accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մարիամ Եղիազարյան

Հաշմանդամության շարժումը. Բրիտանիա

0

Հեղափոխության ճանապարհով մարդիկ փորձել ու փորձում են նվաճել այն, ինչն ի սկզբանե իրենցն է: Հաշմանդամության շարժումը, որն առավել ակտիվ սկսեց ծավալվել անցյալ դարի 60-ական թվականներին, բացառություն չէ: Հաշմանդամության շարժման կարևոր ձեռքբերումներից մեկը սոցիալական մոդելի ստեղծումն է, գիտակցությունը, որ հաշմանդամությունը ոչ թե անհատական, այլ հասարակական հիմնահարց է:

Բրիտանական ճանապարհի առաջնային խնդիրը հաշմանդամության բազմակողմանի սահմանում գտնելն ու սոցիալական մոդելի հաստատումն էր, ապա` անհամաձայնությունը «հատուկ կարիքներով անձ» եզրույթի հետ: «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների բրիտանական դաշինքը» այս արտահայտության մասին խոսելիս բերում է տեսողության խնդիրներ չունեցող, բայց մթության մեջ դժվար կողմնորոշվող մարդկանց օրինակը: Եթե այն որակվեր որպես հատուկ կարիք, բոլորը, հավանաբար, ստիպված կլինեին հանքափորների պես լամպերով գլխարկ դնել: Բայց չեն դնում: Փոխարենը` փողոցներում նշանններ կան, լուսակիր, շենքերն ապահովված են էլեկտրականությամբ:

Մինչ լուծումներ գտնելը կարևոր է խնդրի դիտարկման տեսանկյունը: Այն ամենը, ինչ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, հարմար է բոլորին:

Նստացույց,-հաշմանդամություն

Ժամանակագրություն

1960-ականներին սկիզբ առած շարժմանը նախորդող կարևոր շրջաններն էին եկեղեցական-ինստիտուցիոնալ միջնադարյան շրջանը, որը հայտնի էր բարեգործական, կրոնական և բժշկական կենտրոններով, 18-րդ դարի արդյունաբերական հեղափոխությունը, որի ժամանակ հաշմանդամություն ունեցող անձինք նախ դուրս մնացին աշխատաշուկայից, ապա սկսեցին աշխատել առանձին, հատուկ պայմաններում, և համաշխարհային պատերազմները, որոնց ընթացքում շատ զինվորներ հաշմանդամություն ձեռք բերեցին, իսկ վերադարձից հետո միացան նոր-նոր սկիզբ առնող շարժմանը:

Հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք հիմնականում ոգեշնչված էին ստրուկտուրալիստական և մարքսիստական սոցիոլոգիայի գաղափարներով, սկսեցին մշակել հաշմանդամության սոցիալ-քաղաքական մոդելի տեսլականը:

1965-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց առաջին հանրային ցույցը: Այս շրջանում մարդիկ սկսեցին իրենց իրավունքների համար փողոց դուրս գալ:

Հաշմանդամություն,-բողոքի-ակցիա

1970-ականներին սկսեցին ձևավորվել հաշմանդամության սոցիալական մոդելն ու ապաինստիտուցիոնալացման արշավը: 1974-ին «Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք ընդդեմ խտրականության» միավորումը տեղեկատվական քարոզարշավ սկսեց, որն ուղղված էր հասարակական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը: Միավորումը հեղինակեց «Հաշմանդամության հիմնարար սկզբունքները» զեկույցը, որում ներկայացրեց այն արժեքները, որոնք այսօր հայտնի են որպես սոցիալական մոդել: Զեկույցի հեղինակները սահմանեցին վնասվածքի և հաշմանդամության տարբերությունը:

«Վնասվածքը մարմնի որևէ հատվածի, օրգանի բացակայությունը կամ մասնակի աշխատունակությունն է: Հաշմանդամությունը կարգավիճակ է, որը ստեղծվում է հասարակության կողմից` վնասվածք ունեցող մարդկանց հասարակական գործընթացներից դուրս թողնելու հետևանքով»:

