accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարջան Չոբանյան

Առաջին անգամ Սևանում` մանկատան չորս պատերից դուրս

0

«Ամենահուզիչը երեխաների ու Սևանի առաջին հանդիպումն էր: Աչքերը լայն բացած նայում էին, երբեք չէին տեսել լիճը»,- մանկատանն ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մասին պատմում է Մարինա Ադուլյանը: «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ այս տարի արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում երեխաների հանգիստը:

«Շատերը, օրինակ` սայլակով տեղաշարժվող երեխաները, հազվադեպ են դուրս գալիս, նույնիսկ՝ մանկատան բակ: Կարելի է մատների վրա հաշվել, թե քանի անգամ են մանկատնից դուրս եկել: Շենքում չկան վերելակ, թեքահարթակ, որպեսզի երեխաները կարողանան երկրորդ հարկից բակ իջնել,- պատմում է «Բարի մամա» ՀԿ նախագահ Մարինա Ադուլյանը: – Կան փոքրիկներ, ովքեր ժամանակի մեծ մասն անցկացնում են անկողնում և հազվադեպ են սենյակից դուրս գալիս»:

«Բարի ամառ» նախագծի նպատակը մանկատան երեխաներին իրենց չորս պատերից հանելն է, երեխաներին ջերմություն և ուրախություն պարգևելը: Նախագծի առաջին փուլը հուլիսի սկզբին էր, որի ընթացքում Խարբերդի մանկատանը կից` նորաբաց «Հույսի շողեր» կենտրոն հաճախող հաշմանդամություն ունեցող 35 երեխաներին իրենց ծնողների հետ հյուրընկալեց Աղվերանի «Ալպիական մանուշակ» հանգստի տունը:

«Ամեն օր երեխաների և ծնողների հետ աշխատում էին համապատասխան մասնագետներ, իսկ ռիսկային խմբի ծնողների հետ աշխատելիս շեշտը դրվում էր երեխաներին մանկատուն չհանձնելու, լքման պրոցեսը կանխելու վրա: Արդյունքում` 4 երեխա չհասան մանկատուն, ընդգրկվեցին «Բարի մամայի» հովանու ներքո գտնվող ընտանիքների ցուցակում»,- ներկայացնում է Ադուլյանը:

Երկրորդ փուլն իրականացվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան հաշմանդամություն ունեցող սաների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 25 երեխաների համար՝ Սևանի ափին գտնվող «Հայկական ճամբարում»: Ըստ «Հայկական ճամբար» ՀԿ ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանի՝ սակավաթիվ ճամբարներ կան, որոնք բաց են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

«Ամռան ամիսներին նրանց հանգիստը կարողանում են կազմակերպել «Արաբկիր» բժշկական կենտրոնի Ապարանի բազան, «Լիարժեք կյանք» ՀԿ ամառային ճամբարն ու «Հայկական ճամբարը», մյուսների դեպքում երեխաները շատ հաճախ դուրս են մնում այդ գործընթացից: Բայց այս կազմակերպությունները կայուն ֆինանսավորում չունենալու պատճառով, լավագույն դեպքում, կարողանում են ապահովել շուրջ 300 երեխայի հանգիստ: Այսինքն՝ նրանց շատ փոքր տոկոսն է հանգստանալու հնարավորություն ունենում, իսկ պետական հոգածությունը ցածր մակարդակի վրա է»,- ասում է նա:

Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել անհատների, կազմակերպությունների և «Երևան մոլի» աջակցությամբ:

Հաշվի առնելով, որ «Հայկական ճամբարի» աշխատակիցներն ունեն հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու բազմամյա փորձ և կարող են երեխաների լիարժեք հանգստի համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, առաջարկել են «Բարի ամառ» ծրագրում ներգրավել հատկապես այն երեխաներին, ովքեր երբևէ մանկատնից դուրս հանգստյան վայրերում չեն եղել:

«Այստեղ ամեն ինչ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, այսինքն՝ սայլակով տեղաշարժվող երեխաները բոլորի պես սեղանի թենիս, բոչիա են խաղում, պարում ենք միասին,- պատմում է «Բարի մամայի» նախագահը: – Առաջին օրը սայլակով տեղաշարժվող մի տղա ասում էր, թե ոչ մեկին պետք չի, ոչ ոքի հետ չէր խոսում: Բացատրում էինք, որ կարող է ծրագրավորող դառնալ, պետք է սովորի, ընտանիք ստեղծի: Հետո ոչ միայն ծիծաղում ու կատակում էր, այլ նաև իր մեջ կլանել էր մեր ասածը: Շատ էր ոգևորվել»:

Խմբի հետ գտնվող Աննան (անունը փոխված է) հոկտեմբերին կդառնա 18 տարեկան, ինչից հետո պիտի դուրս գա մանկատնից և ապրի հորաքրոջ հետ: Մարինա Ադուլյանն ասում է՝ նրան պիտի վիրահատեին, նույնիսկ համերգ էր կազմակերպվել, որի հասույթն ուղղվելու էր այդ նպատակին, բայց առ այսօր, ինչ-ինչ պատճառներով, այդ գումարը նպատակին չի ծառայել, ինչն իր հետքն է թողել աղջկա հոգում:

Արշավ

«Փակվել էր իր մեջ, առաջին օրը գրեթե չէր խոսում, անընդհատ նեղված էր: Վերջում ոչ միայն մեզ հետ նստած զրուցում էր, այլև գալիս գրկում, համբուրում էր մեզ: Սկսեց պատմել իր նպատակների ու երազանքների մասին: Երազում է վարսավիր դառնալու և հեռախոս ունենալու մասին: Համոզված եմ` մենք նրա կյանքում, այս մի քանի օրում, շատ բան փոխեցինք»:

25 հոգուց բաղկացած խմբի հետ ցերեկները տարբեր տեխնիկաներով աշխատում էին հոգեբանները, ապահովում արտթերապիայի սեանսներ, իսկ երեկոյան կա՛մ սպորտով էին զբաղվում, կա՛մ քննարկումների մասնակցում: Այս ընթացքում նրանց համար նավարկություն է կազմակերպվել: Կազմակերպիչը թեև նշում է, որ սայլակով տեղաշարժվող երեխաների համար դժվար էր առագաստանավ նստելը, սակայն «Հայկական ճամբարի» աշխատակիցների ու կամավորների շնորհիվ դա ևս հաղթահարվել է: Խումբը բարձրացել է նաև հարևանությամբ գտնվող «Կիլիկիա» նավը:

Տապան

Թե որքանո՞վ է պաշտպանվում մանկատներում ապրող երեխաների հանգստի իրավունքը, Մարինա Ադուլյանը դժվարանում է պատասխանել, բայց մանկատան սաներին դուրս հանելու, նրանց առօրյան հագեցած դարձնելու համար իրենք շաբաթական մի քանի անգամ, մի խումբ երեխաների համար այցեր են կազմակերպում, տանում համերգ, թատրոն, «Երևան մոլի» «Բարի տնակ» ու «Նավապետ Քիդի գանձերի կղզի»:

Երեխաների հանգստի իրավունքի իրացման հարցում նա չի փորձում պատասխանատուներ փնտրել, առանձին օրինակներով ներկայացնել՝ յուրաքանչյուրը որքա՞ն ժամանակ է անցկացնում մանկատան ներսում, փոխարենը նշում է՝ այս հարցի լուծումը համարում է իրենց կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.