accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Զահրա Նեմատի. Օլիմպիական ու պարալիմպիկ խաղերի խաչմերուկում

0

Ռիոյում անցկացվող օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությանթիմը մեծմասամբ կազմված էր տղամարդկանցից: Երկրի դրոշը, այնուամենայնիվ, Զահրա Նեմատիի ձեռքում էր: Սա այն դեպքում, երբ Իրանը իսլամական ավանդույթները խստորեն կրող երկրներից է, որտեղ կանանց արգելված է անգամ իբրև երկրպագու ներկա գտնվելու այն խաղերին, որոնք նախատեսված են միայն տղամարդկանց համար:

Կանաչ գլխաշորով ծածկված Զահրան տեղաշարժվում էր սայլակի օգնությամբ, բայց խոսքն ամենևին էլ պարալիմպիկ խաղերի բացման մասին չէ: Այն կանցկացվի սեպտեմբերին, որին մարզուհին կրկին հանդես կգա:

Զահրա Նեմատի

Զահրան նետաձիգ է: 2012-ին Լոնդոնի պարալիմպիկ խաղերում մեկ անհատական ոսկի և մեկ թիմային բրոնզ նվաճելուց հետո այս տարի մասնակցում է թե՛ օլիմպիական, թե՛ պարալիմպիկ առաջնությանը: 31-ամյա մարզիկը հաշմանդամություն է ձեռք բերել 2003-ին, ավտովթարի հետևանքով: Մինչ այդ զբաղվել է թեկվոնդոյով` հույս ունենալով հենց այդ մարզաձևով երբևէ ներկայացնել Իրանը օլիմպիական խաղերում: Սև գոտին մի կողմ դնելուց հետո նետաձգությունը նոր ճանապարհ է բացել Զահրայի համար: Մարզաձևի ընտրությունը պայմանավորված էր` «պարզապես ինչ-որ սպորտով զբաղվելու ցանկությամբ»:

Ոսկե մեդալի նվաճման հավակնոտ ճանապարհը Զահրան սկսել է օլիմպիական խաղերի բացման արարողության ազգերի քայլերթից առաջ, Սամբադրոմում նետաձիգների որակավորման փուլի ժամանակ. 72 նետ է արձակել` հավաքելով 609 միավոր, ինչից հետո գրավել է 49-րդ տեղը: Արդյունքներն օգտագործվում են մրցաշարի ժամանակ` հարթակներում մասնակիցների համար նախատեսված մեկնարկային քառակուսիները որոշելու համար:

Զահրա Նեմատի

- Ուզում եմ հասնել նպատակիս ու ամենաբարձր արդյունքը գրանցել, որպեսզի ուրախացնեմ ծնողներիս և մարդկանց, ովքեր շրջապատում են ինձ: Ուզում եմ նրանք իմանան, որ ես լավ եմ և ուժեղ,- նշել է Զահրան:

Վերջին տարիներին Զահրա Նեմատին լուրջ հաջողություններ է գրանցել` հայտնվելով աշխարհի առաջնությունների լավագույն տասնյակներում, իսկ անցյալ տարի Լեհաստանում անցկացվող առաջնությունում նա 9-րդն էր: 2012-ի օլիմպիական խաղերում Զահրան ոսկի է նվաճել` դառնալով առաջին կին մարզիկը Իրանից, ով նման հաջողություն է գրանցել:

- Թեկվոնդոյով օլիմպիական խաղերին մասնակցելն իմ երազանքն էր, որն իրականացավ նետաձգության միջոցով,- ասում է մարզուհին:

Նեմատին հուսով է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կհետևեն իր օրինակին: Սպորտի միջոցով կանանց ոգեշնչելու համար Զահրան ՄԱԿ-ի դեսպան է նշանակվել:

«Բազմաթիվ խնդիրների բախվող մարդկանց ոգեշնչելն ինձ համար մեծ ձեռքբերում է»,- ասել է մարզիկը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.