1980-ին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող բրիտանական կազմակերպությունները համընդհանուր դաշինք կազմեցին: Կեցության ներառական կենտրոնները գնալով շատացան Միացյալ Թագավորությունում:
1981-ը հռչակվեց հաշմանդամության միջազգային տարի, քանի որ հենց այս ժամանակ սկսեցին գումարվել հաշմանդամության առաջին միջազգային կոնֆերանսները, որոնց մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերում գործող կառույցները։

Շարժումները մշտապես ուղեկցվել են այս վանկարկումներով

Շարժումները մշտապես ուղեկցվել են այս վանկարկումներով

1990-ականներին հիմնական նպատակ դարձավ խտրականության դեմ օրենքի հաստատումը, որն ընդունվեց 1995-ին: Մյուս կողմից այս շրջանում շարժմանը միացան սևերի և ԼԳԲՏ անձանց շարժումները:

20-րդ դարի վերջին շրջանում շարժման ակտիվիստները սկսեցին պայքարել մատչելի տրանսպորտի, հանրային ու հասարակական տարածքների, անկախ ապրելու իրավունքի համար: Նրանք նաև ակտիվ պայքարում էին հեռուստամարաթոնների դեմ, որոնք դրամահավաքի տեսքով շարունակում էին բարեգործական մոդելը:
2000-ականներին Բրիտանիայում ստեղծվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովը:

2007-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ստորագրումից հետո Բրիտանիայի կառավարությունը միայն խոստացավ վերանայել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալական օգնության չափը, իսկ կոնվենցիային միացավ 2010-ին:

Մեկ տարի անց Միացյալ Թագավորությունում սկսվեցին հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կրճատումները, ինչը նոր ցույցեր հավաքեց: Նույն տարվա մայիսին հաշմանդամություն ունեցող 8000 անձ երթով շարժվեց դեպի խորհրդարան: Այս թիվն ավելի աճեց ամբողջ տարվա ընթացքում: Դրանից հետո շարժման պահանջները սկսեցին կրել առավել սոցիալ-հասարակական բնույթ:

Բողոքի-ակցիա
ԱՄՆ-ի ճանապարհով

Միացյալ Թագավորության համար շարժման օրինակ էին ԱՄՆ-ը և եվրոպական երկրները: Կալիֆորնիայում Բերկլիի համալսարանի ուսանողները ցույցեր սկսեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար դեռևս 1970-ին: Նրանք նաև պրակտիկ գործողությունների դիմեցին, ինչպես, օրինակ` սեփական թեքահարթակները կառուցելը: Վիետնամական պատերազմից վերադարձած զինվորները միացան ցուցարարներին ու սկսեցին ճնշել իշխանությանը: 1990-ին ԱՄՆ-ը ընդունեց խտրականության դեմ օրենք: Որոշ բրիտանացի ակտիվիստների կարծիքով` այն առավել կիրառելի և ամբողջական է, քան իրենց երկրինը:

Օրենսդրություն և իրավունք

Դեռևս 1351-ին ընդունվեց աշխատունակ մարդկանց դրամական օգնությունն արգելող օրենքը, որը, սակայն, չէր վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց: Հասարակության մտքով չէր էլ անցնում, որ նրանք ևս կարող են աշխատել: Սա առաջին դեպքն էր, երբ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խտրականությունը հաստատվում և խրախուսվում էր օրենքով:

1601-ին այս դրույթը թարմացվեց Եղիսաբեթյան օրենքով, որը հաշմանդամությունը սահմանեց անհատի խնդիր, որը պետությունը, եկեղեցին և բարերարները պարտավորվում են հանդուրժել և կառավարել:

