accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

ԱՄՆ կառավարությունը մտածում է ներառման, բայց ոչ մատչելիության մասին

0

Սեպտեմբերի 1-ին Դավիթաշեն վարչական շրջանում գործող N59 մանկապարտեզը սաներին դիմավորեց վերանորոգված խմբասենյակներով և սանհանգույցներով։

Աշխատանքների ավարտը նշանավորող միջոցառման ժամանակ կարմիր ժապավենը կտրեցին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։

«Այս մանկապարտեզը հիմա նույնքան գեղեցիկ է, որքան ցանկացած մանկապարտեզ, որ տեսել եմ ԱՄՆ-ում։ Շատ ուրախ եմ նման համագործակցության համար ոչ միայն որպես դիվանագետ, այլև որպես մարդ, որպես հայր։ Սա հնարավոր ամենալավ ներդրումն է երեխաների համար, այս երկրի ապագայի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանսուրը։

ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը մանկապարտեզում վերանորոգման աշխատանքների իրականացման համար տրամադրել է 285 հազար դոլար։

Մանկապարտեզի տնօրեն Անուշ Գևորգյանի փոխանցմամբ՝ հատկացված գումարով վերանորոգվել է հինգ խմբասենյակ, իսկ գույքը տրամադրել է Երևանի քաղաքապետարանը։

Ներկա պահին Դավիթաշենի N 59 մանկապարտեզ է հաճախում 330 երեխա։ Տնօրենի խոսքով՝ հոկտեմբերին ևս մեկ խումբ կբացվի, երեխաների թիվը կավելանա։

Հարցին, թե արդյոք մանկապարտեզ հաճախո՞ւմ են ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ, տիկին Գևորգյանը պատասխանեց․ «Մեր մանկապարտեզում նման խնդիրներով երեխաներ չկան»։

Մանկապարտեզի-մուտք

Disabilityinfo.am-ը շրջեց մանկապարտեզի տարածքով՝ տեսնելու համար, թե որքանով են վերանորոգված խմբասենյակները մատչելի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Հինգ խմբասենյակները գտնվում են եռահարկ մանկապարտեզի տարբեր հարկերում։ Վերին հարկերի սենյակներն անմատչելի են շենքի հին լինելու և աստիճանների առկայության պատճառով։ Պատկերը նույնն է նաև առաջին հարկում գտնվող վերանորոգված խմբասենյակի պարագայում։ Սենյակ հասնելու համար պետք է հաղթահարել այգու և մուտքի աստիճանները, այնուհետև մի քանի բազրիքներ։

Վերանորոգված խմբասենյակներում հանդիպում են ինչպես նեղ, այնպես էլ լայն դռներ։ Սանհանգույցների դռները լայն են, լվացարաններն ու զուգարանակոնքերը՝ ցածր, սակայն բռնակները բացակայում են։

«Հուսով եմ, որ մատչելի է։ Չգիտեմ ստույգ մանրամասներ, բայց գիտեմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը միշտ մտածում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների, այլև առհասարակ ներառման մասին։ Ես կճշտեմ դա»,- մանկապարտեզի ֆիզիկական մատչելիության մասին մեր հարցին ի պատասխան նշեց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը։

«Երևանի թիվ 59 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վերանորոգումն իրականացվել է ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների գործընկերության շրջանակում՝ ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով։ Շինարարական աշխատանքներն ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վերահսկողության ներքո իրականացրել է ՍԵՍԿՈ ընկերությունը։

2009 թ.-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում իրականացվել են 26 վերանորոգման ծրագրեր՝ ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.