոտան։ Շատերն արդեն լրացրել են և կարող են ոչ մի քայլ չանել։ Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, պետք է ավելի ակտիվ լինենք և փորձենք, չխախտելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, իմանալ՝ ի վերջո քանի՞ մարդ գործի անցավ, ի՞նչ հաշմանդամությամբ և արդյոք շարունակո՞ւմ է աշխատել, թե՞ ուղղակի տանը նստած ինչ-որ ցուցակ է ստորագրում։ Դրա համար կան վերստուգիչ մարմիններ, թող իրենց գործը կատարեն»,- նշում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Ալավերդյանի խոսքով՝ քվոտավորման դրույթն իր փոքր ներդրումը կատարեց․ «Պետական մարմինները սկսեցին ավելի լուրջ մտածել, գոնե հաշվել հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին, հասկացան, որ զգոն պետք է լինեն, որպեսզի խնդիրներ չունենան։ Քանի որ չափազանց մեղմ է քվոտայի պահանջը, պետք է հետևենք, որ գործընթացը չդառնա ձևական, վիճակագրական հաշվետվությունների համար հիմք, այլ լինի մարդկանց կյանքում փոփոխությունների պատճառ»։

Հիշեցնենք` քվոտավորման պահանջը համարվում է կատարված, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա աշխատատեղը զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից` առանց ամենամյա ծրագրով հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար նախատեսված աջակցության:

Անի Թովմասյան

Մարջան Չոբանյան

Աննա Կարապետյան

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.