Անաշխատունակությունը ստուգող թեստերն այսօր էլ հաշվի չեն առնում խոչընդոտները, որոնց ամեն պահի բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք: Հաճախ ոչ թե անմատչելիությունն է «մեղավոր», այլ մարդը, ով ունի հաշմանդամություն: Այսպես, օրինակ` անձը, ով պարբերաբար հոգեկան տագնապներ է ունենում, կարող է աշխատանք ձեռք բերել, իսկ սայլակով տեղաշարժվողը` ոչ: Ի դեպ, ի տարբերություն երկրորդի` առաջինի դեպքում անձը չի ստանա սոցիալական նպաստ: Սոցիալական նպաստը բարեգործական մոդելի ժամանակակից շարունակությունն է. գումար՝ խնդրի լուծման փոխարեն:

Օրենսդրական կարևոր ձեռքբերումներ էին 1995-ի խտրականության դեմ օրենքի ընդունումն ու ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրումը: Ի դեպ, առաջին օրենքը հաշմանդամությունը սահմանել և դիտարկել է բժշկական տեսանկյունից, ինչը ստիպում է մի շարք ակտիվիստների պնդել, որ օրենքը ամբողջական և արդյունավետ չէ:

Շղթայված բողոքի ակցիա

Միջազգային կառույցների դերը

Հատկապես կարևոր են Եվրամիությունն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): Թեև Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ չէ, հաստատված օրենքներից շատերի աղբյուրը Բրյուսելն է, իսկ ՄԻԵԴ-ը խտրականության դեմ իրավական ճանապարհով պայքարելու արդյունավետ միջոց է:

Այսօր

Հավասարություն և սոցիալական մոդելի ամբողջական հաստատում այսօր էլ չկա, թեև եկեղեցական ու բժշկական մոդելները զիջել են իրենց դիրքերը: Մուրացկանությամբ զբաղվող հաշմանդամություն ունեցող մարդիկ այժմ գուցե ավելի քիչ են փողոցներում, քան առաջ, և, գուցե, եկեղեցին պակաս դեր է խաղում, սակայն փոխվել է ոչ թե գաղափարը, այլ` բնույթը: Անկարողության ու կողմնակի օգնության անհրաժեշտության գիտակցությունը խորացնող դրամահավաքներն այսօր էլ արդիական են: Այժմ էլ քիչ չեն դեպքերը, երբ հաշմանդամության հետ չի համակերպվում հենց հաշմանդամություն ունեցող անձը, իսկ դրամահավաքները խարխլում են շարժումների կարևոր ձեռքբերումներից մեկը, համաձայն որի ոչ թե անձն է փոփոխման ենթակա, այլ միջավայրը:

Բրիտանացի ակտիվիստները վստահ են, որ կողմնակի ավելորդ աջակցությունը հանգեցնում է կախվածության, ինչը հանգեցնում է ընտրությունը, սեփական որոշումներ կայացնելու ազատությունը հաշմանդամություն չունեցող անձանց զիջելուն:

Այսօր բրիտանական բարեգործական միությունները առանձնացված են ըստ հաշմանդամության տեսակների: Օրինակ` էպիլեպսիա ունեցող մարդուն այլ կազմակերպություն է օգնում, շաքարային դիաբետ ունեցող անձին` այլ: Հաճախ բարեգործական կազմակերպությունները կրթական ծրագրեր են իրականացնում, որոնք, սակայն, հիմնականում նախատեսված են միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար և չեն խթանում ներառման գործընթացը:

Աստիճանաբար նոր թափ են ստանում կրթական ու տեղեկատվական շարժումները, որոնցից շատերը ղեկավարում են հենց հաշմանդամություն ունեցող անձինք` «Ոչինչ մեզ համար առանց մեզ», «Բարձրաձայնելով մեզ համար/ Մենք մեզ համար» սկզբունքներով:

Հաջողված պատմության մասին խոսում են շարժման մասնակիցները։ Տեսանյութն անգլերեն է և ունի ենթագրեր։ 

Լուսանկարները՝ Scope.org.uk-ի

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.